Խորհրդային մտածողություն. Ի՞նչ են տալիս կոչումները

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | October 21, 2009 16:49

Խորհրդային տարիներին մարդկանց տեղիանտեղի տարբեր կոչումներ էին շնորհում եւ մեդալներ հանձնում: Ամենահարուստ հավաքածուն ուներ ՍՄԿԿ գլխավոր քարտուղար, երկրի փաստացի տիրակալ Լեոնիդ Բրեժնեւը: Այդ մասին անեկդոտներ էին պատմվում: Սպորտի բնագավառում էլ այդ ամենը կար: Կոչումներ էին սահմանված ոչ միայն մարզիկների, այլեւ մարզիչների համար: Մարզիկների համար բարձրագույն կոչումը համարվում էր «ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետը»: Իսկ լավագույն մարզիչներն արժանանում էին «ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ» կոչմանը: Կար կոչումների եւ մարզական կարգերի մեծ սանդղակ:

Նույն սկզբունքով մարզական բնագավառի աշխատողների կոչումներ եւ մարզական կարգեր էին սահմանվել նաեւ ԽՍՀՄ տարբեր հանրապետություններում, այդ թվում` Հայաստանում: Եվ քանի որ դրանք արտոնություններ էին տալիս, նաեւ նյութական` քիչ չէին չարաշահումների, զեղծարարությունների դեպքերը` կոչումներ ստանալու համար: Սակայն դրանք անվնաս ապօրինություններ էին համարվում, չմերկացվող:

Օրինակ` շնորհաշատ մարզիկը, երբ մեկ անգամ հաջողության էր հասնում`ասենք աշխարհի չեմպիոն էր դառնում, հաջորդ տարի նրա անվան դիմաց ձեւականորեն մեկ այլ մարզչի անուն էր գրվում: Եվ եթե մարզիկը կրկնում էր իր ձեռքբերումը, նրա նոր մարզիչն անմիջապես դառնում էր վաստակավոր: Սովորական էր նաեւ, որ փորձառու մարզիկը միտումնավոր պարտվում էր մրցակցին, եթե դրա շնորհիվ նրա հակառակորդը դառնալու էր «Սպորտի վարպետ»: Դրա համար միայն պետք էր պայմանավորվել, ընդհանուր հայտարարի գալ:

Միացյալ երկիրը փլուզվեց, սակայն կոչումների շնորհման առումով` Հայաստանում շատ բան չփոխվեց: Ընդ որում, անցումային շրջանում սկսեցին դրանք շռայլել եւ նույնիսկ «ՀՀ վաստակավոր մարզիչ» կոչմանն արժանացել էին այնպիսի մարդիկ, ովքեր նախկինում մարզչությամբ ընդհանրապես չէին զբաղվել:

Ինքնին հարց է առաջանում, եթե արտասահամանյան երկրներում մարզիկներիմարզիչների համար չկան սահմանված այդպիսի կոչումներ, նրանք ճանաչման չե՞ն արժանանում: Պարզապես, դա մեր երկրում չցանկացան վերացնել: Այժմ էլ, կարելի է ծանոթով հարցեր լուծել, եւ քիչ չեն դեպքերը, երբ անարժաններն առաջ են անցնում արժանավորներից, տարբեր կոչումներ ստանում:

Սակայն կան նաեւ հակասական բաներ: Մի շարք մարզաձեւերի ներկայացուցիչների համար, եթե սպորտի վարպետ դառնալը հեշտ է, ապա ծանրորդների համար այնպիսի բարդ պահանջներ են, որ միայն կարելի է տարակուսել: Մասնավորապես, ծանրամարտում ունենք բարձրակարգ մարզիկներ ` ՀՀ ծանրամարտի հավաքականի մեր բոլոր տիտղոսակիր մարզիկները, ովքեր կրում են միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում, սակայն տեւական ժամանակ է Հայաստանում չի աճում սպորտի վարպետ ծանրորդների թիվը:

Տարօրինակն այն է, որ վերջին 5 տարին մեր երկրում սպորտի վարպետի կոչման արժանացող մարզիկ չի եղել: Եվ երկար որոնումներից հետո գլխի են ընկել, որ դրա դեմն առնելու լավագույն տարբերակը կլինի, եթե կոչումների շնորհման նոր կարգեր սահմանվեն: Սակայն քանի դեռ այդ մասին նոր հրամանագրեր չկան, հին կանոնները մնում են ուժի մեջ:

Եվ ահա, նախորդ շաբաթ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանի հրամանով սահմանվել է «Ֆիզկուլտուրայի եւ սպորտի պատվավոր աշխատող», «Սպորտի վաստակավոր վարպետ» կոչումների հաստատման կարգը: Նախարարության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ պատվավոր աշխատողի կոչում է շնորհվում բնագավառում առնվազն 20 տարի աշխատած մասնագետներին` հերթափոխի պատրաստման, սպորտի պրոպագանդման համար, ինչպես նաեւ նրանց, ովքեր ակտիվորեն աջակցել են Հայաստանում ֆիզկուլտուրայիսպորտի զարգացմանը: «Վաստակավոր վարպետի կոչում է շնորհվում նրանց, ովքեր նվաճումների են հասել օլիմպիական խաղերում, աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում, նպաստել են ՀՀ մարզական հեղինակության բարձրացմանը, գրավելով օլիմպիական խաղերում` 1-3-րդ տեղը եւ աշխարհի առաջնությունում` 1-ին տեղը», – ասված է հաղորդագրությունում:

