Ի՞նչ է կատարվել Մոնպելյեում

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | June 10, 2012 7:09

Օրերս  Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքի մարզապալատում անցկացվեց մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, որում առաջին անգամ Հայաստանը մրցասպարեզ էր հանել երկու` մեծահասակների և երիտասարդների հավաքականներ ու միաժամանակ մասնակցում էր երկու ստուգատեսի:

 Եվրոպայի թիմային առաջնությունը կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ: Բազմամարտի առանձին մրցաձևերում պարգևները խաղարկելիս Հարություն Մերդինյանը նժույգաթափերում դարձավ բրոնզե մեդալակիր: Վերադարձից հետո մեր երկրի ներկայացուցիչների մրցելույթների գնահատականը խնդրեցինք տալ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանին:

 – 39 երկիր էր մեծահասակ մարզիկներ մրցասպարեզ հանել, սակայն հանդես էր գալիս 28 թիմ: Մեր ընտրանին զբաղեցրեց 11-րդ տեղը: Իսկ երիտասարդները 32 թիմերի մրցավեճում ճանաչվեցին  20-րդը: Սպասելիքները, որոնք ունեինք, արդարացան: Մեծահասակ 5 մարզիկ ունեինք, իսկ երիտասարդ` միայն 3-ը: Հաշվի էին առնվում երեք մարզիկների լավագույն արդյունքները, և Հայաստանի երիտասարդական թիմի անդամների համար դժվար էր, քանի որ բոլորի մրցելույթն էլ հաշվարկային էր: Բացի այդ, մեր երիտասարդ մարմնամարզիկներին պակասում էր միջազգային մրցափորձը: Փաստորեն, ներկայացուցչական ստուգատեսում առաջին անգամ  կարողությունները փորձելով, նրանք լուրջ սայթաքումներ չունեցան:

Օրինաչա՞փ էր Մերդինյանի հաջողությունը:

– Նա 2011-ին Բեռլինում կայացած Եվրոպայի անհատական առաջնությունում իր նախասիրած մրցաձևում` նժույգի վրա վարժություններում տիրացել էր բրոնզե պարգևի: Այս անգամ էլ 28-ամյա մարմնամարզիկն ապացուցեց, որ իր հաջողությունը պատահական չէ: Ի դեպ, նա ոչ միայն ավելի բարձր գնահատական ստացավ, այլև տպավորիչ կատարեց վարժությունները: 2011-ի առաջնությունում Հարությունը ստացել էր 14,975 գնահատական: Իսկ Մոնպելյեում Մերդինյանն առաջին օրն արժանացել էր 15,2, իսկ եզրափակչում` 15,3  գնահատականի: 0,4-ի առաջընթացը էական է: Ընդ որում, 4-րդ տեղը գրաված մարզիկը միավորների չնչին տարբերությամբ` 0,044-ով զիջեց Մերդինյանին: Փաստը խոսուն է և վկայում է, որ մրցակցությունը սուր էր: Այդուհանդերձ, խնդիր էր դրված մեդալ նվաճել, և առաջադրանքը կատարվեց: Մերդինյանը եզրափակիչ էր մտել 6-րդ արդյունքով: Նույնպիսի ցուցանիշ ուներ 5-րդ տեղը գրաված հունգարացի Հեդվիգ Վիլդը, սակայն վերջինիս կատարած վարժությունների բարդության աստիճանն ավելի բարձր էր, և նա առաջ էր: Սպասելի էր, որ թեժ պայքար կլինի, քանի որ այս մրցաձևում Եվրոպայի ուժեղագույններն են եղանակ ստեղծում անգամ աշխարհի առաջնություններում: Ի դեպ, Եվրոպայի առաջնությունում 1-ինը ճանաչվեց աշխարհի չեմպիոն, 2011-ի Եվրոպայի չեմպիոն, հունգարացի Քրիստիան Բերկին, 2-րդ մրցանակակիր դարձավ աշխարհի առաջնության  բրոնզե մեդալակիր, անգլիացի Լուիս Սմիթը: Իսկ ահա աշխարհի առաջնությունում 2-րդ մրցանակակիր դարձած ֆրանսիացի Սայքլ Տոմասոնի նյարդերը տեղի տվեցին, և նա պարտվեց: Մերդինյանի հետ  մրցակցում էր խորվաթ մարմնամարզիկը, որն արժանացավ 15,266 գնահատականի: Ի դեպ, Հարությունը, նրանից հետո վստահորեն կատարելով վարժությունները, կարողացավ առաջ անցնել:

