Քեթրին Էշթոնը մտահոգություն է հայտնել շփման գծի վերջին միջադեպերի առթիվ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 9, 2012 12:40

Եվրամիության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ և եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի խոսնակը նրա անունից հայտարարությունն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է.

«Գերագույն ներկայացուցիչը շատ մտահոգ է հունիսի 4-ին, 5-ին, 6-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում լուրջ զինված միջադեպերի կապակցությամբ և խորապես ցավում է մարդկային զոհերի համար:

Գերագույն ներկայացուցիչը երկու կողմերին կոչ է անում խստագույնս պահպանել հրադադարը և զսպվածություն դրսևորել դեպքերի վայրերում ու հրապարակային հայտարարություններում, որպեսզի կանխվի իրավիճակի հետագա սրացումը, որը վատթարացել է վերջին մի քանի ամիսների ընթացքում: Սպառնալիքը կամ ուժի կիրառումը, ինչպես նաև ստատուս քվոն չեն նպաստում առկա հակամարտության լուծմանը:

Այս միջադեպերը ընդգծում են միջադեպերի հետաքննության մեխանիզմ գործարկելու կարևորությունը, ինչպես առաջարկում է ԵԱՀԿ-ն: Ավելին՝ դրանք ուժգնացնում են բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելու անհրաժեշտությունը:

Գերագույն ներկայացուցիչը հորդորում է Հայաստանին և Ադրբեջանին, որպես գործընկեր երկների, ջանքեր գործադրել Մադրիդի սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու ուղղությամբ՝ որպես ապագա խաղաղության հիմքի և ամբողջությամբ կատարել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում նախագահների ստանձնած պարտավորությունները: ԵՄ-ը վերահաստատում է իր աջակցությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին և դրա համանախագահների՝ հակամարտության խաղաղ լուծմանն ուղղված ջանքերին»:

Դիտվել է 1438 անգամ:
Print Friendly

Leave a Reply