Հարց է առաջանում, իսկ Եվրոպայի առաջնություններում մի քանի անգամ հաջողության հասած մարզիկներին դա վերաբերո՞ւմ է, թե՞ ոչ: Արդյոք, ինքնանպատա՞կ են հիշատակվում Եվրոպայի առաջնությունները: Խորհրդային տարիներին, Եվրոպայի առաջնությունների կրկնակի մրցանակակիրը սպորտի վաստակավոր վարպետի կոչում էր ստանում: Մասնավորապես, ծանրամարտի ՀՀ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանն այդ կապակցությամբ «Անկախին» հայտնեց, որ դա ճիշտ էր եւ, իր կարծիքով, ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Աշոտ Դանիելյանը վաղուց պետք է այդ կոչմանն արժանացած լիներ: Եվ քանի որ Հայաստանում վերջին տարիներին չի ավելանում ծանրորդ սպորտի վարպետների թիվը, դրա պատճառի մասին եւս խնդրեցինք պարզաբանել փորձառու մասնագետին. «Ըստ ներկայիս գործող կարգի, մարզիկն այդպիսի պատվի արժանանալու համար պետք է պարտադիր ՀՀ մեծահասակների առաջնությունում երկու անգամ անընդմեջ դառնա չեմպիոն, մեկ անգամ էլ մրցանակակիր: Դա գրեթե անհնարին բան է, քանի որ բոլոր քաշային կարգերում էլ ունենք տիտղոսակիր մարզիկներ, որոնցից Եվրոպայի, աշխարհի ուժեղագույն ծանորդներն են դողում: Եվրոպայի առաջնություններում մեր հավաքականի անդամների մեծ մասը չեմպիոն է դառնում կամ մրցանակակիր: Այդ մարզիկների հետ հնարավո՞ր է պայքարել Հայաստանի առաջնությունում եւ նրանց հաղթել:

Սպորտի վարպետ դառնալու համար նաեւ անհրաժեշտ է որոշակի սահմանված ծանրություն բարձրացնել: Սակայն դրանք հավասար են Եվրոպայի առաջնություններում 1-6-րդ տեղեր գրավող մարզիկների ցուցանիշներին»:

Այժմ արդեն առաջարկություններ են եղել, որպեսզի փոփոխություններ կատարվեն այդ կարգում: Առաջարկ է եղել, որ նոր նորմատիվներ սահմանվեն յուրաքանչյուր քաշային կարգում: Եվ եթե մարզիկը հաղթահարի այդ կիլոգրամները, նրան շնորհվի սպորտի վարպետի կոչում: Մասնագետները գտնում են, որ մեր երկրի ամենաներկայացուցչական ստուգատեսը Հայաստանի առաջնությունն է: Ծանրամարտի ՀՀ տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանն այն կարծիքին է, որ եթե մարզիկն այդ նորմատիվը կատարում է, ապա պետք է ստանա համապատասխան կոչումը: Սակայն այստեղ էլ կա մեկ բարդություն: Կարող է խնդիր առաջանա, որ Հայաստանի առաջնության ժամանակ նաեւ դոպինգի ստուգում լինի, որը չի արվում:

Մխիթարյանը կողմ է կոչումներին այն պատճառաբանությամբ, որ մարզիկը հնարավոր է չեմպիոն չդառնա, սակայն նրա համար ցանկալի կլինի, իրեն երջանիկ կհամարի, եթե կրի սպորտի վարպետի կոչումը:

Ծանրամարտի ՀՀ հավաքականի ներկայիս բոլոր հնաբնակները միջազգային կարգի սպորտի վարպետներ են: Դարձյալ, որքան էլ տարօրինակ է, նրանց թվում չկան սպորտի վաստակավոր վարպետներ: Անկախացումից հետո դեռ մեր ոչ մի ծանրորդ սպորտի ՀՀ վաստակավոր վարպետի կոչում չի ստացել: Պեկինում կայացած օլիմպիական խաղերում մեր ծանրորդներից երեքը` Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը, Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը եւ Գեւորգ Դավթյանը մրցանակակիր են դարձել, բայց նրանք այդ բարձրագույն կոչումը չունեն: Կարելի է ասել, որ այդ կոչմանը հասնելու համար նրանք կյանք են տվել: Նրանք բոլորն էլ մեկուկես տասնամյակից ավելի քրտնաջան պարապել են, անցել շատ փորձություններով` մինչեւ հասել են այդ ցուցանիշին:

Նույնը կարելի է ասել նաեւ հունահռոմեական ոճի ըմբիշներ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ Ռոման Ամոյանի, Յուրի Պատրիկեեւի մասին:

Դիտվել է 1714 անգամ:
Print Friendly

Leave a Reply