Պաղեստինյան հակամարտության կարգավորման գործընթացում զիջումների «փորձը» օգտակար կլինի Հայաստանի իշխանություններին` խուսափելու հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | October 21, 2009 18:03

Երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթաց սկսելուց առաջ, սովորաբար, սկսվում է այդ գործընթացի նախապատրաստական աշխատանքների փուլը, որը ենթադրում է համապատասխան գերատեսչությունների (Արտգործնախարարություն, Արդարադատության նախարարություն եւ նախագահի աշխատակազմ) կողմից պաշտոնական տեղեկատվության հրապարակում, ներգերատեսչական քննարկումներ, եւ միայն հետո գործընթացի մեկնարկ:

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հայաստանյան վերջին փորձը չտեղավորվեց այդ տրամաբանության մեջ, ավելին` հակասեց ներպետական օրենսդրությանը: Հայաստանի քաղաքական ընտրանին քննարկումները ծավալեց շատ նեղ շրջանակում, զերծ պահեց հասարակությանը գործընթացի դետալներից եւ հետո միայն հասարակության դատին ներկայացրեց այն, ինչին կարողացել են հասնել:

Ինչ խոսք, Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման հարցը լոկ ներհայաստանյան հարց չէ, այն նման չէ հեռավոր մայրցամաքում գտնվող մի պետության հետ հարաբերություններ հաստատելու հարցին: Աշխարհով մեկ սփռված հայերի հայրենազրկման, Հայաստանի` ներկայիս միջազգայնորեն ընդունված, սահմաններն արդյունք են ցեղասպանության եւ անցած դարի առաջին տասնամյակի խառը իրադարձությունների, մասնավորապես` թուրքբոլշեւիկյան համաձայնության, որը հակասում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին: Այս առումով մեր` հայերիս, իրավիճակը նման է պաղեստինցիներին, որոնք նույնպես փորձում են հարաբերություններ հաստատել իրենց հայրենազրկման ենթարկած իսրայելցիների հետ: Ստորեւ կներկայացնեմ պաղեստինաիսրայելական հակամարտության կապակցությամբ ընթացած բանակցային գործընթացում պաղեստինցիների «զիջումների փորձը», որը մեծամասամբ նման է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ հարաբերությունների զարգացման ցյուրիխյան գործընթացին:

Պաղեստինյան ազատագրական պայքարը ծնունդ առավ անցած դարի 60-ականներին, երբ աշխարհի տարբեր անկյուններում` Լատինական Ամերիկայից մինչեւ Վիետնամ, ընթանում էր ազգայինազատագրական պայքարի գլոբալ գործընթաց:

Արաբական աշխարհում եւ Մերձավոր Արեւելքում այդ շարժումները գլխավորած ղեկավարները, որոնք տարված էին կոմունիզմի գաղափարներով, հաճախ սահմանում էին «ծրագիրմինիմում» եւ «ծրագիրմաքսիմում»` հռչակված նպատակին հասնելու պայքարի միջոցները բաժանելով ռազմավարական եւ մարտավարական քայլերի: Պաղեստինյան ազատագրական պայքարը կարելի է բաժանել չորս փուլի` 1964-1988 թթ., 1988-1993 թթ., 1994-2000 թթ., 2000 թ.-մինչեւ մեր օրերը:

Երբ 1965 թ. Հորդանանից մեկնարկեց պաղեստինյան ազատագրական հզոր շարժումը, շատերը համոզված էին, որ այն առաջնորդող Յասեր Արաֆաթը հասնելու է իր ղեկավարած «Ֆաթհ» շարժման հռչակած նպատակին` «Պաղեստին պետությունը հռչակել Իսրայելի կողմից բռնազավթված տարածքների վրա»: 1974-ին կատարվեց «մարտավարական» փոփոխություն եւ «Ֆաթհ»-ի համագումարում ընդունվեց «10 կետերի ծրագիր»-ը, որը փուլային տարբերակով պետք է հռչակեր «Պաղեստինյան իշխանություն» այն տարածքների վրա, որոնցից Իսրայելը պետք է նահանջեր` համաձայն ՄԱԿի թիվ 242 բանաձեւի:

Հետաքրքրական է փոքր անդրադարձ կատարել ՄԱԿի թիվ 242 բանաձեւի էությանը: Այդ որոշումն ընդունեց ՄԱԿի Անվտանգության խորհուրդը 1967 թ. նոյեմբերի 22-ին, արաբիսրայելական 3-րդ պատերազմից 4 ամիս անց: Բանաձեւի առաջին կետում նշվում էր, որ «Իսրայելական ուժերը պետք է նահանջեն այն տարածքներից, որոնք գրավվել են վերջին հակամարտության ընթացքում»: Հատկանշականն այն է, որ իսրայելցիներին հաջողվեց բանաձեւի անգլերեն տարբերակում «խարդախություն» անել եւ «The» որոշիչ հոդը հանել «territories» բառի առջից, ինչի պատճառով էլ բանաձեւում անորոշ մնաց, թե Իսրայելը ո՞ր տարածքներից պետք է նահանջի:

