Նորք Մարաշի թաղապետին պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց. ավագանու անդամներից դժգոհություններ եղան

Օրվա լուր | | October 21, 2009 17:21

Այսօր ավագանու նիստի ժամանակ Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Պողոսյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու առաջարկն ավագանու անդամների մոտ բուռն քննարկումների տեղիք տվեց:

«11 տարվա ընթացում թաղապետերը մեծ ներդրում են ունեցել Երևանի զարգացման գործում, ուստի բարոյական է նախկին թաղապետին և ներկայիս վարչական շրջանի ղեկավարին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելը»,- քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն այսպես բացատրեց Պողոսյանին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու առաջարկը:

ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ ավագանու անդամ Արմեն Հակոբյանը, սակայն, նշեց, որ մինչ օրս Երևանի պատվավոր քաղաքացու կոչման են արժանացել այնպիսի մարդիկ, ինչպիսիք  են Վիկտոր Համբարձումյանը, Գրիգոր Խանջյանը, Շառլ Ազնավուրը, Գոհար Գասպարյանը, Տիգրան Մանսուրյանը, Բորիս Ելցինը: «Ի՞նչ չափանիշերով է որոշվում, թե ով է արժանի Երևանի պատվավոր քաղաքացու կոչմանը,-հարցրեց նա` հավելելով,-Մենք ենք մեր քայլերով արժևորելու կամ արժեզրկելու Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը»:

Բեգլարյանը, սակայն, առարկեց` նշելով, որ Բորիս Ելցինին, օրինակ, Երևանի պատվավոր քաղաքացու կոչում տրվել է քաղաքական նկատառումներով, իսկ այսուհետ «կտրվի միայն Երևանի զարգացման գործում նշանակալի դեր ունեցողներին»:

Չնայած բազմաթիվ առարկություններին` նիստին ներկա ավագանու 46 անդամներից 40-ը կողմ քվեարկեցին Պողոսյանին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելուն, իսկ 6-ը  (ԲՀԿ խմբակցության անդամներ) ձեռնպահ մնացին:

Բեգլարյանն էլ առաջարկեց ավագանու հաջորդ նիստին ներկայացնել նախագիծ, թե ինչ արժանիքների համար կարող է շնորհվել Երևանի պատվավոր քաղաքացու կոչում, Երևանի մեդալ, պատվոգիր և այլն:

Ավագանու նիստում առաջարկ եղավ նաև վարչական շրջանների ղեկավարներին քաղաքային նշանակության գովազդային գոտում արտաքին գովազդի տեղադրումը թույլատրելու լիազորություն տալ (ոչ քաղաքային գոտում ներկայումս վարչական շրջանների ղեկավարներն են թույլատրում գովազդի տեղադրումը): «Որքան վարչական շրջանների ղեկավարների լիազորությունները շատ լինեն, այնքան արդյունավետ կգործեն: Բոլոր լիազորությունները քաղաքապետարանում կենտրոնացնելու կարիք չկա»,- ասաց Բեգլարյանը:

Այս առաջարկությունը քվեարկության կդրվի ավագանու հաջորդ նիստին, երբ պատրաստ կլինի նաև գովազդի թույլտվության կանոնակարգը. երկու փաթեթները միասին կդնեն քվեարկության:

Դիտվել է 1570 անգամ:
Print Friendly

Leave a Reply