“Ես Ստյոպա Սաֆարյանի խոսքերը մեկնաբանողը չեմ”. ՀՀ ՊՆ խորհրդական
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | June 8, 2012 13:46
Սահմանին տեղի ունեցող իրադարձությունները ոչ մի կերպ չեն անդրադառնում զորակոչի վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց ՊՆ խորհրդական Գեղամ Հարությունյանը. “Ավելին, այսօր մենք ունենք մի դիմում, համաձայն որի զորակոչիկը, ով օրենքով ունի տարկետման իրավունք, ուղղակի պնդում է, որպեսզի իրեն զորակոչենք բանակ”:
Հարությունյանը կարծում է, որ մեր հասարակության տրամադրություններում առկա է նույնիսկ հակառակ պրոցեսը, և եթե Ադրբեջանի ղեկավարությունը, սադրելով այս միջադեպը, հույս ուներ նաև վախի և անհանգստության մթնոլորտ կառուցել մեր հասարակության մեջ, ապա դրա արդյունքներն ըստ բանախոսի, ավելի շատ մտահոգվելու տեղիք են տալիս հենց Ադրբեջանի կառավարությանն ու հասարակությանը. “Մենք պետական ազգ ենք, և մտածում ենք պետական չափանիշներով, և այս միջադեպը որևէ կերպ չի ազդում զորակոչի ընթացքի վրա”:
Հարությունյանը նշեց նաև, որ այս պահին մեր սահմանային դիրքերում իրադրությունը բավականին լարված է, թշնամին հաճախակի խախտում է հրադադարի ռեժիմը բանակը, սակայն զգոն վիճակում է և պատրաստ է ցանկացած պահի համապատասխան հակահարված տալու թշնամու գործողություններին:
Գ. Հարությունյանը ևս վերջին օրերին ադրբեջանական կողմի այս հանդուգն գործողությունները ուղղակիորեն կապեց Հիլարի Քլինթոնի` Հայաստան այցի հետ:
“Անկախ”-այն հարցին, թե ինչպես է վերաբերվում երեկ Ստյոպա Սաֆարյանի` Հայաստանի իշխանությունների և հայկական դիվանագիտության հասցեին արված այն մեղադրական հայտարարություններին, թե մենք ոչինչ չենք անում այս հարցում և մեզ չափազանց հանդուրժող ենք պահում, մինչդեռ պետք է լուրջ ռազմաքաղաքական պատասխան տանք Ադրբեջանի ռազմական գործողություններին, ՊՆ խորհրդականը պատասխանեց. “Ես Ստյոպա Սաֆարյանի ղոսքերը մեկինաբանողը չեմ, ինքը ինչ ուզի կասի, դա ընդամենը իր կարծիքն է”, և հավելեց, որ հայկական բանակը ըստ պատշաճի պատասխանել է Ադրբեջանի հարձակումներին, որի արդյունքում թշնամական կողմն ունեցել է ավելի շատ կորուստներ: Նա նաև նշեց, որ ագրեսիվ պահվածքն ու հիստերիայի դրսևորումները Ադրբեջանին են հատուկ, և կարծում է, Հայաստանի նման զուսպ և հավասարակշիռ դիրքորոշումը միանգամայն արդարացված է և ճիշտ:






Facebook
Tweet This
Email This Post
