Հայերը լողափնյա վոլեյբոլ են խաղացել առանց կանոններն իմանալու

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | October 20, 2009 19:20

Վոլեյբոլն Հայաստանում թողնված է բախտի քմահաճույքին: Պարզապես, այս մարզաձեւի մասին մոռացել են: Միայն մի քանի փաստ. պետությունն աջակցության կարգով նախատեսել էր, այս մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիային 2009-ին հատկացնել 12 մլն դրամ: Համեմատության կարգով նշենք, որ խաղային երկու այլ մարզաձեւերի, բասկետբոլին եւ հանդբոլին տրամադրելու համար նախատեսված է 18 մլն դրամ: Ոչ մի հիմնավորում չկա, թե ինչո՞ւ է այդպես: Պարզապես, աչքաչափով որոշվել է, որ այդպես պետք է արվի եւ վերջ:

Ընդ որում, վոլեյբոլում երկու մրցաձեւ է` դասական եւ լողափնյա: Այնպես որ, որ այդ փողերը պետք է երկու տեղ բաժանել: Պատկերն ավելի կամբողջանա, եթե ավելացնենք, որ ֆինանսական ճգնաժամի պատճառով վոլեյբոլիստներն իրենց կարիքների համար ամբողջովին չեն ստացել այն փողերը, որոնք պլանավորված էին:

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Խաչիկ Ասմարյանը, քանիցս հայտնել է, որ պատրաստ է ազատել զբաղեցրած պաշտոնը, եթե այնպիսի մեկը գտնվի, որ պատրաստակամություն հայտնի ներդրումներ կատարել այս մարզաձեւի զարգացման գործում: Սակայն երկար ժամանակ է, որ այդպիսի ցանկություն ունեցող չի գտնվում:

Ասմարյանն իր պաշտոնում հիշեցնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին: Երկուսն էլ թիմեր ունեն իրենց գլխավորած մարզաձեւերի առաջնություններում: Հայրապետյանը փաստացի սեփականատերն է Հայաստանի վերջին տարիների անփոփոխ չեմպիոն եւ գավաթակիր «Փյունիկի», Ասմարյանն էլ գլխավորում է Հայաստանի բազմակի չեմպիոն եւ գավաթակիր «Նժդեհ» կանանց թիմը: Նրա որդին` Կարենն էլ Հայաստանի տղամարդկանց չեմպիոն «ՖԻՄԱ-1»-ի գլխավոր մարզիչն է:

Սեպտեմբերի 5-ին Երեւանի հանրապետական մարզադաշտում Հայաստան Բոսնիա խաղից հետո, երբ մեր հավաքականը 0: 2 պարտվեց, ֆուտբոլասերները բղավում էին` «Հայրապետյան, հեռացի՛ր»: Եթե այդ հեռացումը կարող է օգուտ բերել մեր հավաքականին, ապա շատերն առանց թաքցնելու ասում են, որ, եթե Ասմարյանը հեռանա` վոլեյբոլն էլ Հայաստանում կվերանա:

Ի դեպ, ի տարբերություն ֆուտբոլի, բասկետբոլի, հանդբոլի եւ վոլեյբոլի մեր երկրի ներկայացուցիչներին եվրոպական, միջազգային ֆեդերացիաները ոչ մի աջակցություն չեն տալիս:

Վոլեյբոլիստուհիների, վոլեյբոլիստների Հայաստանի առաջնություններն անցկացվում են սակավաթիվ` 4-ական թիմերի մասնակցությամբ, եւ որեւէ հետաքրքրություն չեն ներկայացնում:

Ամռան սկզբին արդեն ավարտվել էին այդ առաջնությունների երկուական մրցափուլից բաղկացած առաջին եւ երկրորդ շրջանները: Իսկ մասնակիցները պայքարը կվերսկսեն միայն այս ամսվա կեսին, այսինքն` 4, 5 ամսվա ընդմիջումից հետո եւ հոկտեմբերին էլ կորոշվեն չեմպիոնները:

Առաջնությունները շարունակելու կարիք էլ չկա, քանի որ անվարան կարելի է ասել, որ չեմպիոն կդառնան Ասմարյանների գլավորած թիմերը:

Տղամարդկանց այս տարվա Հայաստանի առաջնությունը դեռ չսկսած պարզվել էր, որ դրան չի մասնակցելու Երեւանի «Կիլիկիան», մի թիմ, որը տարիներ առաջ դարձել էր Հայաստանի չեմպիոն եւ այս առաջնությունում էլ կարող էր հավակնել, առնվազն, մրցանակակիր դառնալու: Բացը լրացնելու համար այդ թիմին փոխարինել էր «ՖԻՄԱ-2»-ը: Հակառակ պարագայում, անիմաստ կլիներ անցկացնել առաջնությունը, քանի որ մնացած բոլոր երեք թիմերն էլ արդեն մրցանակակիր կհամարվեին:

