Այսօր 1285 դիմորդ քննություն է հանձնում Ռուսերենից /լուսանկարներ/

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 8, 2012 11:57

Այսօր ՀՀ և ԼՂՀ 15 քննակենտրոններում 1285 դիմորդներ քննություն են հանձնում Ռուսերենից: Նախորդ տարիների համամատ ռուսերենից քննություն հանձնողների թիվն ավել է (2010-ին դիմորդների թիվը 1048 էր). այս տարի ռուսերենն ընդգրկվել է օտար լեզուների ցանկում և , օրինակ, ռուսերենով դիմորդը կարող է ընդունվել իրավաբանական կամ ժուռնալիստիկայի  ֆակուլտետ:

Երևանի միակ քննակենտրոնում` ԵՊՀ-ում 173 դիմորդներից քննությանը չեն ներկայացել 26-ը: Մի դիմորդ էլ քննության մեկնարկից 10-15 րոպե հետո նոր հասնում է. պատճառաբանում է, թե տեղյակ չէր, որ դիմորդները պետք է քննակենտրոն ներկայանան 8:30-ին: Ապագա զինվորականին բացառության կարգով քննասենյակ են թողնում:

Այսօրվա քննությունն նախորդներից տարբերվում է. գրեթե բոլոր դիմորդները նշում են, որ կրկնուսույցի մոտ չեն պարապել, բուհական քննություն պիտի հանձնեն իրենց դպրոցական գիտելիքներով:

Տնտեսագիտական համալսարանի դիմորդ Վերոնիկա Նիկողոսյանի համար ռուսերենը երկրորդ քննությունն է, արդեն իսկ հայոց լեզվի և  գրականության քննություն է հանձնել և 16 ստացել: Ռուսերենի համար կրկնուսույցի մոտ չի պարապել, բայց ակնկալում է, որ գոնե 12 բալ կստանա:

Մամունց Գոհարը Ագրարային համալսարանի դիմորդ է: Հայոց լեզվից 14,25 է վաստակել` առանց պարապելու: Ռուսերենի համար ևս կրկնուսույցի մոտ չի պարապել, ասում է, որ մինչև 8-րդ դասարանը ռուսական կրթություն է ստացել, ուստի և ակնկալում է բարձր գնահատական ստանալ տվյալ քննությունից:

Այսօրվա քննության մյուս առանձնահատկությունն այն է, որ դիմորդների թվում զգալի մաս են կազմում ռազմական վարժարանների սաները, որոնք մեծամասամբ դիմել են արտերկրի ռազմական ուսումնական հաստատություններ: Հայաստանում անցողիկ միավորներ հավաքելու դեպքում կրթությունը կշարունակեն արտերկրում:

Համազգեստավոր դիմորդներից  մեկն էլ Գեղամ Բեջանյանն է ` Մոնթե Մելքոնյանի ռազմամարզական վարժարանի սանը և  ապագա զինվորականը:  Դիմել է ՌԴ Միխայլով հրետանային ակադեմիա: Քննություն պետք է հանձնի ռուսերենից, մաթեմատիկայից և ֆիզիկայից: Անցողիկ միավորներ հավաքելու դեպքում կընդունվի ՌԴ ուսումնական հաստատությունը:  Ասում է, որ  կրկնուսույցի մոտ չի պարապել, բայց վարժարանում ավարտական տարվա երկրորդ կիսամյակն ամբողջությամբ հատկացրել են անցածի կրկնությանը, ինչը պետք է բավարար լինի քննությունը հանձնելու համար:

Օտար լեզվի քննությանը հատկացված է 2,5 ժամ: Քննության մեկնարկի պահից սկսած ծնողներին հնարավորություն է տրվում մոնիտորների միջոցով հետևել քննասենյակում տիրող իրավիճակին: Ի տարբերություն նախորդ քննությունների, ծնողներն այս անգամ հանգիստ են, գրեթե չեն աղմկում, իրար չեն հրմշտում էկրանների մոտ տեղ զբաղեցնելու համար: Մոտ 20-30 ծնողներ` հավաքված էկրանների մոտ, հետևում  են քննության ընթացքին ու զրուցում:

Դիտվել է 2442 անգամ:
Print Friendly

Leave a Reply