Արկադի Տեր-Թադևոսյան. Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 8, 2012 15:22

Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի: Անդրադառնալով վերջին շրջանում ադրբեջանական կողմից իրականացված սադրանքներին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, արցախյան գոյամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմադոս), հավելելով, որ եթե նույնիսկ պաշտոնական Բաքուն գնա այդպիսի արկածախնդրության, ՀՀ զինված ուժերը ի զորու են պատշաճ հակահարված տալ հակառակորդին:

«Սկզբում դժվարություններ կունենանք, բայց չկասկածեք մեր հաղթանակի մեջ: Այս պարբերաբար իրականացվող հարձակումները ծրագիր է, որն իրականացնում է Ադրբեջանը»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Կոմանդոսը:

Նա նշեց, որ վերջին հարձակումներով Ադրբեջանը ցանկանում էր մեր հասարակության շրջանում անհանգստության   ու վախի մթնոլորտ առաջացնել, որպեսզի սկսենք մտածել, թե արդյոք կկարողանանք հաղթել ենթադրվող պատերազմում:

«Ռազմական գիտությունը կանոններ ունի: Ըստ այդ կանոններից մեկի՝ պատերազմ սկսելու համար նախ տվյալ երկրի ժողովուրդը պետք է պատրաստ լինի, երկրորդ` բանակը և, վերջապես, իշխանությունը: Այս եռանկյունին հնարավորություն է տալիս ցանկացած երկրի ռազմական գործողություններ սկսել և հաղթել: Ադրբեջանում 12 ազգային փոքրամասնություններ են ապրում: Նրանց մեջ այսօր մեծանում է ազգային ինքնապահպանման խնդիրը»,- ասաց նա և ավելացրեց, որ Արցախյան հերոսամարտի օրերին Ադրբեջանն ամենավտանգավոր և բարդ վայրերում կռվելու էր ուղարկում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:

Նա նաև նշեց, որ վերը նշված փաստը առաջացնում է ազգային փոքրամասնությունների վրդովմունքը, ինչի մասին բարձրաձայնում են նաև Ադրբեջանի խորհրդարանում:

«Ադրբեջանում կան երկու տասնյակից ավելի ազգային փոքրամասնություններ, և բոլորին է հայտնի, թե ինչ հարաբերություններ կան իշխանության և նրանց միջև: Ես ուզում եմ ձեզ վստահեցնել, որ Արցախի պատերազմում թեժ կետերում կռվում էին թալիշները և այլ ազգային փոքրամասնություններ: Ադրբեջանցիները թեժ կետերում չէին կռվում»,- նշեց Ա. Տեր-Թադևոսյանը:

Բանախոսը մեջբերեց գերմանացի, փիլիսոփա, զիվորական և ռազմական տեսաբան Կառլ ֆոն Կլաուզևիցի այն խոսքերը, թե պատերազմում կարող է հաղթել միայն այն երկիրը, որը խաղաղ ժամանակներում կարողացել է ապահովել «եռամիասնության գաղափարի» իրագործումը, այն է՝ միասնական հասարակություն, մարտունակ բանակ և գիտակից ղեկավարություն:
Կոմանդոսի կարծիքով, Ադրբեջանը «կաղում է» բոլոր երեք բաղադրիչների տեսանկյունից:

Անդրադառնալով վերջին օրերին ադրբեջանական կողմից իրականացված ռազմական սադրանքներին, գեներալը նշեց, որ այդ քայլով պաշտոնական Բաքուն ցանկանում է ցույց տալ, թե մեզ և թե միջազգային հանրությանը, որ պատրաստ է պատերազմի: «Անկախ հանգամանքներից` վերջին երկու օրերին մենք արժանի հակահարված են տվել ադրբեջանցիներին: Եթե նրանք պատրաստ լինեին պատերազմին վերջին իրադարձությունները առիթ կհանդիսանային պատերազմը վերսկսելու համար: Նման կարծիքի եմ ոչ միայն ես, այլ միջազգային տարբեր ռազմական փորձագետները»,- նշեց Ա. Տեր-Թադևոսյանը:

Դիտվել է 1031 անգամ:
Print Friendly

Leave a Reply