“Նախագահի պաշտոնի համար ես անձամբ տեղին եմ համարում Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը”. Արմեն Մարտիրոսյան
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 6, 2012 13:19
Թե ինչ զարգացումներ կլինեն “ժառանգություն” կուսակցության ներսում և ինչ ճակատագիր կունենա կուսակցության նախագահի մանդատի հարցը, դեռ հստակ հայտնի չէ, քանզի կուսակցության վարչությունը այս հարցերի շուրջ որոշում կկայացնի ավելի ուշ` սպասելով մինչև սեպտեմբեր: Դեռ հստակ չէ նաև 2013 թվականի նախագահական ընտրություններում իրենց մասնակցության ձևաչափը, բայց, ամենայն հավանականությամբ, “Ժառանգությունը” անպայման կառաջադրի իր թեկնածուին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց “Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
“Նախագահի պաշտոնի համար ես անձամբ տեղին եմ համարում Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը` նրան համարելով խարիզմատիկ քաղաքական գործիչ: Նա այս թեմայի շուրջ մտածելու շատ ժամանակ ունի, բացի այդ՝ մինչև աշուն դեռ շատ զարգացումներ կլինեն: Դատելով այդ զարգացումներից` կորոշենք մեր անելիքը”,- հայտարարեց Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է իրենց այլընտրանքային թեկնածուի և ԲՀԿ-ի այլընտրանքային ուժ լինելուն նախագահական ընտրություններում, ապա Մարտիրոսյանը կարծում է, որ իրենցը ընդդիմադիր և համախմբող թեկնածու պետք է լինի, սակայն եթե ԲՀԿ-ն նմանատիպ հայտ ներկայացնի “Ժառանգությանը”` պաշտպանելու մեկ միասնական այլընտրանքային թեկնածուին, ապա իրենք, հարգելով նրանց դիմումը, կքննարկեն և կպատասխանեն:
Այդուհանդերձ, իրենք պատրաստ են համագործակցել այն բոլոր ուժերի հետ, որոնց գաղափարական մոտեցումները մոտ կլինեն իրենց մոտեցումներին,- հայտարարեց “Ժառանգության” փոխնախագահը:
Արմեն Մարտիրոսյանը նաև անդրադարձավ իրենց և “Ազատ դեմոկրատների” հարաբերություններին` դրանք համարելով բարիդրացիական և գործընկերային:
Գագիկ Շամշյանի այն հարցին, թե Արցախում կայանալիք առաջիկա նախագահական ընտրություններին հնարավոր է, արդյոք, որ “Ժառանգությունն” այնտեղ էլ փորձի իր մասնակցությունն ունենալ և սարեր շուռ տալ, Մարտիրոսյանը պատասխանեց. “Դա երևի ձեր ուրախությունն էր, որ Հայաստանում սարեր չշարժեցինք, երևի այս վիճակն իսկապես շատ լավ է` ճահիճներ խորացնելով առաջ ընթանալը, իսկ ինչ վերաբերում է Արցախին, ապա ԼՂՀ-ն անկախ պետություն է, և որևէ այլ պետության միջամտություն այդ պետության ներքին գործերին ես տեղին չեմ համարում”:
Իսկ թե ինչով են զբաղվելու իրենց կուսակցության նախկին պատգամավորները, ԱԺ 4-րդ գումարման պատգամավորն ասաց, որ շարունակելու են իրենց տարիներով կատարած աշխատանքը: Օրինակ` ինքը կշարունակի զբաղվել դասախոսությամբ, իսկ Ստյոպա Սաֆարյանը հասարակությանը կներկայաացնի իր փորձագիտական ունակությունները:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
