Հինգ ծնողազուրկ երեխաների անօթևան ընտանիքը հայտնվել էր բնակարանից զրկվելու վտանգի առջև

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 5, 2012 18:14

     Երկու օր, առավոտվանից մինչ երեկո, ամբողջ քաղաքի տարածքով մեկ փնտրելուց հետո միայն կարողացանք գտնել մայիսի 24-ին Գյումրիում կայացած բնակարանների բաշխման վիճակահանությանը չմասնակցած հինգ ծնողազուրկ երեխաների ընտանիքին: Երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներին բնակարանների տրամադրումը կանոնակարգող ՀՀ կառավարության որշումների համաձայն՝ այն ընտանիքները որոնք ամբողջ կազմով բացակայում են Հայաստանից, նրանց բնակարանի հատկացումը հետաձգվում է:

    Վերջին վիճակահանությանը 80-ամյա Ջանինյան Անահիտի ընտանիքից ոչ մեկը չէր մասնակցել: Նրանց բնակբաշխման հանձնաժողովում թողած հեռախոսահամարով բազմաթիվ անգամ զանգահարել ենք, սակայն մշտապես անհասանելի էր: Քաղաքաշինության նախարարության համապատասխան պաշտոնյաների խնդրանքով՝ այս ընտանիքի փնտրտուքը վերածվեց մի իսկական փորձության: Նրանց անունները չկային անգամ ջրմուղի ցուցակներում:

Նախ տնակային ավանների քարտեզում գտանք 237 կոտորակով թվարկված տարածքը, որը Գյումրիի ծայրամասում` Վանաձոր տանող ճանապարհի աջ հատվածում է, մեկնեցինք այնտեղ: Այդ վայրում գտնվող տնակներից մեկի բնակիչը, չգիտես ինչից դրդված, մեզ հայտնեց, թե Անահիտի ընտանիքը 3-րդ տարին է, ինչ ապրում է քաղաքի մյուս ծայրում՝ երկրաշարժից կանգուն մնացած ու կիսով չափ բնակեցված Բուլվարային կոչվող թաղամասի 9 հարկանի շենքերից մեկում: Բնականաբար մեզ ոչինչ չէր մնում անել, քան գնալ և փնտրել այնտեղ: Առաջին օրը տասնյակ բարձրահարկերում անպտուղ փնտրելուց հետո դատարկաձեռն վերադարձանք, այստեղ չեմ ուզում անդրադառնալ և պատմել, թե ինչպիսի աղքատություն և բարքեր են տիրում այդ թաղամասում.. միայն ասեմ, որ դա իրոք առանձին և շատ լուրջ հրապակման թեմա է:

Հաջորդ օրը քաղաքաշինության նախարարության կողմից մի փոքր ուղորդող տեղեկատվություն ստացանք և ուղևորվեցինք քաղաքի մեկ այլ ծայրամասում գտնվող տնակային ավան: Երկար հարց ու փորձից հետո պատահաբար հայնաբերեցինք այդ ընտանիքի առանց մոր մնացած 5 երեխաներից ավագին` 16-ամյա Անահիտին, որը ինչպես հետագայում պարզվեց վիճել ու հեռացել է տանից և բնակվում է ինչ-որ ծանոթներից մեկի տանը: Հենց նրանից էլ իմանալով 2-րդ կարգի հաշմանդամ հոր հեռախոսահամարը՝ վերջապես կրկին քաղաքից դուրս մի վայրում գտանք վաղուց շարքից դուրս եկած տնակում բնակվող ծնողական ջերմ հոգածության կարիքի կարոտ երեխաներին, հայտնեցինք նոր և հարմարավետ 3 սենյականոց բնակարան ստանալու 24 տարի ուշացած բարի լուրը:

Վերջում ավելացնենք, որ մենք դատարկաձեռն չէինք գնացել, մեզ հետ տարել էինք ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի կողմից ուղարկած մանկական հագուստներ:

 

Դիտվել է 1279 անգամ:
Print Friendly

Leave a Reply