Բնականաբար, խոսքը վերաբերում էր պաղեստինյան տարածքներին, սակայն մտցնելով այդ անհստակությունը բանաձեւում, Իսրայելը կարողացավ զերծ մնալ պաղեստինյան տարածքներից նահանջելու «պարտադրանքից»: Այդ փոփոխությունն, իհարկե, էական նշանակություն ունեցավ հետագա բանակցությունների ընթացքի վրա: Այդ բանաձեւով ՄԱԿը հայտարարեց, որ անընդունելի է տարածքների զավթումը պատերազմի միջոցով, տարածաշրջանի պետությունները պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, աշխատեն խաղաղության հաստատման ուղղությամբ, իսկ Պաղետինի ազատագրական կազմակերպությունը (նույն` «Ֆաթհ»-ը, որ միջազգային ասպարեզում պաղեստինյան ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչն է) պետք է ըստ էության ճանաչի Իսրայել պետության իրավունքը` գոյություն ունենալ իր հռչակած սահմաններում:

Պաղեստինցիներին, իհարկե, այդ բանաձեւից բաժին հասավ ամենաանարդյունավետ դրույթը. բանաձեւում ոչ մի խոսք չկար Պաղեստին պետության հռչակման մասին, ընդամենը կար կես նախադասություն արաբիսրայելական պատերազմների արդյունքում պաղեստինցի փախստականների վերադարձի մասին: Այսպիսով, ինչպես նկատում ենք, ՄԱԿի թիվ 242 բանաձեւը, որը ոչ մի բան չէր երաշխավորում պաղեստինցիներին, մաս կազմեց «Ֆաթհ» շարժման մարտավարական ծրագրին: Դա էլ դարձավ պաղեստինյան հակամարտության կարգավորման գործընթացում արաբների զիջումների «փորձի» առաջին հանգրվանը, որովհետեւ ընդունելով ոչինչ չասող այդ բանաձեւի դրույթները, պաղեստինյան ղեկավարությունը մտավ իսրայելցիների հետ բանակցությունների «խաղի» մեջ` առանց միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակ ունենալու:

80-ականների վերջերին գերտերությունները` տեսնելով, որ առաջընթաց չկա պաղեստինաիսրայելական հակամարտության կարգավորման գործընթացում, հորդորեցին «Ֆաթհ»-ի ղեկավարությանը` ավելի «իրատեսական եւ պրագմատիկ» ուղղու վրա դնել ազգային պահանջները: Այդ ընթացքում, իհարկե, եղան ճնշումներ: «Ֆաթհ»-ը մի քանի անգամ փոխեց իր կենտրոնական գրասենյակը, ամերիկացի դիվանագետները ճնշում բանեցրին արաբական այն երկրների վրա, որտեղ «Ֆաթհ»-ը ուներ գրասենյակներ եւ հասան նրան, որ այդ երկրները արտաքսեն «Ֆաթհ»-ի գործիչներին: «Պրագմատիկների եւ իրատեսների» սերունդը մտավ «Ֆաթհ»-ի շարքեր, իսկ Յասեր Արաֆաթը ստիպված հրաժարվեց ազատագրական շարժման մեկնարկին իր հռչակած սկզբունքից` պետություն հռչակել պատմական Պաղեստինի տարածքների վրա, հետագա բանակցություններում ճանապարհ հարթելով Իսրայել պետության ճանաչման համար: Արաֆաթը 88-ին Ալժիրում հայտարարեց, որ իրենց նպատակը «անկախության հռչակումն է եւ Պաղեստին պետության հիմնումը». դա էլ զիջումների 2-րդ փուլի ավարտն էր:

Միջազգային հանրությունը եւ հրեական լոբբին ողջունեց պաղեստինյան կողմում գրանցված այդ «առաջընթացը», սակայն նշեց, որ այն դեռեւս բավարար չէ: Իսրայելցիների հաջորդ պահանջն այն էր, որ «Ֆաթհ»-ը` որպես պաղեստինցիներին ներկայացնող կազմակերպություն, պետք է ճանաչի Իսրայել պետությունը, որպեսզի շարունակի բանակցությունները Թել Ավիվի հետ: Զիջումների 3-րդ փուլի մեկնարկը տրվեց հենց այդ ժամանակ եւ դրա արդյունքն այն էր, որ 1991-ին հակամարտության կարգավորման մադրիդյան խորհրդաժողովին Պաղեստինյան իշխանությունը ներկայացված էր հորդանանյան պատվիրակության կազմում: Ի դեպ, մադրիդյան խորհրդաժողովի նպատակը Իսրայելի եւ տարածաշրջանի արաբական երկրների միջեւ խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների ծավալումն էր: Այնտեղ ներկայացված էին Իսրայելը, Սիրիան, Լիբանանը, Հորդանանը, նախատեսված էր նաեւ Պաղեստինը, սակայն Իսրայելը հայտարարեց, որ կհրաժարվի խորհրդաժողովից, եթե Պաղեստինը ներկայացնող «Ֆաթհ»-ը մասնակցի որպես առանձին բանակցող կողմ: Այդպես էլ եղավ, պաղեստինցիները` Իսրայելին տված զիջումների պատճառով, չկարողացան հանդիսանալ բանակցային կողմ եւ մադրիդյան խորհրդաժողովին մասնակցեցին ոչ որպես առանձին միավոր:

