Ո՞վ էր ասում, թե «սառը պատերազմը» վերջացել է

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | June 7, 2012 14:38

Մեր տարածաշրջանի նկատմամբ միջազգային հանրության և աշխարհի «հզորների» հետաքրքրությունն ակնհայտորեն աճել է: Վերջին երկու ամսում չի եղել փոքրիշատե հեղինակավոր մի միջազգային համաժողով, խորհրդաժողով, գագաթնաժողով կամ երկխոսություն, որի ժամանակ չարծարծվեր Հարավային Կովկասին վերաբերող ինչ-որ հարց: Մասնավորապես, նախ Եգիպտոսում «Չմիավորման շարժման» անդամ երկրները, Ադրբեջանի դրդմամբ, ընդունեցին մի փաստաթուղթ, որը Ղարաբաղյան կարգավորման խնդրում առաջնահերթությունը տալիս էր տարածքային ամբողջականության սկզբունքին: Սա Արևմուտքի կողմից մեր տարածաշրջան հասած առաջին մեսիջն էր, բայց, այսպես ասած, «երկրորդ  էշելոնից», քանի որ, չնայած այն հանգամանքին, որ Չմիավորման շարժումն ընդգրկում է 120 անդամ երկրներ և իր մեծությամբ աշխարհում երկրորդն է ՄԱԿ-ից հետո, նրա բանաձևերը պարտադիր կատարման ենթակա չեն և միջազգային իրավունքի տեսանկյունից որևէ իրավական հետևանք չեն բերում: Այնուամենայնիվ, այն մեսիջ էր և արդեն կատարված փաստ:

Երկրորդ մեսիջը, որ Արևմուտքը «հղեց» տարածաշրջան, Չիկագոյում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ վերջնական փաստաթղթում մեր տարածաշրջանին վերաբերող հատվածն էր, որը նույնպես աղերս չուներ ազգերի ինքնորոշման իրավունքի հետ և արձանագրում էր տարածքային ամբողջականության սկզբունքը:

Բնական է, որ միջազգային այս երկու կարևոր հարթակներից հնչած մեսիջները պետք է պատասխան ստանային հենց մեր տարածաշրջանից: Ըստ այդմ, առաջին ուղերձը , որ հղվեց ի պատասխան վերոհիշյալ երկու մեսիջների, հնչեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի շուրթերից: Նա Երևան-Մոսկվա-Կիև-Աստանա-Քիշնև հեռուստակամուրջի ժամանակ ասաց, որ Հայաստանը ՀԱՊԿ լիիրավ անդամ է, և եթե Հայաստանի նկատմամբ ոչ բարիդրացիական քայլեր ձեռնարկվեն, ապա ՀԱՊԿ անդամ երկրներն անվերապահորեն  կսատարեն Հայաստանին: Սա ՀԱՊԿ քարտուղարի պատասխանն էր ադրբեջանցի լրագրողի հարցին, թե «եթե Ադրբեջանն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար ռազմական ճանապարհն ընտրի, կմիջամտի՞ արդյոք ՀԱՊԿ-ն»:

Ռուսաստանի կողմից մեր տարածաշրջանին, մասնավորապես` Հայաստանին ու Ադրբեջանին վերաբերող երկրորդ  ուղերձը հնչեց ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի շուրթերով: Նա Հայաստանում  ասաց, որ Պուտինը և նրա խորհրդատուները Ղարաբաղյան հակամարտության հարցը մի կողմ չեն դնելու: Նախագահ Պուտինի կողմից այդ ուղղությամբ անպայման քայլեր ձեռնարկվելու են, տարածաշրջանում լարվածություն ստեղծողը Ադրբեջանն է, Հայաստանն ու Ռուսաստանը պետք է մտածեն, թե ինչպիսի քայլեր կարելի է ձեռնարկել, որպեսզի թուլանա Ադրբեջանի կողմից ստեղծված լարվածությունը:

«Երևի զգացել եք, որ արդեն քանիերորդ տարին է, ինչ Ադրբեջանը ջանում է ճնշում գործադրել միջնորդ երկրների վրա, որպեսզի նրանց թելադրի կամ հասնի հարցի կարգավորման ադրբեջանամետ տեսակետների: Բայց ինձ թվում է, որ թեև այդպիսի ջանքեր էին գործադրվում, վերջ ի վերջո, միջնորդ երկրներն այս հարցում հաստատակամ էին, և Մադրիդում ու մյուս վայրերում համաձայնեցված սկզբունքները մնացին առաջնորդող»,- Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կոնստանտին Զատուլինը:

