7 մանդատ` տասը զոհի դիմաց

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | June 8, 2012 11:00

Օրեր առաջ զրուցում էի ՀԱԿ-ի ակտիվիստ երիտասարդ մի աղջկա հետ: Անունը չեմ նշում, քանի որ նա ՀԱԿ-ի «վերնախավում» բարեկամ-հարազատներ ունի: Նորմալ, առողջ մտածելակերպով աղջիկ էր, որ ՀԱԿ-ի «պայքարին» էր միացել ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանին նախագահի աթոռին տեսնելու կամ ՀՀՇ-ին ԱԺ քաղաքական մեծամասնության կարգավիճակում տեսնելու մղումով, այլ, ինչպես բացատրեց, ուղղակի «երիտասարդ հոգին պայքար էր տենչացել անարդարության, բիրտ բարքերի դեմ` Հայաստանը ժողովրդավարական զարգացած երկիր տեսնելու հույսով»: Ու այդ ժամանակ, իր կարծիքով, միակ կարող ուժը ՀԱԿ-ն էր թվացել, որ ինչ-որ բան կփոխեր երկրում: Այս աղջիկը հիասթափված էր: Նրա հիասթափությունը «փուլային» էր եղել: Մի խոսքով` նա անընդհատ նշում էր, թե դժվար է հավատալ, որ ՀԱԿ-ն ամբողջ 4 տարի  ընդամենը 7 մանդատի կռիվ էր տալիս:

Հիշենք, որ 2008 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից առաջ նախագահի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջը ձևավորվեց նախընտրական դաշինք, կարճ ժամանակում վերաճեց շարժման, որը ոչ պաշտոնապես կոչվեց հենց այդ անունով: Համաժողովրդական շարժումը, որն ընտրություններում պաշտպանում էր Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, իր մեջ ներառում էր ավելի քան 20 քաղաքական կուսակցություններ և նախաձեռնություններ, ներառյալ «Ժառանգություն» և «Նոր ժամանակներ» կուսակցությունները, «Այլընտրանք» և «Հայ կամավորականների միություն» նախաձեռնությունները, մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններ և բազմաթիվ անհատ քաղաքացիներ:

Նախագահական ընտրություններից հետո սկիզբ առած բողոքի զանգվածային ակցիաների և Ազատության հրապարակում փետրվարի 21-29-ի նստացույցի ժամանակ Համաժողովրդական շարժման մեջ ներգրավվեցին «վարչախմբից ու կեղծ ընդդիմությունից» (ինչպես նշում են ՀԱԿ-ի հրապարակումներում) հիասթափված նորանոր զանգվածներ: 2008 թ. մարտի 1-ից հետո`  մայիսի 2-ին, Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսում նախագահ Տեր-Պետրոսյանն առաջ քաշեց Շարժմանը իստիտուցիոնալ բնույթ հաղորդելու և Հայ ազգային կոնգրես ստեղծելու գաղափարը: Ընդ որում, կոնգրեսի ստեղծմամբ Շարժման կուսակցությունները շարունակելու էին պահպանել իրենց ինքնուրույնությունն ու կառուցվածքը` որպես միավորիչ գաղափար ընդունելով «ավազակապետության վերացման, սահմանադրական կարգի վերականգնման, ազատ, ժողովրդավարական, իրավական և բարգավաճ պետության կերտման խնդիրը»:

«ՀԱԿ-ը հետմարտիմեկյան ժամանակաշրջանում հանդես է գալիս երեք հիմնական պահանջներով. քաղաքական բանտարկյալների անհապաղ ազատ արձակում, քաղաքացիների սահմանադրական իրավունքների վերականգնում և արտահերթ համապետական ընտրությունների անցկացում»,- նշվում է ՀԱԿ-ի ստեղծման պատմության մեջ:

Մի խոսքով` այս դաշինքը սկսեց ակտիվ ընդդիմադիր քաղաքական գործունեությունը` որդեգրելով «արմատական ընդդիմության» գործելաոճը: ՀԱԿ-ը նույնիսկ մենաշնորհի վերածեց «արմատական ընդդիմությունը»: Եվ ինչպես ստեղծման պահին հռչակել էր, սկսեց կազմակերպել երթեր, ցույցեր, հանրահավաքներ, հանդես գալ հայտարարություններով, տեսակետներով, մի խոսքով` բուռն քաղաքական գործունեությամբ: Ընդ որում` ամբողջ ընթացքում ՀԱԿ-ի բառապաշարում դոմինանտ էին «ավազակապետություն», «կազմաքանդում», «հանցավոր ռեժիմ» և այս ոգով բազմաթիվ այլ բնորոշումները գործող իշխանությունների հասցեին: Այդ բնորոշումներից չէր խուսափում կոալիցիա կազմած կուսակցություններից և ոչ մեկը: Եվ ՀԱԿ-ը, ինչպես արդեն հայտարարել էր, պահանջում էր իշխանությունների հրաժարականը, արտահերթ ընտրություններ և այլն:

Այսպիսով, ՀԱԿ-ը մեծ ծառայություն մատուցեց իշխանությանը` փակելով իրական չվարկաբեկված ընդդիմության ճանապարհը:

Այսպես շարունակվեց մոտ 1 տարի` մինչև Երևանի ավագանու ընտրությունները, որի ժամանակ ՀԱԿ-ը ստացավ որոշակի թվով մանդատներ, բայց դրանք վայր դրեց «հանցավոր ռեժիմի» հետ նույն մակույկում տեղ չզբաղեցնելու պատճառաբանությամբ:

