Ադրբեջանական դիվերսիայի պատճառը թուրքական բարձրաստիճան զինվորականության այցն էր Բաքու

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 6, 2012 14:16

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն այսօր՝ հունիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հայ-ադրբեջանական միջսահմանային վերջին միջադեպի մասին, հայտարարեց, որ այն ոչ միայն քաղաքակակն ենթատեքստ ուներ, այլ զուտ ռազմական: Ըստ բանախոսի, Քլինթոնի այցը ստվերեց մի իրադարձություն, որի վրա էլ պետք է շեշտը դնել. այդ օրերին եռօրյա այցով Բաքվում էր գտնվում թուրքական բանակի բարձրաստիճան զինվորականությունը. «Գաղտնիք չէ, որ ադրբեջանական դիվերսիոն խմբերի հիմնական պատրաստավածությունն անցնում է Թուրքիայում, դրանք միանշանակ թուրքական կադրեր են,-ասաց նա:

Ըստ բանախոսի, դիվերսիոն գործողության և թուրքական բարձրաստիճան զինվորականության այցի միջև կապն ակնհայտ է. ադրբեջանական կողմը ստուգում էր դիվերսանտների պատրաստվածությունը:

Ադրբեջանական պրակտիկայում բացառիկ երևույթ էր նաև այն, որ հարձակման հաջորդ օրը Ադրբեջանը հայտնեց իր 8 զոհերի մասին. «Դեռ չի եղել նման դեպք,-ասաց փորձագետը,-եթե անգամ նրանք շատ զոհեր են ունենում, ներկայացնում են մաս-մաս՝ ձգելով ժամկետը, որպեսզի տպավորությունը մեծ չլինի: Սա նաև նշանակում է, որ նրանց զոհերը շատ-շատ ավելին են եղել, քան իրականում ներկայացվում են, և առաջիկայում նրանք հավանաբար մաս-մաս կներկայացնեն»:

Հովհաննիսյանը նշեց, որ ըստ իրենց ներքին աղբյուրներիր, ադրբեջանակն կողմի զոհերի թիվը 20-25 է:

Ռազմական փորձագետը լրագրողների ուշադրությունը հրավիրեց մեկ այլ հանգամանքի վրա. «Երբ որ նրանք հայտնեցին իրենց զոհերի մասին, տեսանք, որ հիմնականում ժամկետային զինծառայողներ էին: Ստացվում է, որ ադրբեջանական դիվերսանտները կարող են սադրիչ գործողություններ կատարել՝ շատ լավ գիտակցելով, որ լինելու է պատասխան քայլ, որից առաջին հերթին կարող են տուժել առաջապահ ստորաբաժանումները, որոնցում ժամկետային զինծառայողներ են,-նշեց նա,-հարց է առաջանում՝ այդ ի՞նչ դիվերսանտներ են, որ պատրաստ են իրենց զորքի կյանքի գնով այդ քայլը կատարել»:

Ըստ բանախոսի, կա երկու բացատրություն. նախ, որ այդ դիվերսանտների մասնագիտական պատրաստվախությունն այնպիսին չէ, ինչպիսին իրենք կուզենային, երկրորդ, որ քաղաքական ղեկավարությունը, ինչպես միշտ, շատ մեծ «հարգանք» ունի իր զորքի նկատմամբ՝ անտեսելով հավանական կորուստները. «Ադրբեջանը մեկ անգամ չէ հայտարարել, որ եթե անգամ մեզ հետ բախումներում իրենք տասն անգամ ավելի զինվոր կորցնեն, դա արդարացված մարտավարություն է իրենց համար»,-նշեց նա:

Փորձագետի կարծիքով, եթե Ադրբեջանն ընտրել է այս մարտավարությունը, ապա նա դժվար թե կանգ առնի:

Ներկայացնելով դիվերսիոն գործողության մեջ թուրքական դերակատարությունը՝ բանախոսն ընգծեց, որ կոնֆլիկտը հայ-ադրբեջանական չէ, այլ հայ-թուրքական է:

Ինչ վերաբերում է սադրիչ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին իրագործելուն, Արծրուն Հովհաննիսյանի կարծիքով, դա և՛ քաղաքական, և՛ ռազմական պատճառներ կարող է ունենալ. «Չգիտես ինչու, տարածված  է այն կարծիքը, թե մենք ավելի պաշտպանված ենք ԼՂՀ հատվածում: Հակառակորդը սա ևս կարող է օգտագործել և  ստուգել մեր պաշտպանական մակարդակն այս հատվածում»,-ասաց նա:

Ըստ բանախոսի, այս ամենը նվազեցնելու համար հայկական կողմը պետք է շատ ավելի մեծ կորուստներ պատճառի հակառակորդին՝ միաժամանակ ադրբեջանական հասարակությանը հասցնելով այդ տեղեկատվությունը:

«Անկախ»-ի հարցին, թե ինչպես եք գնահատում հայաստանյան լրատվամիջոցների գործելակերպը նման դեպքերում, հատկապես, որ ի տարբերություն Ադրբեջանի, մեզ մոտ լրատվությունը չափազանց բաց է, փորձագետը նշեց. «Մեկ-երկու տարի առաջ, լրատվության չափազանց բաց լինելն իր բացասական ազդեցությունն ունենում էր, սակայն կամաց-կամաց հայկական լրատվամիջոցներն այդ ոլորտում մասնագիտանում են,-ասաց նա,-պարզապես շատ դեպքերում լրագրողական մեկնաբանությունը կարող է չհամապատասխանել մասնագիտական մակարդակին»:

Դիտվել է 935 անգամ:
Print Friendly

Leave a Reply