Թող լինի միշտ մայրիկը, եւ թող միշտ լինեմ ես…

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 8, 2012 20:15

Հունիսի 7-ին Նարեկացի արվեստի միությունում կայացավ գրական-երաժշտական երեկո՝ նվիրված երեխաներին: Երեկոյին մասնակցեցին Արաբկիրի հայորդաց տան “Կանթեղ” երգչախումբը, Ֆինանսաբանկային քոլեջի ուսանողները, Էջմիածին քաղաքի”Գիտունիկ” քոլեջի սաները: Ծրագրում հնչեցին հոգևոր շարականների եւ աշխարհիկ երգերի երաժշտական կատարումներ, հայկական պոեզիայի ընթերցումներ:

Ծրագիրը նախաձեռնել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնը:
‘Տեսեք, ինչու են աղանդները ծնվում. մեր վատ աշխատանքի պատճառով: Ծանոթ չեն մեր երեխաները Հայ առաքելական եկեղեցուն. պիտի մարդ իմանա՝ սա ինչ է, պետք է ճանաչի իր հավատքը: Պիտի հասկանանք, ճանաչենք, որ տեր լինենք: Այն երեխան, որ կարդում է Թումանյան, Չարենց, նա չի կարող վատ հայ լինի”,-ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնի մշակութային պատասխանատու, ֆինանսաբանկային քոլեջի դասախոս Կարինե Նադիրյանը:

Նրա խոսքերով երեխաներին նվիրված այս երեկոն ավելի վաղ պետք է լիներ. “Նարեկին ասացինք, որ ուզում ենք հունիսի 1-ին երեխաներին նվիրված միջոցառում կազմակերպել, սակայն նա ասաց, որ երեխաներին մեկ օր չէ, որ պետք է  նվիրվել. այս մտքի հետ լիովին համամիտ լինելով՝ այն հետաձգեցինք,  ու որոշվեց, որ այս միջոցառումը կանցկացվի հենց այս օրը”,-պատմում է նա:

Երեկոն անցավ տոնական տրամադրությամբ, եւ ինչպես Էջմիածնի քարոզչական կենտրոնի հոգեւոր պատասխանատու Տեր Թովմա աբեղա Խաչատրյանն ասաց, երեխաները մեծահասակներին սովորեցրին բարի լինել, եւ այս կատարումների շնորհիվ մեծահասակներն ավելի լավը դարձան, ավելի մոտ՝ Բարձրյալին:
Երեկոյի ավարտին միջոցառման կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին իրենց աջակցողներին: Իբրեւ երախտագիտության նշան՝ նրանք “Շարակնոց” նվիրեցին նաեւ ՆԱՄ հիմնադիր Նարեգ Հարթունյանին: Վերջինս իր հերթին երեխաներին նվիրեց Հովհ. Թումանյանի ծոռան՝ Ռուբեն Քանքանյանի նկարազարդած օրացույցների օրինակներից, իսկ Կարինե Նադիրյանին հանձնեց ՆԱՄ խորհրդանշական նվերները՝ հույս հայտնելով, որ Էջմիածնի քարոզչական կենտրոնի հետ համագործակցությունը շարունակական կլինի:

Մարիամ Մուղդուսյան
Նարեկացի արվեստի միություն

Դիտվել է 1124 անգամ:
Print Friendly

Leave a Reply