Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ճապոնիայի վարչապետ Յոշիհիկո Նոդայի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | June 6, 2012 15:43

Շարունակվում է Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ճապոնիա: Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ճապոնիայի վարչապետ Յոշիհիկո Նոդայի հետ:

Հանդիպման սկզբում Նախագահը նախ ցավակցություն է հայտնել արքայազն Տոմոհիտո Միկասանոմիյայի մահվան կապակցությամբ:

Հանրապետության նախագահը և Ճապոնիայի վարչապետը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Նրանք երկուստեք ընդգծել են, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-ճապոնական հարաբերությունները զարգացել են բարեկամության և փոխվստահության մթնոլորտում:

Նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Նոդայը նշել են, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա: Հատկապես կարևորվել է բնական աղետների կանխարգելման, դրանց հետևանքների վերացման ուղղությամբ համագործակցությունը և փորձի փոխանակումը: Համագործակցության առումով հեռանկարային են համարվել նաև գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտները:

Ճապոնիայի վարչապետը նշել է, որ իր երկիրը մտադիր է միջազգային հանրության հետ կիսվել ատոմակայանների անվտանգության բարձրացման հետ կապված փորձով և այդ նպատակով երկուստեք կարևորվել է Ճապոնիայի հետ Հայաստանի համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների միջև արդյունավետ և փոխաջակցության ոգով զարգացող փոխգործակցությանը և կարևորել դրա շարունակականությունը:

Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է, որ հայ-ճապոնական քաղաքական երկխոսությունը վերջին շրջանում ակտիվացել է, ինչի վկայությունն է նաև Տոկիոյում ՀՀ դեսպանության բացումը, կարևորվել է Հայաստանում ևս Ճապոնիայի դեսպանատան հիմնումը: Զրուցակիցները քննարկել են նաև Հարավկովկասյան և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների արդի հիմնահարցերը՝ արձանագրելով դրանց խաղաղ և բանակցային ճանապարհով լուծման երկու երկրների մոտեցումերի ընդհանրությունը:

Հանդիպման ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Յոշիհիկո Նոդան ստորագրել են Հայաստանի Հանրապետության Նախագահի և Ճապոնիայի վարչապե¬տի համատեղ հայտարարությունը:

Այսօր երեկոյան ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ճապոնիայի վարչապետ Յոշիհիկո Նոդայի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

Դիտվել է 864 անգամ:
Print Friendly

Leave a Reply