Պարգևատրվեցին գիտնականներն ու լրագրողները, մրցանակակիր է նաև Անկախի լրագրողը
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 11, 2012 15:13
Այսօր 95 երիտասարդ գիտնականներ և 11 լրագրողներ պարգևների արժանացան. տեղի ունեցավ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության հայտարարած գիտական լրագրության և միջազգային գիտական հանդեսներում առավելագույն հղում ունեցող երիտասարդ գիտնականների մրցույթների հաղթողների մրցանակաբաշխությունը:
Մրցանակակիր լրագրողներից է նաև «Անկախ» շաբաթաթերթի և www.ankakh.com կայքի լրագրող Հայկուհի Բարսեղյանը:
Մրցույթի հովանավորն է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, որը գիտական լրագրության մրցույթի համար հատկացրել էր 3, իսկ երիտասարդ գիտնականների մրցույթի համար` 14 մլն դրամ:
Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանն ասում է, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը հատուկ ուշադրություն է դարձնում կրթության և գիտության ոլորտին: « Հնարավորինս պետք է աջակցել մտավոր ներուժի ակտիվացմանը և ամեն ինչ անել, որ ՀՀ-ն չդառնա մտավոր ներուժ արտահանող երկիր,- ասում է Ճաղարյանը:- Մեր հնարավորությունների սահմաններում կարողանում ենք որոշակի աջակցություն ցուցաբերել մեր գիտնականներին և ինչու չէ աջակցել պետությանը այն թիրախային խմբերի առումով, որտեղ դեռևս հնարավորությունները բավարար չեն»: Ճաղարյանը նշեց, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և ՊԳՖԱ-ի համագործակցությունը շարունակական կլինի, ծրագրերի մասին էլ առաջիկայում կբարձրաձայնվի:
ՊԳՖԱ ներկայացուցիչներից Խաչիկ Գևորգյանն ասում է, որ շարունակելու են ակտիվ գործունեությունը, քանի որ հիմնական նպատակն է հասնել գիտության ֆինանսավորման ավելացման ՀՆԱ 1 տոկոսի չափով` ներկայիս 0,24-ի փոխարեն: Գևորգյանը նաև նշեց, որ միջազգային պրակտիկայում ընդունված է, որ գիտությանը հատկացվող ֆինանսավորման 30-40 տոկոսը հատկացնում է պետությունը, մնացածը մասնավոր հատվածը:
ՊԳՖԱ-ն ձևավորվել է 2011-ի ապրիլին: Մեկ տարվա ընթացքում հանդիպումներ են եղել թե պետական այրերի, թե մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, կազմակերպվել են մրցանակաբաշխություններ, «որոնց արդյունքում էլ, Գևորգյանի խոսքով, ձևավորվում է հասարակական գիտակցությունը գիտնական կոչվելու չափանիշների մասին:
ՊԳՖԱ ներկայացուցիչ, ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանն էլ հիշեցրեց, որ գիտությունը Հայաստանում վերացման եզրին է. «Բոլորս գիտենք, թե այսօր ինչ ծանր վիճակում է գտնվում գիտությունն Հայաստանում, գիտենք, որ ԽՄ տարիների 27 հազար գիտնականներից այսօր պահպանվել է 4500-ը, կա ծերացման խնդիր, արտահոսք, և բոլորիս պարտքն է աջակցել կանգնեցնել այս պրոցեսը, քանի որ այս տեմպերով 5-7 տարի անց կորցնելու ենք գիտությունը»:
Իշխանյանը նշեց, որ «Տաշիր» հիմնադրամի քայլը կարող է օրինակ դառնալ մյուսների համար:






Facebook
Tweet This
Email This Post