Մերդինյանը հնարավորություն չունե՞ր բազմամարտի այլ մրցաձում պայքարելու մեդալի համար:

– Նա միայն նժույգաթափերում հանդես եկավ: Վահագն Դավթյանն էլ միայն օղակների վրա ցուցադրեց իր կարողությունները,  8-րդ արդյունքով մտավ եզրափակիչ և 8-րդն էլ մնաց: Օբյեկտիվորեն պետք է խոստովանել, որ Վահագնը կարող էր առաջ անցնել, սակայն մեդալի հույսի հնարավորություն չկար:

Առաջին հերթին հետաքրքրում է, թե ինչ մարզավիճակում է 19-ամյա Արթուր Դավթյանը, որը Լոնդոնում 2012-ին կայանալիք օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք է ստացել:

–  Նա և Վահագն Ստեփանյանը հանդես եկան բազմամարտի բոլոր 6 մրցաձևերում: Մեծ պատասխանատվություն էր դրված նաև Վահան Վարդանյանի վրա, որը  բազմամարտի 4 մրցաձևում մրցելույթ ունեցավ, և մեր թիմի անդամներից առաջինն էր կատարում վարժությունները: 19-ամյա այդ մարզիկը Սինգապուրում  կայացած պատանեկան առաջին օլիմպիական խաղերում գրավել է 8-րդ տեղը և շատ ինքնավստահ է: Այդ է պատճառը, որ Վահանի վրա էր դրվել այդպիսի պատասխանատվությունը: Նա կայուն մրցելույթներ է ունենում: Իսկ թիմային պայքարում առաջին մարզիկի մրցելույթը կարող է ոգևորել, նաև ընկճել նրանից հետո մրցելույթի նախապատրաստվողներին: Առանձնացնեմ նաև 29-ամյա Վահագն Ստեփանյանին, որը նժույգի վրա նոր կապակցություն ցուցադրեց, և այն կկոչվի նրա անունով: Մեր մարզիկը բարդ խաչաձևում է կատարում: Նա մարզագործիքի սկզբի մասում մեկ ձեռքով կանգ է կատարում, ապա 180 աստիճանի դարձումով մարզագործիքի դրսի մասից մոտենում է բռնակներին: Ինչ վերաբերում է Արթուր Դավթյանին, ապա նրա մրցելույթից գոհ եմ:

Հենացատկերը Արթուրի նախասիրած մրցաձևն է: Ինչո՞ւ նա եզրափակչի 8 լավագույնների թվում չպայքարեց մեդալների համար:

– Դավթյանը եզրափակչում պահեստային էր, քանի որ նախնական փուլում 10-րդ տեղն էր զբաղեցրել: Հենացատկերը մեր մարզիկը հաջող կատարեց, բայց նա ի վիճակի էր ավելին անելու: Սակայն կար մի հանգամանք: Մինչև մրցավայր մեկնելը Արթուրը երևանյան մարզումների ժամանակ մի փոքր ինքնատիրապետումը կորցրել էր: Դժվարանում եմ պատճառն ասել: Սակայն սուբյեկտիվ հանգամանք կա` կապված սննդային հավելումների օգտագործման հետ, որի մասին կարելի է խոսել միայն կասկածները ճշտելուց հետո: Իսկ իրականությունն այն էր, որ մարզիկն օդը` առաստաղի և հատակի տարբերությունը, սկսել էր լավ «չզգալ»: Հնարավոր էր,  որ նա վնասվածք ստանար: Խնդիր կար, որը մրցավայր մեկնելուց երեք օր առաջ կարգավորվեց, սակայն որոշ անվստահություն մնաց: Դավթյանը հենացատկերում 15,444 և 15,465 գնահատականներ ստացավ: Դրանք բարձր են, սակայն  մեր մարզիկն ի վիճակի էր ավելին վաստակելու: Օլիմպիական խաղերում եզրափակիչ մտնելու համար կպահանջվի առնվազն 16 միավոր ստանալ: Իսկ Եվրոպայում բազմամարտում 5-րդը ճանաչվելը` 83,999 միավորով, լավ ցուցանիշ է: Սակայն նա կարող է 86 միավոր հավաքել: Ի դեպ, ի տարբերություն աշխարհի առաջնության, Եվրոպայի առաջնությունում մրցավարները շատ ավելի խստապահանջ են և մարմնամարզիկներին իրենց կատարումների համար բարձր գնահատականներ չեն շռայլում:

