Նախորդ տարվա համեմատ այս տարի մայիսի դրությամբ Հայաստանում գրանցվել է 0.5% գնաճ
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 7, 2012 14:58
2012 թվականի մայիսին ապրիլի հեմամատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է սպառողական գների նվազում 1.3%-ով, այդ թվում` պարենային ապրանքների գները նվազել են 2.6%-ով, ոչ պարենային ապրանքների գները աճել են 0.2%-ով, իսկ ծառայությունների սակագները աճել են 0.1%-ով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Ըստ նրա` նախորդ տարվա մայիսի համեմատ այս տարի մայիսին Հանրապետությունում գրանցվել է 0.5% գնաճ, սակայն պարենային ապրանքների գները նվազել են 1.6 %-ով, իսկ ոչ պարենային ապրանքների գների գծով արձանագրվել է 4 % գնաճ:
Այս տարվա մայիսին ապրիլի համեմատ, ըստ առանձին ապրանքային խմբերի, արձանագրվել է հետևյալ պատկերը. հացամթերքի գները ընդհանուր առմամբ մնացել են անփոփոխ, մսամթերքի գները նվազել են 0.2%-ով, ձկնամթերքինը`- 0.7%, կաթնամթերքինը` -2.2%, ձվի գները` -2%, կենդանական և բուսական յուղինը` -0.4%, մրգի գները` -0.3%, շաքարավազինը -1.2 %: Մեծ գնանկում արձանագրվել է բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբում` -15.5%:
Իսկ գնաճ արձանագրվել է ընդամենը 4 ապրանքային խմբում` սուրճ, թեյ, կակաո, հրուշակեղենի և այլ մթերքների գծով +0.1 %, իսկ ծխախոտի, ոգելից և ոչ ոգելից խմիչքի գծով` +0.2%:
Հինգ ամսվա կտրվածքով պարենային ապրանքներից գնանկում է արձանագրվել կաթնամթերքի գծով` -3.8%, ձվի գները նվազել են 2.8%-ով, կենդանական և բուսական յուղի գները` 3.2%, իսկ շաքարավազինը` 4%-ով:
Բուժծառությունների և դեղորայքի շուկայում գրանցվել է համապատասխանաբար 0,6 և 1,9 տոկոս գնաճ, սակայն ուսումնասիրությունները կատարվել են էժանագին ու հաճախակի օգտագործվող դեղորայքի շրջանում:
Մարտիրոսյանը նշեց, որ սեզոնային բնույթով պայմանավորված բնական է, որ միրգ-բանջարեղենի շուկայում արձանագրվում է գների նվազում, իսկ ընդհանուր առմամբ, 1996-2011 թթ, բացառությամբ 2003 թ.-ի, Հայաստանում հունիս ամսին սպառողական գների ինդքսը արձանագրել է 0.3-3.1 նվազում, իսկ հուլիս ամսվա կտրվածքով` -0.7-5 %:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