12 խաղից հետո «ՖԻՄԱ-1»-ն ունի 24 միավոր: Թիմը ոչ միայն առավելության է հասել մրցակիցների նկատմամբ բոլոր խաղերում, այլեւ չի զիջել անգամ մեկ մրցափուլ: Ապա հաջորդում են` Ախթալայի «Պղնձագործը» (20), «ՖԻՄԱ-2»ը (14), Արաբկիրի «Կոմիտասը» (13):18ej-sport2

«Կոմիտասը» չի ներկայացել «Պղնձագործի» հետ հանդիպմանը, եւ այդ թիմին պարտություն է գրանցվել:

Վոլեյբոլիստների եւ վոլեյբոլիստուհիների Հայաստանի առաջնությունները տարբեր մրցակարգերով են անցկացվում: Վոլեյբոլիստների առաջնության ժամանակ թիմերը հյուրընկալում են մրցակցին, իսկ վոլեյբոլիստուհիները հավաքվում են եւ մրցում տարբեր քաղաքներում կազմակերպվող խմբային մրցաշարերում: Տղամարդկանց առաջնության խաղերը հիմնականում անցկացվում են Երեւանում: Վոլեյբոլի ուժեղ թիմեր կան նաեւ Վանաձորում, Եղեգնաձորում, սակայն ֆինանսների պակասի պատճառով, դրանք հնարավորություն չունեն Երեւանում խաղերի մասնակցելու:

Իսկ ահա, վոլեյբոլիստուհիների մրցաշարեր են անցկացվել Սիսիանում եւ Ստեփանակերտում: Կանանց առաջնությունում էլ Ստեփանակերտում կազմակերպված մրցաշարին չի մասնակցել Սիսիանի հավաքականը: Պատճառն այն է, որ Սիսիանի քաղաքապետարանը չէր ֆինանսավորել եւ թիմը չէր ներկայացել մրցավայր: Ընդ որում, Սիսիանի հավաքականը պատրաստ էր խաղալու: Առաջնության առաջին շրջանի ավարտից հետո այն 2-րդ տեղում էր: Եվ քանի որ 2-րդ շրջանի բոլոր խաղերին չներկայանալու համար այդ թիմին պարտություններ են գրանցվել, այն վաստակած 5 միավորով ներկայումս հայտնվել է վերջին` 4-րդ հորիզոնականում: Առաջին 3 տեղերում են` «Նժդեհը» (16 միավոր), Գյումրիի (9), Ստեփանակերտի (8) հավաքականները:

Այս առաջնություններն ինքնանպատակ են, որովհետեւ Հայաստանի ներկայացուցիրները չեն մասնակցում Եվրոպայի առաջնություններին, ակումբների գավաթային մրցաշարերին:

Եվ այս պայմաններում, դասական վոլեյբոլի հարցերը չկարգավորած, այս տարվա սկզբից անընդհատ խոսվում է այն մասին, որ Հայաստանում պետք է լողափնյա վոլեյբոլը զարգացվի: Տարեսկզբին Բրազիլիայից Հայաստան էին հրավիրվել լեգեոնական 2 լողափնյա վոլեյբոլիստուհի եւ 4 լողափնյա վոլեյբոլիստ: Նրանց համար նույնիսկ հայկական անձնագրեր էին պատրաստվել` հայկական անուններով: Սակայն այդ մարզիկները գնացին իրենց հայրենիք եւ այլեւս չվերադարձան: Հայտնի չէ, թե պատճառը ո՞րն էր: Համենայն դեպս, մեր մասնագետներն այն կարծիքին էին, որ նրանք մերոնցից ուժեղ չեն: Դա պարզվել էր, երբ ստուգողական խաղում Հայաստանի ոչ ամենաուժեղ դասական վոլեյբոլիստները հաղթել էին լեգեոնականներին:

Ծրագրվել էր, որ ամռանը Սեւանի ափին կանցակացվի լողափնյա վոլեյբոլիստուհիների միջազգային մրացաշար, սակայն դա էլ չարվեց: Ինքնին կարող է հարց ծագել, թե լողափեր չունեցող Հայաստանում, արդյոք իմաստ ունի՞ լողափնյա վոլեյբոլի զարգացման մասին մտածելը: Թերեւս գայթակղիչն այն է, որ օլիմպիական այս մրցաձեւում ամեն թիմի կազմում 2 խաղացող է եւ այն մեծ ծախսեր չի պահանջում: Երեւանի գարեջրի «Կիլիկիա» գործարանի հովանավորութամբ, մերոնք վերջերս լողափնյա վոլեյբոլի երկու միջազգային մրցաշարերի են մասնակցել Վրաստանում` Բաթումում եւ Թբիլիսում ու շատ են զարմացել, երբ բացահայտել են, որ սխալ են այդ խաղը խաղում: Այսուհանդերձ, Թբիլիսիում Հովհաննես Ասմարյանը եւ Գրիգոր Ամբարյանն արժանացել են 3-րդ մրցանակի եւ դրամական պարգեւի: Առաջիկայում նախատեսվում է հրատարակել լողափնյա վոլեյբոլի կանոնների մասին գրքույկ:

Դիտվել է 2277 անգամ:
Print Friendly

Leave a Reply