Սննդամթերքի արտադրությանը ներկայացվող պահանջները

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | June 14, 2012 7:00

Սննդամթերքի արտադրությանը վերաբերող հարաբերությունները կարգավորվում են նախ և առաջ «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքով (ընդունվել է 2006 թ. նոյեմբերի 27-ին, ուժի մեջ է մտել 2006 թ. դեկտեմբերի 25-ին), ինչպես նաև այլ իրավական ակտերով: Համաձայն հիշյալ օրենքի 6-րդ հոդվածի` սննդամթերքի արտադրություն (բացառությամբ հանրային սննդի) թույլատրվում է իրականացնել միայն համապատասխան տեխնոլոգիական հրահանգներով նախատեսված տեխնոլոգիական սարքավորումների առկայության պայմաններում: Տեխնոլոգիական հրահանգին ներկայացվող պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Վերամշակման համար ձեռք բերված պարենային հումքը, սննդային հավելումները և սննդամթերքի հետ շփվող նյութերը պետք է բավարարեն տեխնիկական կանոնակարգերով և (կամ) նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները: Սննդամթերքի պատրաստման, մշակման և վերամշակման ժամանակ սննդամթերքին ավելացվող ջուրը պետք է համապատասխանի տեխնիկական կանոնակարգերով և (կամ) նորմատիվ իրավական ակտերով խմելու ջրին ներկայացվող պահանջներին:

Արգելվում է սննդամթերքի պատրաստման, մշակման և վերամշակման փուլերում օգտագործել կամ սննդամթերքի արտադրության և պահման համար նախատեսված տարածքներում պահել արգելված սննդային հավելումներ: Արգելված սննդային հավելումների ցանկը սահմանում է կառավարությունը: Հիմք ընդունելով օրենքի այս պահանջը` ՀՀ կառավարությունը 2007 թ. ապրիլի 26-ի թիվ 504-Ն որոշմամբ հաստատել է ՀՀ-ում արգելված սննդային հավելումների ցանկը. դրանք են` E121ցիտրուսային կարմիր 2 (ներկանյութ կարմիր), E123 ամարանտ (ներկանյութ կարմիր), E216 պարաօքսիբենզոյաթթվի պրոպիլային եթեր (պահածոյացնող նյութ-բենզոատներ), E217 պարաօքսիբենզոյաթթվի պրոպիլային եթերի նատրիումական աղ (պահածոյացնող նյութ-բենզոատներ), E240 ֆորմայդեհիդ (պահածոյացնող նյութ), E924a  կալիումի բրոմատ (որակը լավացնող նյութ-ալյուրի և հացի բարելավիչ), E924B կալիումի բրոմատ (որակը լավացնող նյութ-ալյուրի և հացի բարելավիչ):

Սննդամթերքի արտադրության և պահման պահեստային տարածքների, տեխնոլոգիական սարքավորումների և գործիքների մաքրման ու ախտահանման, ինչպես նաև միջատների և կրծողների դեմ օգտագործվող պայքարի միջոցները, սարքերը և նյութերը չպետք է աղտոտեն սննդամթերքը կամ վնասեն դրա հատկությունները և դրանով վտանգեն մարդու առողջությունը: Սննդամթերքի արտադրության (բացառությամբ հանրային սննդի) տեխնոլոգիական գործելակարգը (ռեժիմը) և տեխնոլոգիական գործընթացը պետք է իրականացվեն տվյալ սննդամթերքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան:

Սննդամթերքի անվտանգությունն ապահովելու նպատակով ներդրվում է վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի սկզբունքների վրա հիմնված ինքնահսկման համակարգ: Վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի ներդրման աշխատանքներին աջակցելու նպատակով լիազոր մարմինը, ըստ արտադրության ոլորտների, իրականացնում է մեթոդական ձեռնարկների թողարկում և կազմակերպում է ուսուցում:

 

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է 2074 անգամ:
Print Friendly

Leave a Reply