«Այս մենահամերգը նման էր արծվի թռիչքի»

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 9, 2012 17:11

Հունիսի 8-ին Նարեկացի արվեստի միությունում կայացավ քանոնի մենահամերգ` Աննա Մանասերյանի կատարմամբ:

Ծրագրում հնչեցին  հոգևոր, միջնադարյան, ժողովրդական, հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ: Մասնակցեցին Աննա Բաբայանը /քանոն/, Աստղիկ Սնեցունցը /քանոն/, Ամալյա Ահարոնյանը  /քանոն/, <<Նարեկացի>>  Ժողովրդական նվագարանների համույթը, նվագակցեց Հռիփսիմե Արիստակեսյանը /դաշնամուր/:

Աննան սովորում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում` քանոնի բաժնում: Նա արդեն տասը տարի է՝ նվագում է քանոն, չորս տարի է՝ հաճախում է ՆԱՄ ժողնվագարանների համույթ: Նրա խոսքերով ինքը նաեւ ՆԱՄ-ի շնորհիվ է  հասկացել. քանոնն այն գործիքն է, որին պետք է իր կյանքը նվիրի:

Աննան, սակայն, որոշակի տատանումներ է ունեցել. <<Երբ ավարտեցի երաժշտական դպրոցը, կողքից շատ էին ասում, որ քանոնը հեռանկար չունի, ու ես էլ մի տեսակ մտափոխվել էի, ուզում էի լեզուների ուղղությամբ շարունակել, բայց երաժշտական դպրոցն  ավարտելուց հետո Նարեկացի ժողնվագարանների համույթի գեղարվեստական  ղեկավար Հովիկ Սահակյանն ասաց, որ կարող եմ գալ ՆԱՄ, ու այդպես ՆԱՄ-ը դարձավ իմ երկրորդ տունը>>,-պատմում է Աննան:

Աննայի խոսքերով ինքը մենահամերգին գրեթե 1  տարի է՝ պատրաստվում է: Այս հարցում նրան օգնել է հատկապես նրա դասատուն՝ պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանը:

Համերգի ընթացքում Աննան կարողացավ հանդիսատեսին փոխանցել իր զգացմունքները, տրամադրել, ոգեւորել: Իր կատարումներով նա ցույց տվեց նաեւ, որ քանի դեռ կան նրա նման երիտասարդներ, ովքեր ապրում են ժողգործիքներով, մենք միշտ էլ կարող ենք նման բարձրարվեստ երաժշտություն լսել:

Համերգի վերջում հնչեց նաեւ Նարեկացի ժողնվագարանների համույթի կատարումը (գեղ. ղեկավար՝ Հովիկ Սահակյան):

Վերջինս իր խոսքում շնորհավորեց Աննային մենահամերգի կապակցությամբ՝ մաղթելով ավելի մեծ բեմեր. <<Շնորհավորում եմ նաեւ Ծովինար Հովհաննիսյանին ու շնորհակալություն հայտնում նրան, քանի որ նա քանոնի զարգացման հարցում մեծ դերակատարում ունի>>,-ասաց Նարեկացի ժողնվագարանների համույթի գեղարվեստական ղեկավար Հ. Սահակյանը:

Աննայի դասատու Ծովինար Հովհաննիսյանն էլ  իր հերթին հատուկ ուշադրության հրավիրեց այն փաստին, որ ՆԱՄ-ի դերակատարումը ժողնվագարանների զարգացման հարցում անգնահատելի է:

ՆԱՄ հիմնադիր նախագահ Նարեկ Հարթունյանը շնորհավորեց Աննային՝ նշելով, որ ինքն անչափ ուրախ է՝ տեսնելով ՆԱՄ սաների հաղթանակները, նրանց բեմելը.

<<Աննան արդեն այս համերգի ընթացքում ցուցաբերեց անսպասելին. նա իրոք զարմացրեց ինձ: Ակնհայտ է,որ նա  արդեն պրոֆեսիոնալ է… Աննան արդեն ցանկացած բեմում կարող է նվագել: Այս մենահամերգը նման էր արծվի թռիչքի….>>,-ասաց Նարեկ Հարթունյանը՝ Աննային հանձնելով ՆԱՄ խորհրդանշական նվերները:

 

Մարիամ Մուղդուսյան

Նարեկացի արվեստի միություն

 

Դիտվել է 1581 անգամ:
Print Friendly

Leave a Reply