Նա նշեց նաև, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմաքաղաքական գործընկերն է, իսկ Ադրբեջանը ԱՊՀ-ի անդամ երկիր է և ոչ ավելին: Իսկ Ռուսաստանը կողմ է, որ բանակցությունները շարունակվեն: Նրա խոսքով` Հայաստանը և Ռուսաստանը փոխադարձ պարտավորություններ ունեն, և ոչինչ չի խոսում այն մասին, որ որևէ մեկը կհրաժարվի այդ պարտավորություններից: Ռուսաստանը ընկերներին չի  փոխում ու մենակ չի թողնում, ինչպիսի իրավիճակ էլ լինի Ռուսաստանի կամ Հայաստանի ներքին կյանքում:

Այս իրադարձությունները ցույց տվեցին, որ անկախ դիվանագիտական ձեռքսեղմումներից և ժպիտներից` Արևմուտքի և Ռուսաստանի միջև որոշ անհամաձայնություններ կան: Սրանք, առաջին հերթին, կապված  են Ռուսաստան-ԱՄՆ, Ռուսաստան- ԵՄ անհամաձայնությունների հետ, օրինակ` Սիրիայի, Իրանի խնդիրների և առավելապես ՆԱՏՕ-ի անդամների կողմից Եվրոպայում հակահրթիռային կայանների տեղադրման վեճի հետ: Այս հակադրությունը, բնականաբար, տարածվում  ու երևակվում է նաև մեր տարածաշրջանում:

Ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանը հաստատեց, որ Հարավային Կովկասն իր համար կարևոր տարածաշրջան է: Եվ սկսած 2008 թվականից` այս տարածաշրջանում ազդեցության` Ռուսաստան-Արևմուտք մրցակցության հարց չկա: Օրեր առաջ  կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին  հայտարարեց նաև ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Ըստ նրա` սա չի նշանակում, թե Արևմուտքը չի փորձելու հաստատվել այս տարածաշրջանում, քանի որ Արևմուտքը ևս իր շահերն ունի: Եվ այս առումով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը հարավկովկասյան տարածաշրջան վկայում է առկա մտահոգիչ իրավիճակի մասին,  սակայն Քլինթոնի այցը հիմնականում կապված է Իրանի խնդրի հետ:

Ըստ Մանոյանի` մեզ համար, անշուշտ, առավել կարևոր են ԱՄՆ-Հայաստան հարցերը կամ այն հարցերը, որոնց կապակցությամբ ԱՄՆ-ն շահագրգռվածություն ունի, մասնավորապես` Ղարաբաղյան հակամարտությունը և հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման գործընթացը:

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը ևս «Ազատություն» ռադիոկայանին տեսակետ է հայտնել, որ պետքարտուղարի այցը «առճակատման պոտենցիալով լի» տարածաշրջանի իրադրությունը որոշակիորեն մեղմելու, ինչպես նաև ամերիկյան շահերն առավել հստակորեն արծարծելու նպատակ ունի:

«Սա, կարծում եմ, նաև ինչ-որ չափով անուղղակի կշտամբանք է` ուղղված Ռուսաստանին, որն ընդունվում է առայժմ որպես գլխավոր դերակատար տարածաշրջանում, հետևապես` նաև պատասխանատու այդ հարցերի համար, և ձգտում է մնալ այդպիսին»,- նշել է քաղաքագետը:

Այնուամենայնիվ, Քլինթոնը եկավ Հայաստան, «մտահոգվեց», որ իր այցի նախօրեին հայ-ադրբեջանական սահմանին դեպքեր են արձանագրվել, որոնց հետևանքով հայ զինծառայողներ են զոհվել, խոստացավ, որ հարցեր կուղղի Ադրբեջանի ղեկավարությանը, ասաց, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցում «գնդակը թուրքական դաշտում է», որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես առանց ուժի կիրառման և խաղաղ ճանապարհով և այլն, և այլն: Այս մասին նա մինչ այդ էլ բազմիցս ասել էր` Վաշինգտոնի իր տաքուկ առանձնասենյակում նստած: Ուղղակի այցով նա ցանկանում էր ընդգծել այս տարածաշրջանի կարևորությունն իր երկրի համար: Ինչևէ, սպասենք Ռուսաստանի «պատասխան»ուղերձին, որը, համոզված ենք, չի ուշանա:

 

Դիտվել է 1276 անգամ:
Print Friendly

Leave a Reply