Uriah Heep. «…այո, մենք տերերն ենք մեր ճակատագրի…»

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | October 21, 2009 19:09

Uriah Heep. ստեղծվել է 1969թ. Լոնդոնում: Անունը վերցված է Չարլզ Դիկենսի Դավիթ Կոպերֆիլդ վեպի բացասական հերոսի անունից: Խմբի հիմնադիր, կիթառահար Միք Բոքս, վոկալիստ` Բերնի Շոու, ստեղնաշարային գործիքներ` Ֆիլ Լենզըն, բաս կիթառ Թրեվոր Բոլդեր եւ հարվածային գործիքներ` Ռասըլ Գիլբրուք (խմբին միացել է 2007 թվականից):

Uriah Heep ռոք խումբն իր ստեղծման 40-ամյակի համերգային շրջագայություններ է կատարում 48 երկրներում, որի մեջ ընդգրկվեց նաեւ Երեւանը: Այս հրավերը, ինչպես եւ  «Jethro Tull» ռոք խմբինը, որ համերգ տվեց մայիսին կազմակերպել էր «ՎիբրոգրաՖուս» ստուդիան, որի հիմնադիրն է «Դոգմա» ռոք խմբի բաս կիթառիստ Վարդան Գրիգորյանը: Ստուդիայի հիմնական եւ առաջնային նպատակը համաշխարհային ռոք արվեստին Հայաստանն ինտեգրելն է, որը ռոքի սիրահարներին անսպասելի նվերներ է մատուցում:

Uriah Heep-ի հայ հազարավոր երկրպագուներ երբեւէ կերազեի՞ն, որ իրենց կուռքերին կենդանի կտեսնեն երեւանյան բեմում:
Հոկտեմբերի 16-ին մարզահամերգային համալիրի դահլիճ գրաված 3-ից մինչեւ 70 տարեկան հանդիսատեսները հմայվեցին խմբի Ֆանտաստիկ-տաք ու ինքնատիպ հնչողությամբ` հնչողություն, որը գալիս է կիթառահարների վիրտուոզ նվագից, ստեղնաշարի երգեհոնային զորեղ ու յուրօրինակ ոճից, փայլուն եւ քնարական վոկալից եւ խմբի «դրայվն» ապահովող հարվածայինից:

Միայն կարմիր բերետավոր ոստիկանները փորձեցին փչացնել համերգը եւ ինչպես փողոցում ցույց կցրեին` երկրպագուներին բրդելով ու խփելով հեռացրին բեմի մոտից, որոնց հրավիրել էր վոկալիստ Բեռնի Շոուն: Սակայն համերգի տպավորությունն այնքան հզոր էր, որ ցրեց ոստիկանների հասցրած վիրավորանքը:

Իսկ նախորդ օրը` հոկտեմբերի 15-ին, Uriah Heep-ի երաժիշտները շրջել էին Երեւանում` այցելել Թումանյանի թանգարան, Հաղթանակի այգի, Ցեղասպանության թանգարան, Կասկադ եւ «Մետրոպոլ» հյուրանոցում տվել մամուլի ասուլիս: «Անկախի» թղթակիցը, կարողացավ նաեւ ասուլիսից հետո երաժիշտներից յուրաքանչյուրին հարցեր ուղղել:

Ասուլիսին

Երեւանյան տպավորությունների մասին խանդավառ աչքերով Միք Բոքսը նշեց. «Այո, զարմանալի քաղաք է»: Նրանց առավել ուրախություն էր պատճառել, որ Թումանյանի թանգարան եկած դպրոցականները, որոնք ճանաչելով նրանց բացականչել էին «Օ, դուք Uriah Heep-ն եք»:

Անկախ. Եթե դուք ապրեիք Հայաստանում, լինեիք հայկական խումբ, կունենայի՞ք միեւնույն հաջողությունը,

Միք Բոքս. «Կարծում եմ նույն հաջողությունը չէինք ունենա, որովհետեւ դժվար է այս տարածաշրջանի երկրներից դուրս գալ եւ նման հաջողության հասնել: Կարծում եմ մեր հաջողության գրավականն այն երկիրն է, որտեղից մենք բոլորս սերում ենք: Ինչ խոսք, նկատի չունեմ, որ Հայաստանում չկան գերազանց երաժիշտներ կամ, որ այստեղ չի ծնվում հիանալի երաժշտություն, պարզապես ակնհայտ է, որ այստեղից դուրս գալ եւ հասնել նման մասշտաբային ճանաչման` դժվար է»:

Անկախ. Հայաստանում սիրված «Sympathy» երգի կարեւորագույն միտքն է. «Ես եւ դու տերերն ենք մեր ճակատագրի», Սա այն ժամանակի համա՞ր էր կարգախոս, թե՞ այն հիմա էլ արդիական է.

