Ընդհանուր պատմությունից երկու 20 է արձանագրվել, բայց քննական միջինը նվազել է
ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | Հայկուհի Բարսեղյան | June 6, 2012 13:11
Ընդհանուր պատմության միջին գնահատականն այս տարի 12,2 է 2010-ի 13,4-ի փոխարեն:
Հունիսի մեկին տեղի ունեցած Ընդհանուր պատմության քննությանը ներկայացած 379 դիմորդներից անբավարար է ստացել 56 –ը կամ 14,8 տոկոսը:
7,5-13,25 միավոր է ստացել 165 դիմորդ (43,5 տոկոսը), 13,5-17,27 է ստացել 94 դիմորդ (24,8 տոկոս) և առավելագույն 17,5-20` 64 դիմորդ (16,9տոկոս):
Այս առարկայից 20 բալ է ստացել 2 դիմորդ, մինչդեռ 2010-ին նման գնահատական վաստակել էր ընդամենը 1 դիմորդ, իսկ 2009-ին 20 չէր արձանագրվել:
ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դիմորդ Արման Խլղաթյանը Ընդհանուր պատմությունից հավաքել է 19,25 բալ: Ասում է, որ թեստերը հեշտ չեն եղել. «Ընդհանուր միջին բարդության թեստեր էին, բայց հարցերի կառուցվածքը դժվարընբռնելի էր, ամեն հարցի վրա մինչև 10 րոպե ժամանակ եմ ծախսել»:
Կրկնուսույց Նաիրի Մովսիսյանն էլ ասում է, որ նախորդ տարիների թեստերն էլ միջին բարդության են եղել, իսկ այս տարվա համեմատաբար բարձր գնահատականները պայմանավորում է աշակերտների գիտելիքներով. «Երևի աշակերտների պատրաստվածության մակարդակն է բարձրացել»:
Քննական առաջին օրը տեղի է ունեցել նաև Աշխարհագրության քննությունը: Այս առարկայից 382 դիմորդներից անբավարար է ստացել 37-ը (9,7 տոկոս): 180 –ը (47,1%) ստացել է 7,5-13,25 միավոր, 124 դիմորդ (32,5 %) ստացել է 13,5-17,25 միավոր և 41 դիմորդ (10,7%) `17,5-20 միավոր: Աշխարհագրության միջին գնահատականը 12,3 է:






Facebook
Tweet This
Email This Post
