Մեկ ֆեդերացիա` երկու նախագահ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | June 7, 2012 13:12
Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիան երկու նախագահ ունի: Այդ կազմակերպության նորընտիր նախագահը Կարեն Գյունաշյանն է: Գագիկ Հովհաննիսյանն էլ չի մասնակցել վերջերս կայացած ֆեդերացիայի համաժողովին և, գտնելով, որ ինքը մնում է նախագահի պաշտոնին, չի հանձնում կազմակերպության կնիքը, փաստաթղթերը: Ստեղծված իրավիճակի մասին այսօր լրագրողներին հայտնեց Գյունաշյանը: Նա նշեց նաև, որ հարցը կարգավորելու համար դիմելու է տարբեր ատյանների:
Ստացվում է, որ մինչև խնդիրը կարգավորվի, Հայաստանում ջրագնդակի երկու ֆեդերացիա է գործելու: Ի դեպ, առանց կնիքի Գյունաշյանը ոչ մի խնդիր չի կարող լուծել, միջոցառումներ կազմակերպել, պատվիրակներ գործուղել միջազգային ստուգատեսների և այլն:
Փոխարենը` Հովհաննիսյանի և նրա համախոհների նախաձեռնությամբ առաջիկայում նախատեսվում է կազմակերպել Հայաստանի բաց առաջնություն, որին մասնակցելու է ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներից կազմված թիմ: Ի դեպ, Հովհաննիսյանին են աջակցում ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակից մի շարք վետերան ջրագնդորդներ, այդ թվում նաև մարզիչ Վահե Առաքելյանը և նրա սաները:
Միջազգային կարգի մրցավար Ռուբեն Եսայանը հայտնեց, որ Հայաստանում ջրագնդակն ավանդույթներ է ունեցել և, անձնական հարցերը կողմ դնելով, համատեղ ուժերով հնարավորը պետք է անել դրանք վերականգնելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