Միք Բոքս. «Այո, կարծում ենք, որ այսօր էլ այն արդիական է, իհարկե, մենք տերերն ենք մեր ճակատագրի»:

Անկախ. Այն, արդյոք, երեւանյան ծրագրում ընդգրկվա՞ծ է:

Խորհրդավորություն ստեղծող շեշտով Միք Բոքսը պատասխանեց. «Վաղը համեցեք համերգին եւ տեսեք»: Խորհրդավոր խոստումը հաստատվեց, երբ համերգի վերջնամասում դահլիճը պայթեց «July morning» եւ «Sympathy» երգերի կատարումից:

Անկախ. Ռոք շոուբիզնեսում մեծ հաջողություն եւ ճանաչում ունենալու համար, ի՞նչն է ամենից կարեւոր:
Խոսքները մեկ արած, հարցին պատասխանեցին բոլորը. «Հավատալ ուժերին, լինել կարգապահ», հետո ավելի հումորով ավելացրին. «Մի փոքր էլ տաղանդ ունենալ»:

Ֆուրշեթին

Մամլո ասուլիսից հետո, «Անկախի» թղթակիցը կարողացավ իր հարցերն ուղղել Յուրայ Հիպի երաժիշտներին ու մենեջերին առանձին-առանձին:

Ռասըլ Գիլբրուք

Անկախ. Շատ սկսնակ հարվածային գործիքներ նվագողներ թե’ Հայաստանում, թե՛ այլերկրներում աշխատում են նմանվել իրենց սիրած երաժիշտներին, երբեմն ուղղակիորեն նմանակելով նրանց: Ի՞նչ խորհուրդ կտաք այն սկսնակ երաժիշտներին, ովքեր ուզում են նմանակել ձեր կատարումները:

Ռասըլ Գիլբրուքն (հարվածային գործիքներ) «Նրանք նախ պետք է շատ լսեն այն երաժիշտներին, ում սիրում են եւ հավատացնում եմ, որ կգա մի պահ, երբ նրանք կզգան, որ դադար տալու ժամանակն է: Վերցնել նախընտրած երաժշտի կատարման տեխնիկան, ոճը, մեթոդը, անշուշտ, պետք է, բայց նրանք պետք է մտնեն երաժշտության աշխարհ իրենց ոճով եւ իրենք իրենց գտնեն»:

Թեեւ դժվար գործ է որոշել, թե երաժիշտ կատարողներից, ովքեր են առավել նուրբ ու զգայուն, բայց ունենալով որոշակի պատկերացում, կարծում եմ հարվածային գործիքներ նվագողներն ավելի փխրուն են, նուրբ ու զգայուն:

Անկախ . Ձեր տրամադրությունն, արդյոք, ազդու՞մ է ձեր կատարման որակի վրա:

«Այո, իհարկե, մենք ոչ միայն զգայուն ենք ու նուրբ, նաեւ ագրեսիվ ենք: Եվ ես հիմա ինձ շատ լավ եմ զգում, եւ վաղը դուք դա կտեսնեք (ագրեսիվ միմիկա է անում): Ես միշտ մտածում եմ, որ իմ նոր կատարումն էլ ավելի լավը պիտի լինի, թեեւ նախորդն ու նախորդներն էլ լավն են: Դրան հասնելու համար ինձ ոչինչ չի խանգարում»:

Ֆիլ Լենզընը (ստեղնաշարային գործիքներ)

Անկախ. «Uriah Heep»ը շուրջ 40 տարվա պատմություն ունի, այս տարիների ընթացքում մտածե՞լ եք երբեւէ փոխել հնչողության ոճը, թե՞ փորձել եք պահպանել ձեր ավանդականը:

