Ցեղասպանության մասին գիրքը բաժանվելու է հունգարացի պատգամավորներին

Օրվա լուր | | October 21, 2009 17:28

Հունգարիայում լույս է տեսել «Հետազոտություններ հայոց ցեղասպանության թեմայով» գիտական հոդվածների ժողովածուն, որի շնորհանդեսը կայացավ այսօր:

Ժողովածուն ներկայացնում է Հայաստանի և Հունգարիայի պատմաբանների հոդվածները հայերեն, հունգարերեն, անգլերեն ու ֆրանսերեն լեզուներով և կարճ ամփոփագրերով: Գրքի 10 հեղինակներից 7-ը ազգությամբ հայ են, 3-ը` հունգարացի:

Գիրքը լույս է տեսել «Արարատ» մշակութային միության ֆինանսավորմամբ: Աշխատանքներին աջակցել են ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտն ու ԱՕԿՍ-ի «Հայաստան-Հունգարիա» ընկերությունը:

Սա Ցեղասպանությանը նվիրված առաջին հրատարակությունն է Հունգարիայում:

Հունգարիայում լույս տեսնող «Արմենիա» երկլեզու ամսաթերթի խմբագիր, Հունգարիայի հայ ազգային ինքնավարության վարչության տեղակալ Գագիկ Ջոթյանը շնորհանդեսին ասաց, որ գրքի օրինակները բաժանվելու են Հունգարիայի պառլամենտի պատգամավորներին:

«Այժմ հայ-թուրքական հարաբերությունների նմանօրինակ զարգացումը կարող է հանգեցնել Ցեղասպանության ճանաչման դանդաղեցմանը, իսկ այսպիսի գրքերը կարագացնեն այդ գործընթացը,-ասաց Ջոթյանը,- Այս ժողովածուն կունենա շարունակություն»:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը պատմեց, թե ինչպես ինքն ականատես եղավ 2004թ. Թուրքիայի վարչապետի այցին Հունգարիա, ինչը խափանեց Հունգարիայի պառլամենտի կողմից Ցեղասպանության ընդունումը: «Այս ժողովածուն մեծ դեր կխաղա Հունգարիայի կողմից Ցեղասպանության ճանաչման հարցում»,-ասաց Դեմոյանը:

Դիտվել է 1620 անգամ:
Print Friendly

Leave a Reply