Անհասկանալի օրենքներ ճանապարհային երթևեկության կանոններում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 6, 2012 18:09

Ճանապարհային երթևեկության կանոններում  կատարվել են խստացումներ, որոնք վերաբերում են հիմնականում արագության գերազանցմանը, տրանսպորտային միջոցների մեջ ծխելուն և ապակիների լուսաթափանցելիությանը,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց  Աքիլլես ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

Եթե նախկինում ծխելն արգելվում էր միայն երթուղային տաքսիներում, ապա հիմա արգելքը տարածվում է բոլոր տեսակի մեքենաներում, այդ թվում` ընդհանուր օրգատործման մեքենաներում ծխելու վրա: Սակայն, Էդուարդ Հովհաննիսյանը անհասկանալի է համարում, թե օրենքը վերաբերում է վարորդի՞ն, թե՞ ուղևորին, և խախտելու դեպքում նրանցից ո՞վ պետք է վճարի տուգանքը, քանի որ օրենքում այդ մասին հստակեցված չէ, իսկ տուգանքը բոլորի դեպքում կազմում է 5000 դրամ:

Ինչ վերաբերում է ավտոմեքենաների ապակիների լուսաթափանցելիության մասին օրենքին, ապա Է. Հովհաննսիյանը նշեց, որ այդ օրենքը ընդունվել և ուժի մեջ է մտել դեռ 2007 թվականին, սակայն այն լիարժեք կիրառվել է ընդամենը մի քանի ամիս, որից հետո ՃՈ-ից հայտնեցին, որ ապակիների թաղանթների լուսաթափանցելության աստիճանը չափող սարքերը փչացել են, և վարորդները սկսեցին նորից թաղանթապատել իրենց մեքենաների ապակիները:

Համաձայն օրենքի` ավտոմեքենայի դիմացի ապակու լուսաթափանցելիության աստիճանը պետք է լինի 75%, առջևի կողային ապակիներինը` 70%: Հետևի ապակիների վրա նման սահմանափակում չկա դրված: Ըստ Հովհաննիսյանի` պետք է լինի հետիոտն-վարորդ կապը, որպեսզի հետիոտնը փողոցն անցնելիս կարողանա տեսնել` վարորդը նկատել է իրեն, թե ոչ, իսկ մգեցված ապակիները խանգարում են հետիոտններին այդ հարցում:

Իսկ ամրագոտիների վերաբերյալ օրենքի մասով “Աքիլլես”-ի ղեկավարը միանշանակ ճիշտ համարեց, որ խստացվեն պայմանները, քանզի ամրագոտիները մարդկանց կյանք են փրկում: Ի դեպ, պարտադիր է ոչ միայն առջևի ուղևորների, այլև հետևի ուղևորների ամրակապված լինելը: Սա, սակայն, վերաբերում է այն մեքենաներին, որոնք գործարանային տարբերակով համալրված են հետևի շարքի նստելատեղերի ամրագոտիներով:

Փաստորեն, ամրագոտիների մասին օրենքը այսքան ժամանակ սկզբունքորեն նորմալ չէր կիրառվում, քանի որ ապակիների մգեցվածության մասին օրենքն ըստ պատշաճի չէր գործում, և այն վարորդները, որոնց մեքենաներն ունեին մուգ ապակիներ, ամրագոտի չէին գցում:

Խոսելով անվտանգության մասին` Հովհաննսիյանը հայտնեց, որ իրենք արտասահմանյան կազմակերպությունների հետ պայմանավորվածություն ունեն, որ Հայաստանում կազմակերպեն ավտոմեքենաների անվտանգության աստիճանը ստուգող crash-test-եր, և հիմա փորձում են ծրագիրն իրականացնելու համար հովանավորներ գտնել: Նման crash test-երի կազմակերպումը լինելու է առաջին անգամ Անդրկովկասում, և դա բավականին լուրջ և խոշոր իրադարձություն կլինի:

Է. Հովհաննիսյանը նաև իր խոսքում նշեց, որ փոփոխությունների արդյունքում ընդունվել են մի քանի հոդվածներ, որոնք, ըստ նրա, անհասկանալի են ու աբսուրդի հասնող: Դրանցից է,  օրինակ, Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի համար նախատեսվում է 20-30 հազար դրամի չափով տուգանք:  “Օրենսդրությունը խախտելը ո՞րն է: Վարչական իրավախախտումների օրենսգիրքը նախատեսում է տուգանք կոնկրետ օրեքները խախտելու համար, ոչ թե ընդհանուր օրենսդրությունը”,- ասում է ավտովարորդների պաշտպանը:

Այդպես լինի, ցանկացած տեսակի օրենքի խախտում կարող է դիտարկվել որպես օրենսդրության խախտում:

Վահե Մակարյան

Դիտվել է 1615 անգամ:
Print Friendly

Leave a Reply