Քննական աժիոտաժ չեղավ. Հայոց լեզվի և գրականության թեստերից գոհ են

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | June 6, 2012 14:33

Հունիսի  5-ին  ՀՀ և ԼՂՀ 48 քննակենտրոններում 11795  դիմորդ-շրջանավարտներ քննություն հանձնեցին Հայոց լեզվի և գրականություն առարկայից: Սա այս տարվա ամենամարդաշատ քննությունն է: Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի քննական թեստերից դժգոհություններ չեղան:

Հիշեցնենք, որ հատկապես մեծ դժգոհություն և  աղմուկ բարձրացավ 2010-ին` Փառանձեմ Մեյթիխանյանի և Աշխեն Ջրբաշյանի կազմած թեստերի առնչությամբ: Բանասերներն անգամ թեստորը որակեցին որպես մասնագիտական խոտան:

Այս տարի առաջին անգամ Հայոց լեզվի և գրականության քննական թեստերը կազմված էին նախապես հրապարակված քառահատոր շտեմարանի հիման վրա: Շտեմարանում ներառված 5 հազար հարցերից 320-ը թեստերում էին` 4 տարբերակ է, ամեն թեստում էլ 80 հարց:

Քննությունից առաջ դիմորդները հանգիստ ու վստահ էին. գիտեին, որ թեստերում անծանոթ հարցեր չեն լինելու:

Տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի դիմորդ Հայկուհի Բեգլարյանն, օրինակ, նշում է, որ  բարդության առումով շտեմարանային առաջադրանքները և նախորդ տարիների թեստերը նույն հարթության վրա են, սակայն ի տարբերություն նախորդ տարիների, շտեմարանի հիման վրա կազմված թեստերում անակնկալ հարցեր չկան. ամեն ինչ ծանոթ է:

Քննությունից հետո էլ դիմորդները քննասենյակից դուրս եկան լավ տրամադրությամբ: Շատերն էլ հայտարարեցին, որ անգամ իրենց ակնկալածից էլ լավ են գրել:

Լեզվաբանական համալսարանի դիմորդ Լիլիթ Քալաշյանը   քննասենյակից առաջինը դուրս եկողներից էր: Ասում է, որ թեստերը հեշտ էին, ինքն էլ շատ լավ է գրել .«Չէի սպասում, որ կարող է այդքան հեշտ լինեն:Սպասումներս արդարացան,  հույս ունեի 19-ից բարձր հավաքել, ինձ թվում է` կհավաքեմ: Քննության ընթացքն էլ շատ հանգիստ էր, գրեթե չէին խանգարում»: Լիլիթի խոսքով հարցերը ևս հասկանալի էին. իմացողը կգրեր:

Լիլիթ Խարագյոզյանը, ով ԵՊՀ Ռոմանոգերմանական ֆակուլտետի դիմորդ է, ևս ասում է, որ թեստերը հեշտ էին. «Իմացողները հաստատ կգրեին: Խրթին հարցեր չկային, պահանջն էլ պարզ էր: Ամեն ինչ շտեմարաններից էր, այնպես որ անծանոթ ոչինչ չկար»:

«Նորմալ թեստ էր, բոլոր հարցերը շտեմարանից էին ու անհասկանալի ոչինչ չկար, կարծում եմ, որ լավ եմ գրել»,- ասում է ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի դիմորդ Գայանե Ղազարյանը:

Իրինա Պողոսյանը ևս նշում է, որ դպրոցական ծրագրից դուրս հարցեր իր թեստում չի հանդիպել. «Հեշտ էր,  այն հարցերն էին, որոնք դպրոցում էլ, շտեմարանով էլ անցել էինք»:

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, կրկնուսույց Տաթևիկ Կարապետյանի կարծիքով այս տարվա քննությունը 2010-ի համեմատ մեկ քայլ առաջ էր: Կարապետյանն ասում է, որ առաջադրանքները նույն բարդության են, ինչ նախորդ տարիներին, պարզապես այժմ անակնկալներ չեն եղել: «Թեստերում թե մեխանիկական հիշողություն, թե վերլուծական կարողություն  պահանջող հարցեր կան: Լավ սովորած երեխան կկարողանար գրել»,- ասում է Կարապետյանը, ում աշակերտները 9-ից մինչև 20 բալ հավաքել են:

Հարցին, թե միթե այսպիսով չվերադարձանք տարիներ առաջ ստեղծված իրավիճակին, երբ դիմորդներն առանց գիտելիքների, պարզապես շտեմարանն էին անգիր անում ու բարձր գնահատական ստանում, Կարապետյանը պատասխանում է. «5000 հարց անգիր անել հնարավոր չէ: Բացի այդ, հարցերն այնպիսին են, որ առանց տեսական մասն իմանալու երեխան չի կարող ճիշտ  պատասխանել դրանց»:

Բանասեր, կրկնուսույց Սուսաննա Պողոսյանը ևս նշում է, որ այս տարվա թեստերից դժգոհություններ չկան. «Ամեն ինչ հստակ էր, աշակերտներս առանց վախենալու քննության են գնացել ու բարձր էլ ստացել են»:

ԿԳ փոխնախարար մանուկ Մկրտչյանն ասում է, որ Հայոց լեզվի  և գրականության և Մաթեմատիկայի քննություններն այս տարի շատ կարևոր են վերլուծության առումով: Այս երկու առարկաների քննություններն  առաջին անգամ շտեմարանների հիման վրա են անցկացվում: Մկրտչյանն ասում է, որ տվյալների վերլուծությունը ցույց կտա. արժի արդյոք մյուս առարկաների դեպքում էլ շտեմարաններ հրատարակել: «Իրականացնում ենք վարչապետի և նախարարի քաղաքականությունը, որ ընդունվելը պետք է հեշտ լինի, սովորելը և ավարտելը` դժվար: Եվ թեստերի կազմելը շտեմարանի հիման վրա առաջին քայլն է»:

Չնայած Հայոց լեզվի և գրականության քննական գնահատականները դեռ պաշտոնապես չեն հրապարակվել, արդեն իսկ հասկանալի է, որ գնահատականները նախորդ տարիներից բարձր կլինեն, ինչն էլ իր հերթին կբերի բուհական մրցութային անցողիկ միավորների բարձրացման:

Դիտվել է 1525 անգամ:
Print Friendly

Leave a Reply