Գնդակը մտել է գյուղացիներից մեկի տուն, հասել պատին կախված պիջակին ու մխրճվել ծոցագրպանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 6, 2012 16:25

ԵՊՀ դասախոս Ռուբեն Աբրահամյանը, ով հաճախ է այցելում Ներքին Կարմրաղբյուր գյուղ` տատին և հարազատներին տեսության, պատմեց, որ հունիսի 5-ին, երբ Կարմիր Խաչի աշխատակիցներն այցելել են  գյուղ` հանդիպելու հունիսի 1-ին հակառակորդի կրակոցից վիրավորված գյուղացու հետ, ժամը 17:30-ի սահմաններում ադրբեջանական կողմը կրակ է բացել  Կարմիր խաչի աշխատակիցների մեքենայի ուղղությամբ:

Նրա խոսքով, Ադրբեջանի հետ 170 կմ սահման ունեցող Տավուշի մարզի բնակիչները սովոր են կրակոցներ լսելուն, և դա գյուղացիների շրջանում խուճապ չի առաջացնում. «Երեկ Այգեպար գյուղում կրակում էին Կարմիր Խաչի մեքենայի ուղղությամբ, իսկ այսօր այդ գյուղի դպրոցում քննություն է,-նկատեց նա,-գյուղի բնակիչների համար դա արդեն սովորական կենսակերպ է դարձել, նրանք ամեն օր են վտանգի սպասում»:

Ռուբեն Աբրահամյանը պատմում է, որ հունիսի 1-ին, երբ գյուղից առավոտ վաղ դուրս է եկել մայրաքաղաքա գալու նպատակով` կրկին կրակոցներ է լսել. «Մտածեցի, որ այդ անգամ էլ հերթական հրաձգությունն է և չմնացի, ճանապարհվեցի Երևան,-ասում է նա,-բայց ճանապարհին իմացա, որ գյուղացի է վիրավորվել` ըստ երևույթին դիպուկահարի կրակոցից»:

Գյուղացու ծունկն է վնասվել, սակայն ինչպես նշեց բանախոսը, նա արդեն իրեն լավ է զգում` չնայած հայտնի չէ` այդ վնասվածքի պատճառով հաշմանդամ կմնա՞, թե ոչ:

Ռուբեն Աբրահամյանը նաև պատմեց, որ խորհրդարանական ընտրությունների նախօրեին հակառակորդի դիպուկահարի գնդակը մտել է գյուղացիներից մեկի տուն, հասել պատին կախված պիջակին ու մխրճվել ծոցագրպանի մեջ` վնասելով այնտեղ գտնվող անձնագիրի այն հատվածը, որտեղ անուն ազգանունն է գրված. «Մարդը նույնիսկ հումորով էր դրան վերաբերում, ասում էր` լավ, բա հիմա ես ո՞նց մասնակցեմ ընտրություններին»,-ասում է նա:

Խոսելով սահմանամերձ գյուղերի խնդիրների մասին` նա հորդորեց լրագրողներին նյութ չգրել ինչ-որ մեկի սոցցանցի ստատուսի հիման վրա կամ ընդամենը գյուղապետի հետ խոսելով. «Խնդիրներին տեղյակ լինելու և լուսաբանելու համար պետք է անձամբ տեսնել դրանք»,-ասաց նա:

Դիտվել է 839 անգամ:
Print Friendly

Leave a Reply