Թվերը հուշում են
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | ankakh | հունիսի 8, 2012 1:15
Հունիսի 8-ին կմեկնարկի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի մրցաշարը:16 երկրների հավաքականներ, տեղաբաշխված չորս խմբերում, Լեհաստանի և Ուկրաինայի խաղադաշտերում կպայքարեն ուժեղագույնի կոչմանն արժանանալու համար: Իսկ ամեն բան կսկսվի A խմբում ընդգրկված Լեհաստանի և Հունաստանի հավաքականների մրցամարտով: Առաջին խաղն ամենից կարևորն է համարվում և յուրօրինակ եզրափակիչ է:
Դժվար է ասել, թե առաջնությունում որ թիմին հաջողությունն ուղեկից կլինի: Իսկ ահա վիճակագրական թվերը մտորումների տեղիք են տալիս:
Հավաքականներն ընդհանուր հաշվով հայտավորել են 368 ֆուտբոլիստի: Ամենափորձառու թիմը Հոլանդիայի հավաքականն է, իսկ առաջատարը Ռաֆայել վան դեր Վարտն է, որը ազգային հավաքականի կազմում 94 հանդիպման է մասնակցել: Ֆրանսիայի և Լեհաստանի հավաքականներն ամենից քիչ հանդիպումների մասնակցած խաղացողներով են համալրվել: Այդ թիմերի ֆուտբոլիստները միջին հաշվով խաղացել են 21-ական անգամ: Առաջնության ամենափորձառու ֆուտբոլիստն Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլիսն է, որն իր երկրի հավաքականի պատիվը պաշտպանել է 130 անգամ:
Ամենաբարձրահասակ ֆուտբոլիստներն ունի Գերմանիայի հավաքականը: Այս թիմն ակնհայտորեն մրցակիցների նկատմամբ առավելություն կդրսևորի «երկրորդ հարկում» պայքարում: Գերմանիայի հավաքականի խաղացողների միջին հասակը 185 սմ է: Իսկ առաջնության «Գուլիվերը» Շվեդայի հավաքականի դարպասապահ Անդրեաս Իսակսոնն է` 199 սմ:
Իտալիայի, Ռուսաստանի, Իռլանդիայի, Շվեդիայի հավաքականները խաղացողների միջին տարիքով ամենատարեցներն են` 28 տարեկան: Ամենաերիտասարդը Գերմանիայի ընտրանին է, որի խաղացողների միջին տարիքը 24 տարեկանն է:
Առաջնության ամենամեծ խաղացողը Հունաստանի հավաքականի դարպասապահ Կոստաս Խալկիդիսն է (37 տարեկան), իսկ ամենակրտսերը` Հոլանդիայի հավաքականի 18-ամյա պաշտպան Ջետերո Վիեմսը: Եթե նա խաղադաշտ դուրս գա, ապա կդառնա Եվրոպայի առաջնությունների պատմությունում ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որն իր կարողությունները փորձել է այդ ստուգատեսում: Իսկ առայժմ այդ առումով ռեկորդակիրը բելգիացի Էնցո Շիֆոն է, որն աշխարհամասի առաջնությանը մասնակցել է, երբ 18 տարեկան 115 օրական է եղել:





Facebook
Tweet This