Զիջումների գագաթնակետը 1993 թիվն էր, Օսլոյում, երբ Արաֆաթը Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ ստորագրեց «խաղաղության համաձայնագիրը»: Քաղաքագետներն ու վերլուծաբանները մինչ օրս շարունակում են վիճել այն հարցի շուրջ, թե արդյոք ճի՞շտ էր Իսրայելի հետ Օսլոյում կնքել մի պայմանագիր, որը թեեւ պաղեստինցիներին իրավունք տվեց ինքնավարություն ունենալ Արեւմտյան Ափի եւ Գազայի տարածքների վրա (այդ երկու տարածքները իրար հետ անմիջական ցամաքային կապ չունեն), սակայն միաժամանակ վերջ դրեց պաղեստինյան հակամարտության գլխավոր հիմնախնդրին` փախստականների վերադարձի հարցին: Կարծում եմ, որ պաղեստիցիների` միջազգայնորեն ճանաչված պետություն չունենալու պատճառը ոչ այնքան Օսլոյի գործընթացն էր, ինչպես պնդում են բազմաթիվ արեւելագետներ, այլեւ այն, որ անկախ պետություն հռչակելու ռազմավարությունից մինչեւ դրան հասնելու մարտավարական բոլոր քայլերում պաղեստինյան ղեկավարությունը գնաց ահռելի զիջումների, որոնց արդյունքում ունեցավ ընդամենը փոքր տարածք, փակ սահմաններ` առանց հայրենազրկված փախստականների վերադարձի իրավունքի:

Իհարկե կարելի է երկար խոսել մերձավորարեւելյան հակամարտության կարգավորման գործընթացում պաղեստնյան զիջումների փորձի մասին: Բավական է հիշատակել Իսրայելի ներկայիս վարչապետ Բենիամին Նեթանյահուի վերջերս արտահայտած միտքը, որ պաղեստինցիները պետք է ճանաչեն Իսրայել պետության հրեական հիմքերը…:

Հայաստանն ու Պաղեստինը համեմատելի չեն կառավարման կարգի, պետության ձեւի եւ ինստիտուտների գործառնության տեսակետից, սակայն ցյուրիխյան գործընթացում Հայաստանի կողմից Թուրքիային տրված զիջումները (տես www.ankakh.com/?p=15225) հուշում են «պաղեստինյան փորձի» կրկնության հնարավորությունը: Մեզ համար ամենակարեւորն այն է, որ խուսափենք այդ նվաստացուցիչ «փորձից»:

Ինչքան էլ Հայաստանի իշխանությունները հայտարարեն, որ Թուրքիայի հետ ձեւավորվելիք միջկառավարական հանձնաժողովի ենթահանձնաժողովներից մեկում ցեղասպանության հարցը ենթակա չէ քննարկման, տրամաբանական եւ համոզիչ չեն:

Ստորագրված արձանագրություններով, Թուրքիային հաջողվեց հասնել երկու հաջողության` չներառել «ցեղասպանություն» բառը այդ արձանագրություններում, ինչն արդեն առաջին զիջումն է Հայաստանի կողմից, եւ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին դրույթը, որը չեղյալ է համարում Սեւրի պայմանագրով հաստատված եւԱՄՆ նախագահի իրավարար վճռով սահմանված Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների իրավական ամրագրումը: Դա արդեն 2-րդ զիջումն է: Սահմանների ճանաչումն ինքստինքյան հարցականի տակ է դնում ցեղասպանության փաստը, որովհետեւ հայ ժողովրդի հայրենազրկումն արդյունք էր ցեղասպանության:

Եթե Հայաստանի խորհրդարանը վավերացնի նման վտանգավոր դրույթներ պարունակող արձանագրությունները, կկասեցնի ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, դրանից բխող բոլոր հետեւանքներով: Այդ արձանագրությունները «երաշխավորել են» Ռուսաստանը, Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները, բայց չմոռանանք, որ այդ համաշխարհային կենտրոնները մինչեւ օրս չեն կարողանում երաշխավորել Պաղեստին պետության ստեղծումը…:

Դիտվել է 2068 անգամ:
Print Friendly

Leave a Reply