Ալյուրը, շոկոլադը, թանկացան, հերթը թեյինն է, բայց տեղական շուկայում դեռ գնային փոփոխություններ չկան
Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | ankakh | June 12, 2012 7:00
Վերջին ամիսներին սննդամթերքի շուկայում որոշ ապրանքատեսակներ թանկացան: Օրինակ` ալյուրի մեծածախ գինը թանկացավ ամիսներ առաջ` 50 կգ-անոց պարկը վաճառվելով նախկին գնից 2000 դրամ ավելի թանկ: Վերջին թանկացումը ալյուրի շուկայում արձանագրվեց մայիս ամսվա սկզբին` մեծածախ գնի մեկ պարկը իրացվելով 11 300 դրամով նախկին 9 200 դրամի փոխարեն:
Հացի արտադրությամբ զբաղվող ընկերություններից մի քանիսն արդեն արձագանքել են գնաճային փոփոխություններին և վաճառվող հացի գինը թանկացրել 20 դրամով: Իսկ շատ այլ մթերային կետերում հացի գինը դեռևս մնացել է անփոփոխ, գուցե այն պատճառով, որ տնտեսվարողներն ալյուրը սպառում են դեռևս նախկին պահուստից: Հնարավոր է, որ մինչև նոր չափաբաժնի ներկրումը սակագնային փոփոխությունները կայունանան, և հայ սպառողը ևս մի անգամ չկանգնի հացի գնի թանկացման փաստի առջև, քանի որ տնտեսագետների կարծիքով` ալյուրի գնի թանկացումը պայմանավորված է դոլարի փոխարժեքի բարձրացմամբ և ժամանակավոր բնույթ ունի:
Միջազգային շուկայում թանկացավ նաև շոկոլադը, որին անմիջապես արձագանքեց նաև հայկական շուկան: Բոլոր առևտրային կետերում և խոշոր սուպերմարկետներում վաճառվող շոկոլադի բոլոր տեսակներում գնային էական փոփոխություններ տեղի ունեցան: Մեկ տուփ շոկոլադը, օրինակ, թանկացել էր մինչև 100 դրամ, իսկ ավելի մեծ շոկոլադե սալիկների տուփերը` մինչև 300 դրամ:
Համաշխարհային շուկայում եղանակային վատ պայմանների պատճառով աճել են նաև թեյի գները: Ըստ միջազգային կանխատեսումների` երաշտն ու սառնամանիքը թեյի արտադրությամբ զբաղվող երկրներում, այդ թվում նաև Շրի Լանկայում և Քենիայում, կարող է թեյի արտադրության պակասուրդի պատճառ դառնալ, ինչն էլ կհանգեցնի թեյի 1կգ-ի մեջ նվազագույնը 3 դոլարի թանկացման: Աշխարհի թեյ արտադրող երկրորդ պետությունում` Հնդկաստանում, թեյի գինը կարող է բարձրանալ մինչև 10 տոկոսով, իսկ սև թեյի արտադրությունը կարող է նվազել մինչև 30 տոկոսով:
Հայաստանյան շուկայում դեռևս թեյի գնային փոփոխություններ չկան: Մի քանի սուպերմարկետներ շրջայց կատարելով` համոզվեցի, որ թեյի գները դեռևս մնացել են անփոփոխ: Ինչպես կարձագանքեն հայ ներկրողները թեյի համաշխարհային գների թանկացումներին` դեռ վաղ է կանխատեսումներ անել:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ապրանքային շուկայում պարբերաբար դիտարկումներ է իրականացնում գերիշխող դիրքի և գնային չարաշահումները կանխարգելելու նպատակով: Կառույցի աշխատակիցների կողմից թեյի շուկայում իրականացված մոնիթորինգի արդյունքում գնային փոփոխություններ չեն արձանագրվել: Օրինակ` «Լիպտոն» անվանումով փաթեթավորված սև թեյի 100 գրամանոց մեկ տուփը, ինչպես և տարեսկզբին, շարունակում է վաճառվել 550 դրամով: «Դիլմահ» անվանումով սև թեյի մեկ տուփը` դարձյալ 100 գրամանոց, նույնպես մնացել է անփոփոխ և վաճառվում է 500 դրամով: ՏՄՊՊՀ-ից տեղեկացանք, որ թեյի շուկայում կատարված վերջին ուսումնասիրություններով գերիշխող է ճանաչվել «Վալետտա» ՍՊԸ-ն, որի բաժինը շուկայում կազմել է 39,9 տոկոս: Հանձնաժողովը շարունակում է վերահսկողության տակ պահել շուկան, և գնային փոփոխությունների դեպքում կիրականացվեն համապատասխան միջոցառումներ` տնտեսվարողից պահանջելով հիմնավորում գնային փոփոխության վերաբերյալ: Ինչ վերաբերում է կանխատեսումներին, ապա ՏՄՊՊՀ-ից տեղեկացանք, որ իրենք հանդիսանալով վերահսկող պետական մարմին` կանխատեսումներով չեն զբաղվում:
Թե որքան կպահպանվեն թեյի նախկին գները, դժվար է ասել, իսկ այժմ դեռ վայելենք թեյի անուշ համն ու բույրը, քանի դեռ տնտեսվարողները չեն օգտագործել պատեհ առիթն ու կրկնապատիկ թանկացրել մեր սիրելի թեյը:
Լ.Ն






Facebook
Tweet This
Email This Post
