Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Ճապոնիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ,լուսանկարներ

Պաշտոնական, Օրվա լուր | | June 7, 2012 20:21

Պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Ճապոնիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

Սերժ Սարգսյանը ներկայացրել է մեր երկրի տնտեսության առաջնահերթությունները, ներդրումային միջավայրն ու հեռանկարային ծրագրերը: Նախագահը հրավիրել է Ճապոնիայի գործարարներին Հայաստանում փոխշահավետ համագործակցություն իրականացնել հայ գործընկերների հետ, ներդրումներ կատարել հայաստանյան տնտեսության մեջ:

Զրուցակիցները քննարկել են էլեկտրատեխնիկայի, բարձր տեխնոլոգիաների, քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության, մեքենաշինության, թեթև արդյունաբերության ոլորտներում համագործակցության հնարավորությունները:

Կողմերը կարևորել են Հայաստանի մասին անհրաժեշտ ինֆորմացիայի տրամադրման հնարավորությունների ընդլայնումը, որի ուղղությամբ Ճապոնիայում վերջերս բացված ՀՀ դեսպանությունը ևս ակտիվ աշխատանք է սկսել:

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաև Տոկիոյի Սոկա համալսարան, հանդիպում ունեցել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Համալսարանի ուսանողները ուսխորհրդի անունից Հայաստանի Հանրապետության նախագահին են հանձնել «Ժողովուրդների բարեկամության» պատվոգիրը, իսկ Տոկիոյի Սոկա համալսարանի ռեկտորը Սերժ Սարգսյանին շնորհել է համալսարանի պատվավոր դոկտորի գիտական աստիճան՝ Նախագահին հանձնելով ոսկե մեդալը և բաճկոնին ամրացնելով համալսարանի կրծքանշանը: Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Տոկիոյի Սոկա համալսարանում՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և նման պատվի արժանացնելու համար:  (Ելույթը ներկայացվում է ստորև):  

Օրվա ավարտին Սերժ Սարգսյանն ընթրիք է ունեցել Ճապոնիայի խորհրդարանի Ճապոնիա-Հայաստան բարեկամության պատգամավորական լիգայի անդամների հետ:

Ավարտելով այցը Ճապոնիա՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր պաշտոնական այցով մեկնել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն:

Դիտվել է 1337 անգամ:
Print Friendly

Leave a Reply