Թվում էր, թե ՀԱԿ-ն ու կոալիցիան անհաշտ, անզիջում և ոխերիմ թշնամիներ են, բայց հանկարծ սկսվեց 2011 թվականի ընդդիմություն-իշխանություն երկխոսությունը: Այդ ժամանակ արդեն որոշ ՀԱԿ-ականներ որոշեցին հիասթափվել իրենց գուրգուրած «ընդդիմությունից»: ՀԱԿ-ը երկխոսում էր իր ոխերիմ թշնամու հետ, դա պատճառաբանում քաղբանտարկյալներին ազատ արձակելու մղումով, իշխանություներին զիջումների «դրդելով» ու էլի նմանատիպ «ազգանվեր» նպատակներով: Ինչևէ, նրանց հաշվարկները չարդարացան, քանի որ այդ մի քանի ռաունդանոց երկխոսությունից հետո իշխանությունները ոչ միայն չհայտնվեցին նոկաուտում, այլև միջազգային հանրության աչքում էլ ավելի ամրապնդեցին իրենց դիրքերն ու հեղինակությունը:

Անցավ ևս որոշ ժամանակ ու վրա հասան խորհրդարանական ընտրությունները:

Ընտրություններին նախորդող շրջանում քչերի մտքով կարող էր անցնել, որ ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն կարող են նման սերտ հարաբերություններ հաստատել և որոշակի հարցերի շուրջ համախմբելով իրենց ուժերը` իրական համագործակցություն ապահովել: ՀԱԿ-ի «քլնգոցից» երբևէ ԲՀԿ-ն չէր խուսափել: Բայց արի ու տես, ինչպես իր ելույթներից մեկում ՀԱԿ-ի առաջնորդը նշեց, «ԲՀԿ-ի թիկունքում Ռոբերտ Քոչարյանի ականջները պետք չէ փնտրել»: Ու ԲՀԿ-ն միանգամից «քոչարյանա-սերժական կլան»-ից դարձավ «քոչարյանազերծված» քաղաքական ուժ:

Ուշագրավ է, որ ՀԱԿ-ԲՀԿ դաշինքին էր միացել նաև ՀՅԴ-ն: Ստացվեց այնպես, որ ՀՀԿ-ն այնպես էր զզվացրել, որ գաղափարական ու աշխարհայացքային առումով դույզն-ինչ նմանություն չունեցող քաղաքական ուժերը համախմբվել էին գլխավոր ճակատամարտ տալու և «իշխանությունն ուզուրպացրած» ՀՀԿ-ին գահընկեց անելու համար: Սակայն այս սցենարը չէր կարող իրականանալ: Այդուհանդերձ Լևոն Տեր-Պետրոսյանը համագործակցեց ԲՀԿ-ի հետ, աջակցեց ԲՀԿ-ի ընդդիմադիր իմիջի ձևավորմանը՝ դրանով իսկ ՀԱԿ-ի ընտրազանգվածի զգալի հատվածին նետելով Գագիկ Ծառուկյանի գիրկը:

Նշենք, որ 2008 թ. նախագահական ընտրությունների շրջանում էլ Լևոն Տեր-Պետրոսյանի մշակած խաղի տրամաբանությունը իշխանության ներսից «դարպասներ բացողներ» գտնելն էր և այնպիսի իրավիճակի ստեղծումը, որը կերկփեղկեր իշխանությունը: Մայիսի 6-ին կայացած քվեարկությունը ցույց տվեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի մարտավարությունը այս անգամ էլ անհաջողության մատնվեց, քանզի ԲՀԿ-ն, հավաքելով պատկառելի թվով ձայներ, այնուամենայնիվ մեծամասնություն չկազմեց, իսկ ՀԱԿ-ը վերածվեց ճնշող փոքրամասնության: Կասկածից վեր է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա շրջապատը հիմա արդեն գիտակցում են, որ ՀԱԿ-ԲՀԿ սիրավեպն ավարտված է, և ԲՀԿ-ն, ունենալով կենսունակության շարունակականություն ապահովելու խնդիր, իր ճանապարհով է գնալու, և այդ ճանապարհին ՀԱԿ-ը միայն մրցակից է, ոչ դաշնակից:

ՀԱԿ-ը մայիսի 6-ին «նվաճեց» 7 պատգամավորական մանդատ, այնուհետև կարծես որոշեց վերցնել նաև Երևանի ավագանու իր մանդատները: Եվ դրանից հետո ՀԱԿ-ի շարքերը լքեց նրա առանցքային ուժերից մեկը` «Հանրապետություն» կուսակցությունը, ինչպես նաև` որոշ անհատներ:

Այսպիսով, ՀԱԿ-ը, կարծես մոռանալով, որ ԱԺ-ում ընդամենը 7 մանդատ ունի, որոնք (եթե 17 էլ լինեին), միևնույն է, ոչ մի հարց չեն լուծելու, շարունակում է խոսել իշխանափոխության, հեղափոխության և այլնի մասին, չնայած այդ հռետորաբանությանը հավատացողների բանակը, որը, չենք կարող չնշել, բավականին բազմամարդ էր 2008 թվականին, օրեցօր նոսրանում է: Իսկ ՀԱԿ-ի ակտիվիստները, իմ զրուցակից աղջկա պես, սկսում են կարծել, որ ամբողջ կռիվը 7 մանդատի համար էր: Ինչքան էլ դժվար լինի դրան հավատալը:

Դիտվել է 1886 անգամ:
Print Friendly

Leave a Reply