Մանրամասներ «Մարիաննայի» կաթսայատանը տեղի ունեցած պայթյունից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 8, 2012 7:31

Հունիսի 7-ին, Ժամը 08.35-ին «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի 1/9 հասցեում գտնվող «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթի գործարանում տեղի է ունեցել պայթյուն, և կա տուժած:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՃԿԿ օպերատիվ խումբը և «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը:

Տեղում պարզվել է, որ պայթել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի կաթսայատան «Ե1» տիպի շոգեկաթսան: Դժբախտ պատահարի հետևանքով արտադրամասի աշխատակից՝ 1957 թ. ծնված Էդուարդ Ղազարյանը ստացել է մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել «Մալաթիա» բժշկական կենտրոն: Բժիշկների գնահատմամբ՝ Է. Ղազարյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:

Ըստ ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Վլադիմիր Հովսեփյանի՝ նախնական տվյալներով պայթյունի պատճառը կաթսայի անվտանգության փականի խափանումն է:

ՀՀ ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կողմից իրականացվում է տեխնիկական քննություն, որի արդյունքները կամփոփվեն 4-օրյա ժամկետում:

Հավելենք, որ վերոնշյալ կաթսան բոլորովին վերջերս` 2012 թ. մայիսի 23-ին փորձաքննություն էր անցել արտոնագրված «Դամի» ՍՊԸ-ի կողմից, որտեղ փորձաքննության են ենթարկվել նաև «Նաիրիտ» ու «Մոլիբդեն Փրոդաքշն» ընկերությունները:

Ներկայումս ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ուսումնասիրություն է կատարում նաև «Դամի» ՍՊԸ-ի կողմից տրված դրական եզրակացության հավաստիությունը պարզելու համար:

Դիտվել է 837 անգամ:
Print Friendly

Leave a Reply