Խոշոր ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա զոհ և վիրավորներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 9, 2012 18:12

Այսօր՝ հունիսի 9-ին, ժամը 13.30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 38.5 կմ հատվածում՝ «Արջի թաթ» ռեստորանային համալիրի դիմաց իրար են բախվել «Մերսեդես Բենց» մակնիշի 27 ՍՍ 656 համարանիշի և «Մազդա Միլենա» մակնիշի 31 ՕՏ 103 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի արդյունքում մարմնական վնասվածքներով 4 հոգի տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Հիվանդանոցում մահացել է «Մազդայի» վարորդ Արագածոտնի մարզի Շամիրամ բնակիչ 24-ամյա Սուրիկ Ամարյանը, իսկ վիրավորներն են նույն գյուղի բնակիչ 48-ամյա Նազիկ Ամարյանը, 2-ամյա Ալինա Ամարյանը և «Մերսեդեսի» վարորդ՝ Աշտարակ քաղաքի բնակիչ 30-ամյա Արկադի Գրիգորյանը:

Այս պահին դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի մեծ թվով աշխատակիցներ՝ հրամանատար Նիկողայոս Եղիազարյանի և հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ: Արդեն դեպքի վայր է ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը:

Տեղում են նաև Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ Ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Արթուր Արիստակեսյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում են Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի քննչական վարչության Աշտարակի քննչական բաժանմունքի քննիչները:

Այս պահին քարշակի օգնությամբ մեքենաները դուրս են բերվում ճանապարհից, որպեսզի չխոչնդոտեն երթևեկությանը:

Վթարից հետո «Մազդան» բախվել է «ԶԻԼ» մակնիշի 13 ՕԼ 116 համարանիշի ավտոմեքենային:

Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի, Ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցներն ու քաղաքացիները:
Դեպքից մոտ մեկուկես ժամ անց դեռևս դեպքի վայր չեն ժամանել ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:

Դիտվել է 1615 անգամ:
Print Friendly

Leave a Reply