ԿԳ նախարար. «Տնտեսական ճգնաժամի պատճառով կտրուկ կարող է աճել դպրոց չհաճախող երեխաների թիվը»

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | October 22, 2009 15:00

«Ցանկացած կրթական բարեփոխում արդյունավետ է, եթե հասարակության կարծիքը և արձագանքը դրա մասին դրական է. ուստի կատարվող բարեփոխումները հանրությանը ներկայացնելու և նրան լսելու խնդիր կա»,- ասաց այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը «Կրթության որակ և համապատասխանություն» խորագրով համաժողովի ժամանակ:

2009-ի նոյեմբերին կավարտվի «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի 1-ին փուլը:

ՀԲ-ի վարկավորմամբ 10-ամյա ծրագիրը մեկնարկել է 2004-ին: 1-ին փուլի համար հատկացվել է 19 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես նշեց Կրթական ծրագրերի կենտրոնի տնօրեն Կարինե Հարությունյանը, ծրագրի նպատակն է եղել բարձրացնել հանրակրթության որակը և այն համապատասխանեցնել գիտելիքահեն տնտեսության պահանջներին: «5 տարվա ընթացքում ստեղծվել է 12-ամյա կրթական համակարգի բովանդակային համալիր, դպրոցներում ներդրվել են տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ, կատարվել է ուսուցիչների մասնագիտական վերապատրաստում»,-ասում է Հարությունյանը:

Ծրագրի շրջանակներում հանրապետության 1153 դպրոցներ ունեն համակարգչային կենտրոն` համալրված 6041 համակարգիչներով, ևս 650 դպրոց ունի մշտական ինտերնետ կապ: Մշակվել են 12-ամյա կրթակարգին համապատասխան կրթական չափորոշիչներ, և այդ ուղղությամբ վերապատրաստվել է մոտ 55 500 ուսուցիչ, եղել են նաև վերապատրաստումներ այլ ոլորտներում:

Ծրագրի 2-րդ փուլը կմեկնարկի 2009-ի դեկտեմբերից և կգործի մինչև 2014 թվականը: 2-րդ փուլի ընթացքում, ինչպես նշեց ՀԲ Երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը, ՀԲ-ն նախատեսում է ընդլայնել համագործակցությունը` ներառելով նաև նախադպրոցական և բարձրագույն կրթության ոլորտները: Ծրագրի 2-րդ փուլի արժեքը 31 մլն դոլար է, որից 25 մլն-ը ՀԲ տրամադրած վարկն է, 6,26 մլն-ն` ՀՀ պետական բյուջեի միջոցներից:

Աշոտյանը նշում է, որ Հայաստանում կրթությունը կապված է որոշակի ֆինանսական ծախսերի հետ, և այժմ տնտեսական ճգնաժամի պատճառով առաջացած ֆինանսական խնդիրները հարցականի տակ են դնում կրթության հավասար հնարավորությունները` հատկապես սոցիալապես անապահով խավերի ներկայացուցիչների համար: ԿԳ նախարարի խոսքով` ճգնաժամը կարող է ազդել ոչ միայն բարձրագույն կրթության, այլև հանրակրթության ոլորտի վրա. «Տնտեսական ճգնաժամի պատճառով կտրուկ կարող է աճել դպրոց չհաճախող երեխաների թիվը»: Աշոտյանն ասում է, որ եթե ներկայումս երեխաները չունենա կրթության հավասար հնարավորություններ, ապագայում մեծ կլինի բևեռացված հասարակություն ունենալու վտանգը:

Տնտեսական ճգնաժամի պատճառով, ըստ Աշոտյանի, միջազգային ասպարեզում կարող է նվազել նաև Հայաստանի մրցունակությունը գիտելիքային ոլորտներում: Նրա խոսքով` վտանգ կա, որ Հայաստանը կարող է նաև կորցնել տարածաշրջանի կրթական կենտրոն դառնալու հնարավորությունը. ներկայումս տարածաշրջանում Հայաստանը առաջատար է ամեն 1000 ուսանողի հաշվով արտերկրացի ուսանողների թվով:

Աշոտյանն ասում է, որ նման հեռանկարից խուսափելու համար կրթության ոլորտ պետք է ներգրավել նաև մասնավոր կապիտալ, օրինակ, հասնել նրան, որ մեծահարուստները ռազմավարական ներդրումներ կատարեն կրթության ոլորտում:

Աշոտյանի խոսքով` պետք է փոփոխվի նաև բուհերի ֆինասավորման եղանակը` ներկայիս ուղղակի պետական ֆինանսավորմանը զուգահեռ պետք է ստեղծվեն հատուկ ֆոնդեր, որոնք ստանալու համար էլ կմրցեն բուհերը:

Կրթության ոլորտի հիմնական խնդիրներից մեկն էլ, ըստ Աշոտյանի, գաղափարական դերակատարությունն է. «Ժամանակակից հասարակությունները կառավարելի են այնքանով, որքանով դրա անդամների միջև մեծ են արժեքային ընդհանրությունները»:

ԿԳ նախարարի խոսքով` այսօր  կարևոր է  կրթական համակարգում ճիշտ մոտիվացիա ստեղծելը, որպեսզի աշակերտը և ուսանողը ձգտեն սովորել, իսկ ուսուցիչն ու դասախոսն էլ շահագրգռված լինեն գիտելիք հաղորդելուն: «Սրան կարելի է հասնել, եթե գիտելիքը ծնի բարեկեցություն»,- ասում է Աշոտյանը:

Դիտվել է 1643 անգամ:
Print Friendly

Leave a Reply