Ֆիլ Լենզընը. «Չեմ մտածել փոխելու մասին, որովհետեւ հնչողության այն ոճը, որ ունի մեր խումբը` մերն է, այն հաստատվել է 40 տարիների ընթացքում եւ «Uriah Heep»ի ինքնատիպության կնիքն է: Երգեհոնային զորեղ հնչողությամբ շատ խմբեր կային դեռեւս 70-ականներին, բայց եւ տարբեր էին միմյանցից: Նախընտրում եմ մինչեւ վերջ տեր լինել «Uriah Heep»ի հնչողությանը»:

Բերնի Շոու (վոկալիստ)

Անկախ. Ի՞նչն է մոդեռն ռոքի եւ 70-ականների ռոքի միջեւ տարբերությունը:

Բերնի Շոու. «Շատ չի տարբերությունը, պարզապես 70-ականների երգն արտառոց մի բան էր, դրա շնորհիվ էլ մինչեւ հիմա կան «Led Zeppelin»-ը, «Deep Purple»-ը, «Black Sabbath»-ը, «Uriah Heep»-ը: Չեմ կարող ասել այդ արտառոցն ինչն է, բայց գիտեմ, որ շատ դժվար է լսել այդ արտառոցը մոդեռն ռոքում, ինձ թվում է մի բանի պակաս կա այսօրվա ռոքում, որն ինձ սառեցնում է: Մի տեսակ երկրորդ պլան է մղված մեղեդին, ակորդային ներդաշնակ հաջորդականությունը, հարմոնիկ կառուցվածքը: Այս ամենը 70-ականների ռոքի դեմքն էր, որով ազդված էր մեր խմբում Միքը (կիթառիստ Միք Բոքսը), Ռոբերտը (վոկալիստ Ռոբերտ Պլանտ)` «Led Zeppelin»-ում, Յանը (վոկալիստ Յան Գիլան)` «Deep Purple»-ում»:

Անկախ. Բնավորության ինչպիսի՞ հատկանիշներով պետք է օժտված լինի երգիչը, որպեսզի լինի խմբի առաջնային դեմքը:
Բերնի Շոու. «Իսկապես չգիտեմ, այ, եթե իմանամ` կգցեմ այս բաժակի մեջ ու կխմեմ (ցույց տալիս ձեռքի գինու բաժակը): Ես պարզապես չեմ հեռանում իմ բնական վիճակից, երբեք չեմ կեղծում, ինքս ինձ հետ ազնիվ եմ»:

Խմբի մենեջեր Իեն Բինթլիսին

Անկախ. Ի՞նչն է ամենից կարեւորը համաշխարհային ճանաչում եւ հաջողություն ունենալու համար:

Իեն Բինթլիսին. Օ, շատ-շատ-շատ աշխատելը, միայն էդ դեպքում են շատ հարցեր լուծվում, ես ադեն 20 տարուց ավելի «Uriah Heep»ի մենեջերն եմ, ու, եթե այսօր խումբը կա եւ ունի նմանօրինակ հաջողություն ու ճանաչում, ուրեմն այդ շաաաատ աշխատելու արդյունքն է:
Թրեվոր Բոլդերին (բաս կիթառ)

Անկախ. Շատ հաճախ ռոք խմբերի բաս կիթառահարները մնում են ստվերում, թեեւ երաժշտական կառույցի ամբողջ ծանրությունը նրանց ուսերին է: Երբեւէ ցանկացե՞լ եք լինել սոլո կիթառահար, երեւալ առաջնային պլանում:

«Ոչ, երբեք, ես իմ գործն եմ անում առանց մտածելու, որ պլանով կներկայանամ: Ես նույնիսկ թողարկել եմ իմ սոլո կատարումների մի CD, բայց դա իմ նախընտրածը չէ, ես սիրում եմ խմբային աշխտանք, հաճույքս ստանում եմ խմբի հետ նվագելուց եւ, եթե վաղը գաք համերգին` դրանում կհամոզվեք ինքներդ»:

1

Picture 1 of 6

Դիտվել է 7492 անգամ:
Print Friendly

Leave a Reply