Կենսաբանության միջին գնահատականը բարձրացել է, կտրվողների թիվն էլ` նվազել

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | June 6, 2012 13:00

Այս տարի Կենսաբանության միջին գնահատականը 11,4 է: Համեմատության համար նշենք, որ 2009-ին Կենսաբանության միջին գնահատականը եղել է 11,7, 2010-ին` 11:

Այս առարկայից առավելագույն 20 միավոր է ստացել 1 դիմորդ (2009-ին 20 էր ստացել 1 դիմորդ, 2010-ին` 2-ը):

Կենսաբանության համար այս տարի հայտագրվել էր 1938 դիմորդ, քննությանը ներկայացել 1862-ը:  Քննություն հանձնածների 19,9 տոկոսը (370 դիմորդ) անբավարար է ստացել: 2010-ի համեմատությամբ քննությունից կտրվածների թիվը նվազել է 1,61 տոկոսով. 2010-ին անբավարար էր ստացել դիմորդների 21,51 տոկոսը:

Դիմորդների 45,7  տոկոսը կամ 851 մարդ հավաքել է նվազագույն միավորներ` 7,5-13,25:

13-5-17,25  միավոր է վաստակել 492 դիմորը, ինչը ընդհանուրի 26,4 տոկոսն է կազմում:

Առավելագույն միավորներ` 17,5-20  միավոր է ստացել 149 դիմորդ կամ  8 տոկոսը:

Կրկնուսույց Սուսաննա Զոհրաբյանն ասում է,որ այս տարվա թեստերում դպրոցական ծրագրից դուրս հարցեր չեն եղել, բայց նաև թեստերը կատարյալ չեն եղել: «Միջին բարդության թեստեր են եղել, բայց կան երկիմաստ հարցեր, որոնք երկրորդային նյութը որպես առաջնային եմ ներկայացնում»:  Զոհրաբյանի խոսքով` թեստերն այնպիսին են եղել, որ առանց կրկնուսույցի մոտ պարապելու դիմորդները որոշ հարցերի չէին կարողանա պատասխանել. «Խնդիր կա, որ դպրոցական դասագրքերում չկա, ուստի դպրոցական երեխան պետք է որ չիմանա նման խնդրի լուծման եղանակը: Բացի այդ, օրինակ, դասագրքերում կաթնասունների պարագայում մարսողական համակարգը ներկայացնելիս «կլան» տերմինը չի օգտագործվում, մինչդեռ այդ մասին հարց կա թեստերում»:

Զոհրաբյանն ասում է, որ թեստերից առավել դիմորդներին խանգարել է Գեղարքունիքի մարզի քննակենտրոնում ստեղծված  անհամապատասխան քննական մթնոլորտը: «Ներսում աղմուկ է եղել, մի դիմորդ անընդհատ լացել է` խանգարելով մյուսներին: Այնպիսի մթնոլորտ է ստեղծվել, որ դիմորդներն անգամ չեն կարողացել իրենց իմացածը ճիշտ թղթին հանձնել»,- ասում է Զոհրաբյանը` հավելելով, որ իր աշակերտները սխալ լրացնելու պատճառով բալեր են կորցրել:

Դիտվել է 1396 անգամ:
Print Friendly

Leave a Reply