Ներկայումս ի՞նչ անելիքներ կան:

– Հավաքականն արձակուրդի է պատրաստվում: Որպես կանոն, հունիսին Հայաստանում անցկացվում էր օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի սահմանած մրցանակների խաղարկության միջազգային մրցաշարը, սակայն այն հետաձգվել է, քանի որ տարին օլիմպիական է: Ոչ միայն Հայաստանի, այլև մյուս երկրների ներկայացուցիչները նախապատրաստվում են այդ ստուգատեսին: Եվ Արթուր Դավթյանը նույնպես կշարունակի նախապատրաստվել օլիմպիական խաղերին: Նա ուսումնամարզական հավաք կանցկացնի Իրանում կամ Վրաստանում: Ինքնին հարց կարող է ծագել, թե ինչու չենք պարապելու  խորհրդային ժամանակներից մեր մարմնամարզիկների նախապատրաստման սիրելի վայր հանդիսացող   մերձմոսկովյան «Կրուգլոյե օզերո» մարզաբազայում: Բանն այն է, որ դրա համար օրական պահանջվելու է 200 եվրո: Մինչդեռ Իրանում մարզվելիս ծախսելու ենք ընդամենը 60 դոլար: Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան ուսումնամարզական հավաք կազմակերպելու հնարավորություն չունի, և այդ հարցում օգնելու է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

Օլիմպիական խաղերին ի՞նչ կարգավիճակով եք ներկայանալու: Հայտնի է, որ բացի մարմնամարզությունից, նաև մրցավարական աշխատանքով եք զբաղվում:

– Ես Լոնդոնում կատարելու եմ մրցավարի պարտականություններ, իսկ Դավթյանին մրցասպարեզ դուրս կբերի մարզիչ Սոս Սարգսյանը: Մեր մարզիկի համար կարևոր հանգամանք է, որ Հայաստանից մարմնամարզության մրցաշարում մրցավար է լինելու:

Իսկ ի՞նչ ծրագրով է Արթուրը մրցելույթների նախապատրաստվում:

– Նա չի մասնակցի բազմամարտի մրցաշարին, և միայն  հանդես կգա իր նախասիրած մրցաձևում` հենացատկերում: Դա հնարավորություն կտա ավելի կենտրոնացած գործելու, բայց համարձակ քայլ է: Չի բացառվում, որ Արթուրը նաև նժույգի վրա վարժություններ կատարի: Դա կպարզվի հունիսին կայանալիք ուսումնամարզական հավաքից հետո: Բանն այն է, որ ուղեգրերի բացակայության պատճառով նժույգի վրա վարժությունների օլիմպիական խաղերի մրցաշարին չեն մասնակցելու Մերդինյանը և մի շարք ուժեղագույններ: Վերջիններից միայն  Բերկին և Սմիթն են հանդես գալու: Այնպես որ, եթե Արթուրը 15,5 միավոր վաստակի, կարող է մեդալի հավակնել, իսկ 14,7 միավորն անգամ կարող է բավարար լինել եզրափակիչ մտնելու համար:

 

 

Դիտվել է 1442 անգամ:
Print Friendly

Leave a Reply