Սյունիքի մարզպետի հանքը Սիլվա Համբարձումյանը չի գնի. Միքայել Ահարոնյան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 6, 2012 12:47

Ըստ մամուլում տարածված լուրերի, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որոշել է վաճառել իրեն պատկանող Գեղվաձորի հանքավայրը: Պատճառն այն է, որ մարզպետը չի կարողացել վճարել աշխատողների աշխատավարձներն ու, այսպես ասած, «տակ է տվել»: Թերթի նույն աղբյուրն էլ նշել է, որ հանքավայրը գնելու պատրաստակամություն է հայտնել գործարար Սիլվա Համբարձումյանը:
Գործարար կնոջ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը «Անկախ»-ի հետ զրույցում նշեց, որ նման տեղեկատվությունը չի կարող համապատասխանել իրականությանը:
– Սիլվա Համբարձումյանի ու Սյունիքի մարզպետի ամբողջ պատմություններին տեղյակ եք բոլորդ: Եվ նույնիսկ աներևակայելի կլինի մտածելը, որ Համբարձումյանը կցանկանա ձեռք բերել Գեղվաձորի հանքավայրը, որը պատկանում է մարզպետին: Սիլվա Համբարձումյանը տեղյակ էլ չէ, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը վաճառում է իրեն պատկանող հանքը, առավել ևս ապատեղեկատվություն է, որ Սիլվա Համբարձումյանը ցանկություն է հայտնել գնել այդ հանքը: Պաշտոնապես կարող եմ նշել, որ Սիլվա Համբարձումյանը մարզպետ Խաչատրյանի հետ գործարքներ կնքելու որևէ մտադրություն չունի: Միակ բանը, որ կարող եմ ասել, դա Սյունքի մարզպետի պարտքն է, որը մինչ օրս պարոն Խաչատրյանը չի վերադարձրել գործարար կնոջը,- նշում է Միքայել Ահարոնյանը:
Մեր հարցին, թե Համբարձումյանը, այսպես ասած, ուշ-ուշ է «երևում», Մ. Ահարոնյանը նշեց.
– Պարզապես Տիկին Համբարձումյանը այս օրերին հանրապետությունում չէ, արտերկրում է:

Դիտվել է 906 անգամ:
Print Friendly

Leave a Reply