Փոխվարչապետն ու Կոտայքի մարզպետն այցելել են մի շարք համայնքներ

Պաշտոնական, Օրվա լուր | | June 9, 2012 17:30

ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն այսօր այցելել է Կոտայքի մարզ, եղել մի շարք համայնքների կրթական հաստատություններում, որոնք վերանորոգվում են մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, մարզպետ Կ. Շահգալդյանի ուղեկցությամբ Ա. Գևորգյանն այցելել է Բջնի, Արգել, Նոր Գեղի, Զորավան, Արագյուղ համայնքների դպրոցներ, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին:

Ըստ աղբյուրի, Արգելի, Նոր Գեղիի և Զորավանի դպրոցներում վերանորոգման աշխատանքներ են կատարվում ծրագրի երկրորդ փուլով, նորոգումը շարունակելու համար գումարներ են հատկացվել նաև երրորդ փուլով: Ծրագրի երկու փուլերով ընդհանուր առմամբ Արգելի, Նոր Գեղիի և Զորավանի դպրոցներին հատկացվել է համապատասխանաբար 75, 70 և 65 մլն դրամ: Բջնիի և Արագյուղի դպրցների վերակառուցումը կիրականացվի ծրագրի երրորդ փուլով, այդ նպատակով հատկացված է համապատասխանաբար 30 և 35 մլն դրամ:

Արգել համայնքում Ա. Գևորգյանն այցելել է նաև վերանորոգված և կահավորված մշակույթի տուն, ծանոթացել շենքային պայմաններին: Համայնքի ղեկավարը հյուրերին առաջարկություն է ներկայացրել գյուղում նաև արվեստի դպրոց կառուցելու մասին` ծանոթացնելով շենքային լուծումների վերաբերյալ մոտեցումներին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հարցը լրացուցիչ կքննարկվի:

ՀՀ կառավարության 2012թ. մայիսի 24 -ի որոշմամբ ՀՀ մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլով Կոտայքի մարզին հատկացվել է 1,3 մլրդ դրամ: Միջոցները հիմնականում կուղղվեն կրթական հաստատությունների, բազմաբնակարան շենքերի տանիքների, միջհամայնքային ճանապարհների վերանորոգմանը, խմելու և ոռոգման ջրագծերի վերակառուցմանը:

Դիտվել է 1367 անգամ:
Print Friendly

Leave a Reply