Հայկական կորպուս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | June 12, 2012 15:00

 Հայկական կորպուսի կազմավորման նախաձեռնությունը հայ քաղաքական կազմակերպություններինն էր: 1914 թ., երբ Առաջին համաշխարհային պատերազմի բովում հասունացել էր ռուս-թուրքական պատերազմը, հայ քաղաքական ուժերը, մասնավորապես` Թիֆլիսի, Երևանի, Բաքվի Հայոց ազգային խորհուրդներն ու Հայ հեղափոխական դաշնակցությունը դիմեցին Ռուսաստանի կառավարությանը` առաջարկելով ստեղծել հայկական ազգային զորամիավորումներ` առաջիկա պատերազմում ռուսական բանակին աջակցելու նպատակով:

Սրանով հայ քաղաքական միավորումները ցանկանում էին կարևոր խնդիր լուծել. հաշվի առնելով անցյալում ռուս-թուրքական պատերազմների դառը փորձը` հայկական զինված կազմավորումները պետք է ոչ միայն պատերազմեին թուրքական կանոնավոր բանակի դեմ, այլև իրենց վրա վերցնեին Արևմտյան Հայաստանում հայ բնակչության անվտանգության խնդիրը:

Հաշվի առնելով առաջիկա պատերազմում Ռուսական կառավարության առջև դրված խնդիրները` ռուսական հրամանատարությունը դրական վերաբերվեց առաջարկին: Նախատեսված էր հայկական զինամիավորման մեջ ներառել ոչ միայն կովկասահայությանը, այլև նրան համահայկական ընդգրկում տալ: Անմիջապես Հայ քաղաքական միությունները աշխատանքներ ծավալեցին Արևմտյան Հայաստանում և հայկական գաղթօջախներում:

Պատերազմը սկսվեց 1914 թ. հոկտեմբերի 20-ին, իսկ նոյեմբերին արդեն հայկական կամավորական ջոկատները, կազմ ու պատրաստ, զինավառ, մեկնեցին ճակատ: Նախապես կազմավորվեցին չորս կամավորական ջոկատներ` Անդրանիկի, Քեռու (Արշակ Գավաֆյան), Դրոյի և Համազասպի հրամանատարությամբ: Հետագայում կամավորների թվի ավելացման հետ ձևավորվեցին ևս երեք կամավորական ջոկատներ  Վարդանի, Արշակ Ջանփոլադյանի և Հովսեփ Արղությանի հրամանատարությամբ: Հայ կամավորական խմբերում ընդհանուր առմամբ զենքի էին կոչված մոտ 7000 մարտիկներ: Տասնյակ հազարավոր հայ մարտիկներ մաքառում էին ռուսական կանոնավոր զորքերի կազմում:

Մեկնելով ճակատ` հայ կամավորները անձնվիրաբար ծառայեցին: Հայկական ջոկատներն աչքի ընկան ամենապատասխանատու վայրերում: Նշանակալից էին հատկապես Դիլմանի ճակատամարտը, Վանի օպերացիան, Երզնկայի օպերացիան:

Շատ չանցած` ռուսական կաբինետը լուծարեց հայկական կամավորական ջոկատները և դրանց հիմքով կազմավորեցին վեց հայկական հրաձգային գումարտակներ, որոնք կռվում էին ռուսական կանոնավոր բանակի կազմում:

1917 թ. արդեն` փետրվարյան հեղափոխությունից հետո, Կովկասյան ճակատի հրամանատարությունը միջնորդեց գերագույն գլխավոր հրամանատարությանը` միավորելու բանակում գործող հայկական ազգային զորամիավորումները և ստեղծելու Հայկական բրիգադ: Դա միտված էր ճակատի ամրապնդմանը, քանզի հեղափոխությունից հետո ճակատի գիծը` Տրապիզոնից մինչև իրանական սահմանը` շուրջ 600 կիլոմետր, արագորեն քայքայվում էր, և ռազմաճակատի հրամանատարությունը կարծում էր, որ հայկական զինուժն է միայն ի զորու փրկելու ճակատը: Այս առաջարկը պաշտպանեցին նաև հայկական կազմակերպությունները, Հայոց ազգային խորհուրդը:

Հայ քաղաքական կազմակերպությունները, զգալով իրադարձությունների զարգացումը, ջանք չէին խնայում կազմակերպելու հայությանը` առաջիկա զարգացումներին դիմագրավելու համար: Այդ հարցում շահագրգռված էր նաև ռազմաճակատի հրամանատար գեներալ Լեբեդինսկին, որ անվերապահորեն վստահում էր հայկական զորամիավորումներին: Ռուսական կայսերական իշխանություններին փոխարինած Ժամանակավոր կառավարությունը լավ էր ընկալում իրավիճակը: Ավելին` Կերենսկու կառավարությունը վճռական էր տրամադրված հաղթական ավարտին հասցնելու պատերազմը և պատրաստ էր աջակցել Հայկական ծրագրերին, մանավանդ որ ողջ Ռուսաստանում,  հատկապես` բանակում մոլեգնում էր բոլշիկյան քայքայիչ վտանգը:

1917 թ. սեպտեմբերի 13-ի հրամանով ռուսական գերագույն գլխավոր հրամանատարությունը որոշեց հայկական զորամիավորումներից ստեղծել առանձին հրաձգային բրիգադներ:

