Շփման գծում վիրավորված հայ զինվորների վիճակը բավարար է
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 9, 2012 12:57
Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի եւ Բերդավան գյուղերի ուղղությամբ հունիսի 4-ի գիշերը դիվերսիոն գործողությունների հետեւանքով 6 վիրավորների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասել է Պաշտպանության նախարարության լրատվական ծառայության աշխատակից Մուշեղ Աղեկյանը:
Նա նշել է, որ բոլոր վիրավորներն արդեն տեղափոխվել են հիվանդասենյակներ, նրանց վիճակը գնում է դեպի բարելավում:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ի գիշերը Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի և Բերդավան գյուղերի ուղղությամբ Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունների հետեւանքով զոհվել է 3 եւ վիրավորվել 6 զինծառայող (նրանցից մեկն սպա է):
Զոհված զինվորներն են Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը եւ Կարեն Կամոյի Դավթյանը:
Վիրավորներն են ավագ լեյտենանտ Մուշեղ Հարությունի Նուրբեկյանը, ժամկետային զինծառայողներ` Իգիթ Կարենի Հովհանիսյանը, Մաքսիմ Մարտինի Մելքոնյանը, Սեդրակ Սամվելի Շահբազյանը, Արտակ Արթուրի Մնացականյանը, Կորյուն Ռոբերտի Իրիցյանը:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային հատվածում (Հորադիզի ուղղությամբ) հունիսի 5-ի, լույս 6-ի գիշերը` ժամը 04.15-ի սահմանում հակառակորդի դիվերսիոն խմբի վնասազերծման գործողության ժամանակ վիրավորված հայ զինվորները գտնվում են Ստեփանակերտի հոսպիտալում:
ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը: թղթակցին հայտնել է, որ երկու վիրավորների Վոլոդյա Յուրայի Ծատրյանի եւ Արայիկ Գեղամի Մավրեյանի առողջական վիճակը բավարար է, թեև չեն կարող ասել` երբ դուրս կգրվեն եւ ապաքինումից հետո կկարողանան շարունակել ծառայությունը, թե` ոչ:
Հիշեցնենք, որ հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը` ժամը 04.15-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային հատվածում (Հորադիզի ուղղությամբ) հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի կողմից ձեռնարկվել էր ԼՂՀ ՊԲ-ի մարտական դիրքերից մեկը ներթափանցելու հերթական փորձը: Ղարաբաղյան ուժերի առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով դարանակալ հակառակորդի նախահարձակ գործողությունը, դիմել էին պաշտպանական մարտի եւ վերջինիս հետ շպրտել իր ելման դիրքեր: ՊԲ Լրատվության եւ քարոզչության բաժնից հայտնել էին, որ ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդին հասցվել են նշանակալի կորուստներ:
Պաշտպանական մարտերի ընթացքում կորուստներ էր ունեցել նաեւ հայկական կողմը: Ադրբեջանական դիվերսիոն խմբի վնասազերծման գործողության ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Վարդան Ռոբերտի Օհանյանը:






Facebook
Tweet This
Email This Post
