Փրկենք Նելլիին. ցուցահանդես՝ նվիրված Նելլի Ադամյանին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 6, 2012 18:17

Հունիսի 5-ին Նարեկացի արվեստի միությունում կայացավ ցուցահանդես՝ նվիրված Նելլի Ադամյանին:

Ցուցահանդեսի նպատակն է աջակցել Նելլին, ով հիմա գտնվում է Մոսկվայում, որտեղ տեղափոխվել է սուր լեյկոզի սրացումից հետո: Ներկայացված աշխատանքների հեղինակները Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողներն են, այնտեղ է սովորում եւ Նելլին:

Ցուցահանդեսի բացումն սկսվեց տերունական աղոթքով, որի ընթացքում էկրանին ցուցադրվում էին Նելլիի լուսանկարները. կյանքով լի, ուրախ մի աղջիկ էր ժպտում էկրանից, որ կարծես հաղթահարելով տարածությունն ու հեռավորությունը՝ ներկա էր իրեն նվիրված ցուցահանդեսին, որին, ի դեպ, ներկայացված է նաեւ իր  աշխատանքը:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Գեղամ սարկավագն  իր խոսքում Նելլիին շուտափույթ ապաքինում մաղթեց՝ նշելով,  որ  լիահույս է՝ նա շուտով կվերադառնա հայրենիք:

«Մի լուսավոր մարդ, տաղանդավոր արվեստագետ է Նելլին՝ մեր ընկերը… Հիմա Մոսկվայում է, տառապում է սուր լեյկոզով, սակայն բժիշկներն ասել են, որ ամբողջությաբ կբուժվի… Պետք եղածը միայն գումարն է: Ծիծաղելի է նույնիսկ, հարցը միայն գումարն է, իսկ մենք այն չունենք, այն շատ մեծ է: Եթե բոլորս ձեռք մեկնենք, ապա նա կփրկվի: Հիմա դրա համար ենք հավաքվել, մի լուսավոր մարդու կյանքի փրկության համար ենք այստեղ»,-ասաց ցուցահանդեսի կազմակերպիչներից Արփինե Պետրոսյանը:

Նելլիի մյուս ընկերուհին՝ Սուսաննա Ֆարմանյանը, շնորհակալություն հայտնեց իրենց ընկերուհու կյանքի համար պայքարող անձանց. «Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր օգնել են մեզ՝ թե՛ աշխատանքներ են տվել, թե ՛ ՆԱՄ-ին, որ  սրահ  է տրամադրել, թե՛ բոլոր նրանց, որ մինչ այժմ գումար են փոխանցել եւ նրանց, որ ուղղակի մեզ հետ են եղել»:

Նելլիի  ընկերներից Գրիգոր Դաթոյանը շեշտեց, որ իրենց ընկերուհին շատ ուրախ մարդ է, ուստի պետք չէ նրա մասին խոսելիս տխրել. «Անհնար է խոսել նրա մասին եւ չժպտալ: Նա շատ գունավոր, վառ անհատականություն է: Հավատում ենք, որ մեր արածն իր արդյունքը կտա, Նելլին կվերադառնա մեզ մոտ՝ արդեն առողջացած»,-նշեց նա:

ՆԱՄ հիմնադիր Նարեգ Հարթունյանն էլ իր խոսքում ողջունեց երիտասարդներին, նրանց նախաձեռնությունը: Նրա խոսքերով անհնար է, որ Նելլին չզգա այսքան դրական էներգիան. «Ես լուսանկարներում տեսա, որ նաեւ նվագում է, հետեւաբար խնդրելու պես պահանջում ենք, պահանջելու պես խնդրում, որ հետ գալուն պես այստեղ՝ ՆԱՄ-ում, ցուցահանդես ու համերգ ունենա»,-ասաց ՆԱՄ հիմնադիր Նարեգ Հարթունյանը՝ Նելլիի ընկերներին հանձնելով ՆԱՄ խորհրդանշական նվերները, որ նրան փոխանցեն:

Ռուզաննան մեկ աշխատանք է ներկայացրել. նրա քանդակը «Ծիտիկ» է կոչվում: «Իմ ընկերուհու հետ ընդհանրություններ ունի, չարաճճի է, կյանքով լի է նրա նման»:

Արգինեն եւս մեկ աշխատանք  է ներկայացրել, հուսով է՝ դրանով կկարողանա ինչ-որ կերպ օգնել նրան: «Շատ-շատ կարոտել եմ քեզ, Նելլի՛, շուտ ապաքինվի՛ր…»,-ասում է Արգինեն ու թեեւ ժպտում է, բայց նրա աչքերում նաեւ արցունքներ են շողում:

Ցուցահանդեսի մասնակից երիտասարդները հավատով, սիրով ու վստահությամբ են գործում. այս պահին ամենակարեւորը Նելլին է, եւ վստահ են՝ իրենք կկարողանան  անել դա, միասին են հաղթահարելու հիվանդությունը, իսկ այդ հարցում կարող է օգնել յուրաքանչյուրը. «Ես չէի սպասում, որ իմ ընկերուհին կհիվանդանա, դա ոչ մեկ նախօրոք չի իմանա: Անտարբեր մի՛ եղեք»,-կոչ է անում Արփինեն:

Նելլի ու նրա ընկերների աշխատանքները ՆԱՄ-ում կարող եք դիտել մինչեւ հունիսի 12-ը:

 Հ. Գ. Ելնելով ՆԱՄ հիմնական սկզբունքից՝ ՆԱՄ-ում  ոչ  մի դրամական գործարք չի կարող իրականացվել, սակայն նրանք, ովքեր արդեն ցուցահանդեսից հետո կցանկանան գնել դրանք, կարող են զանգահարել հետեւյալ  հեռախոսահամարներով` 093 52 94 21; 095 67 65 66: 

 Նելլիի, նրա հիվանդության մասին, ինչպես նաեւ դրամական փոխանցումներ անելու համար կարող եք այցելել  http://www.helpnelli.info/ index_arm.html ինտերնետային հասցեով:

 

Մարիամ Մուղդուսյան

Նարեկացի արվեստի միություն

Դիտվել է 1069 անգամ:
Print Friendly

Leave a Reply