Սյունիքում կարկուտի հասցրած վնասի չափը հասնում է մի քանի հարյուր միլիոն դրամի
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 6, 2012 10:33
Սյունիքի մարզպետարանի կողմից ստեղծված հանձնաժողովը հաշվարկել է գարնանն ուժեղ կարկուտից տուժած մարզի համայնքների կրած վնասի չափը, որը հասնում է մի քանի հարյուր միլիոն դրամի: Հիմնականում տուժել են Կապանի ու Գորիսի տարածաշրջանի ցանքատարածություններն ու բանջարանաբոստանային կուլտուրաները, Մեղրիի պտղատու այգիները: «Հանձնաժողովը եղել է բոլոր տուժած համայնքներում, կատարել ուսումնասիրություն եւ հաշվարկված վնասի չափերը ներկայացրել գյուղնախարարություն», – «Արմենպրես»–ին տեղեկացրեց Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը: Գորիսի տարածաշրջանի գյուղերին կարկուտի հասցրած վնասը հասնում է մոտ 200 մլն դրամի: Միայն Կոռնիձոր գյուղում ամբողջովին փչացել է աշնանացանի 560 հա ցանքս, 130 հա-ը` մասնակի: Վնասվել են նաեւ Խնածախ գյուղի ցանքսերը, 30 տոկոսի վնաս է հաշվարկվել նաեւ Գորիսի տարածաշրջանի Տեղ, Քարաշեն, Ներքին Խնձորեսկ եւ Խնձորեսկ գյուղերում: «Գյուղացին 1 հա ցանքսի վրա 150 հազար դրամի ծախս է արել ու ոչ մի եկամուտ չի ստացել: Նման համայնքներին մարզպետարանը հատուկ ուշադրություն է դարձնելու` նրանց տրամադրելով շուկայականից էժան դիզվառելիք, ազոտական պարարտանյութ, նաեւ սերմանյութ` վերադարձնելու պայմանով»,- ասաց գյուղվարչության պետը: Կապանում կարկուտից 40-50 տոկոսով վնասվել է մոտ 200 հա աշնանացան ցորենի ցանքս: Հատկապես մեծ է վնասը տարածաշրջանի Նորաշենիկ, Ճակատեն, Վերին եւ Ներքին Խոտանան գյուղերում: Մեղրիի տարածաշրջանի պտղատու այգիների կորուստը կազմույմ է 20-30 տոկոս: Սիսիանի տարածաշրջանի դաշտերն էլ վնասվել են աշնան անբարենպաստ եղանակից:






Facebook
Tweet This
Email This Post