Քիչ անց ռուսական գլխավոր հրամանատարությունը որոշում ընդունեց Անդրկովկասում ստեղծել ազգային բանակային կորպուսներ, այդ թվում` հայկական, վրացական և իսլամական: 1917 թ. նոյեմբերի 19-ին ռուսական կառավարության փաստացի բացակայության պայմաններում ռազմաճակատի հրամանատարությունը թիվ 136 հրամանով պաշտոնապես թույլատրեց հայկական զորամիավորումներից առանձին բանակային կորպուս ստեղծել: Ռուսական կաբինետի նկրտումներն իրականացան միայն Հայկական կորպուսի պարագայում, քանզի վրացական և իսլամական զորամիավորումները չէին ցանկանում կռվել թուրքական զորքերի դեմ և, ըստ էության, լրացուցիչ բարդություններ էին առաջացնում ճակատային գծում:

Հայկական կորպուսի ստեղծման գործում մեծ էր հայ քաղաքական գործիչների, մասնավորապես` Ռուբեն Տեր-Մինասյանի, Արամայիս Երզնկյանի, Ստեփան Մամիկոնյանի դերը:

Հայոց ազգային խորհրդի առաջարկով` ռուսական հրամանատարությունը Հայկական կորպուսի հրամանատար նշանակեց ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ Թոմաս Նազարբեկովին, որը մինչ այդ աչքի էր ընկել 1877-1878 թթ. ռուս-թուրքական և 1904-1905 թթ. ռուս-ճապոնական պատերազմներում: Հայկական կորպուսի կոմիսար նշանակվեց Դրոն` Դրաստամատ Կանայանը: Կորպուսի շտաբի պետ նշանակվեց փոխգնդապետ Մասլովը, որին հետագայում փոխարինեց Վիշինսկին:

Հայկական կորպուսն ուներ 2 դիվիզիա` յուրաքանչյուրում՝ 4 գունդ, հեծելազորային բրիգադ (2 գունդ, յուրաքանչյուրում՝ 400 մարդ), Արևմտահայ  դիվիզիա, Ա բրիգադ (Էրզրումի գունդ՝ կազմված 2 գումարտակից), Երզնկայի գունդ (2 գումարտակ), Բ բրիգադ (Խնուսի գունդ՝ կազմված 2 գումարտակից), Ղարաքիլիսայի գունդ (2 գումարտակ), Վանի գունդ (2 գումարտակ), Զեյթունի գունդ, տեղական բանակային զորամասեր՝ Լոռու, Շուշիի, Ախալքալաքի, Ղազախի գնդերը (2-ական գումարտակ), Նուխիի, Ախալցխայի, Իգդիրի, Խանասորի ջոկատները։ 1918-ի մարտի 31-ի տվյալներով` Հայկական կորպուսում հաշվառված էր  19590 մարտիկ, որոնցից 818-ը՝ սպա։

Հայկական կորպուսի ստեղծումից հետո հայ քաղաքական ուժերը, ինչպես նաև ռազմաճակատի հրամանատարությունը ձեռնամուխ եղան նրա համալրմանը, սպառազինմանն ու պարենավորմանը: Կորպուսի համալրման հիմնական աղբյուրը զորակոչն էր և ռուսական զորամասերից հայազգի զինվորների տեղափոխումը ազգային զորամիավորում: Հայկական կորպուսում առկա էին 12 գնդեր, սպառազինությունը կազմում էր 36 թնդանոթ, 170 գնդացիր: Ճիշտ է, բոլշևիկներն իրենց սև գործն անում էին նաև Հայկական կորպուսում` ձգտելով քայքայել և կազմալուծել հայ-թուրքական ճակատը, սակայն այստեղ վիճակը, համեմատած ռուսական բանակի հետ, բարվոք էր:

Այս անձնակազմով էլ Հայկական կորպուսն իր վրա վերցրեց ռազմաճակատի գծի պաշտպանությունը: Հեղափոխությունից հետո ռուսական զորքերը լքեցին ճակատը: Թուրքական բանակը ճակատի ամբողջ երկայնքով հարձակման անցավ: Ուժերն անհավասար էին, բայց հայկական կորպուսը պատվով կատարեց խնդիրը. թուրքական բանակի առաջխաղացումը բնավ երթի չէր նմանվում: Կորպուսը նահանջում էր կռվելով: Միայն Սարդարապատում և Բաշ Ապարանում հաջողվեց կասեցնել թուրքերի առաջխաղացումը: Այս օրհասական օրերին, ճիշտ է, ոտքի էր կանգնել ողջ հայությունը, սակայն հայ ժողովրդի համար բախտորոշ այս ճակատամարտերում հարվածային ուժը, բնականաբար, Հայկական կորպուսի զորամասերն էին:

Փաստորեն, հենց Հայկական կորպուսի շնորհիվ ծնունդ առավ Հայաստանի Հանրապետությունը, սակայն նորակազմ պետության իշխանություններն ստիպված էին 1918 թ. հունիսի 4-ին Թուրքիայի հետ կնքած Բաթումի հաշտության պայմանագրով լուծարել հայկական զինված ուժերը: Հայկական կորպուսի փոխարեն ՀՀ իշխանությունները պարտավորվում էին Հայաստանում պահել միայն մեկ դիվիզիա` ոչ ավելի 5000 անձնակազմով: Վիճակը շտկվեց միայն աշնանը, երբ Մուդրուսի պայմանագրով Թուրքիան իրեն պարտված ճանաչեց պատերազմում և նախկին Հայկական կորպուսի հիման վրա ձևավորվեց Հայաստանի Հանրապետության բանակը:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է 4516 անգամ:
Print Friendly

Leave a Reply