«Մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | June 13, 2012 7:00

Յուրաքանչյուր բանական էակ իր տունն ու բնակարանը մաքրելուց հետո, բնականաբար, հավաքում է կուտակված աղբն ու լցնում աղբամանը: Նման կերպ վարվում են նաև բոլոր քաղաքակիրթ երկրներում, երբ ավլում են փողոցները: Կարծեմ Հայաստանն էլ համարվում է քաղաքակիրթ երկիր, չնայած նրա բնակավայրերը քաղաքակիրթ լինելուց շատ են հեռու:

Աբովյան քաղաքը, որին մայրաքաղաքին շատ մոտ գտնվելու համար երբեմն Երևանի թաղամաս են համարում, թվում է` որոշակի տարբերություն պետք է ունենա մնացած հեռավոր քաղաքներից. տարբերություն` լավ առումով: Բայց իրականում այս քաղաքը բավական հեռու է քաղաքակրթությունից ու զարգացած լինելուց:

Համեմատաբար երիտասարդ բնակավայր լինելով` հետամնաց ու կեղտոտ այս քաղաքում գրեթե հնարավոր չէ մաքուր փողոցներ ու մայթեր տեսնել: Չնայած դրանք ամեն օր մաքրվում են, կուտակված աղբն օրերով մայթեզրերին մնալով` տարածվում է քամիների ու անձրևների միջոցով: Քաղաքի բնակիչները, որոնք իրենց մեղքի բաժինն ունեն, անընդհատ բողոքում են քաղաքապետի անտարբերությունից ու հիշում նախկին քաղաքապետի ղեկավարման տարիները: «Կարո Իսրայելյանի ժամանակ փողոցներն էնքան մաքուր էին, որ մի թղթի կտոր չէիք տեսնի, հիմա դժվար է 1 մ մաքուր տարածք գտնել»,- դժգոհում է երիտասարդ Եվան: Իսկ Զարուհին էլ կարծում է, որ նախկինում քաղաքի մաքրության միակ գաղտնիքն այն էր, որ քաղաքապետը ոտքով էր շրջում քաղաքում և միշտ ականատես լինում փողոցներում կատարվող դեպքերին, իրադարձություններին ու մաքրությանը: «Նույնիսկ վախենում էինք թղթի մի կտոր գցել մայթին, քանի որ շատ հնարավոր էր, որ այդ պահին քաղաքապետը մի տեղից դուրս գար ու նկատողություն աներ: Նրան ամեն տեղ կարելի էր տեսնել»,- ծիծաղում է բնակչուհին: «Կարո Իսրայելյանը շփվում էր մարդկանց հետ, զրուցում, տեղեկանում նրանց խնդիրների մասին, լսում նրանց դժգոհություններն ու ընդառաջում: Եթե ներկայիս քաղաքապետի հետ երբեմն-երբեմն հանդիպելու, շփվելու և արտահայտվելու հնարավորություն ունենանք, միգուցե հիմա էլ ինչ-որ հարցեր լուծվեն»,- կարծում է նախկին ուսուցչուհի տիկին Մնացականյանը:

Փողոցների ու մայթերի մաքրությունից զատ, մտահոգիչ է նաև մայթերի թափթփվածությունը: Երևանում արդեն չես տեսնի մայթեզրերին «դասավորված» վաճառվող ապրանքներ, իսկ Աբովյանում դրանք կարելի է տեսնել ամեն քայլափոխի: Գնումներ կատարելու քաղաքակրթությանը դեռևս չտիրապետող աբովյանցիները չեն էլ մտածում, որ դասավորված ու կոկիկ խանութներից մարդիկ ավելի շատ են օգտվում ու ավելի հաճույքով: Անանցանելի մայթեզրերին կարելի է տեսնել վաճառվող ամենատարբեր ու անհավանական իրեր` հագուստ, տնտեսական ապրանքներ, գրենական պիտույքներ ու նույնիսկ սնունդ: Սակայն մայթերը դժվարանցանելի են ոչ միայն վաճառվող ապրանքների ու մարդկանց բազմության, այլև վաճառողների ու նրանց այցելող պարապ-սարապ մտերիմների պատճառով:

Եկել  է տարատեսակ արտադրանքներով ծանրաբեռնված մայթեզրերն ազատելու ու մաքրելու ժամանակը: Աբովյանն էլ, որպես բնակավայր, պետք է համապատասխանի  կառավարության կողմից սահմանված պահանջներին: Եվ չնայած քաղաքի ոչ բարեկեցիկ տեսքին` այն շատերին հայտնի է որպես փոքրիկ դրախտավայր` իր կանաչ տարածություններով ու մաքուր փողոցներով: Ուստի պետք է ամեն ինչ անել, որպեսզի վերադառնա քաղաքի բարի համբավն ու անունը:

 

Ռուզաննա ՄՈՎՍԻՍՅԱՆ

 

 

Դիտվել է 1358 անգամ:
Print Friendly

Leave a Reply