Փա՞կ շուկա, թե՞ Ծածկած շուկա. փոքրիկ, բայց կարևոր հիշողություն շուկայի անվան հետ կապված

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 5, 2012 16:00

1970-ականներն էին: ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտաշխատող Բյուրակն Չերազ-Անդրեասյանը շտապում էր աշխատանքի: Հանկարծ մի մեքենա մոտեցավ նրան, և վարորդն առաջարկեց տեղ հասցնել: Վերջինիս պատկառելի տեսքը կնոջը ստիպեց չհրաժարվել: Ճանապարհին զրույցի բռնվեցին, և հանկարծ խոսք գնաց Երևանի գլխավոր շուկայից, որի մասին խոսելիս Բյուրակն Չերազն այն անվանեց Փակ շուկա: Դա այնքան վրդովեցրեց վարորդին, որ նա իր ուղևորուհուն նկատողություն արեց. «Տիկին, Ձեզանից չէի սպասում, կիրթ կին եք երևում, ինչպե՞ս եք նման ոչ ճիշտ արտահայտություն թույլ տալիս,-հանդիմանեց նա կնոջը` նշելով, որ Շուկայի անվանումը ոչ թե Փակ շուկա է, այլ Ծածկած Շուկա,-փակը կողպածն է, իսկ այդ շուկան կողպած չէ…»:

Միայն աշխատավայր հասնելուց հետո Բյուրակն Չերազը պարզեց, որ իրեն մեքենայով տեղ հասցրած անծանոթը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է եղել:

Այդ օրվանից սկսած` տիկին Բյուրակնը ընդմիշտ հրաժարվեց «Փակ շուկա» անվանումից: Այս դեպքը, գուցե, որևէ մեկին երբևէ չասեր, եթե շուկայի շուրջ ստեղծված աղմուկը չլիներ, և այդքան հաճախակի չգործածվեր սխալ անվանումը: Այսօր իր հիշողությունն «Անկախ»-ին հանձնելով` նա ուզում է, որ բոլորն իմանան` շուկայի անվանումը ոչ թե Փակ շուկա է, այլ Ծածկած շուկա:

Ինչ վերաբերում է Ռաֆայել Իսրայելյանին, ով այնպիսի արժեքավոր հուշարձանների հեղինակ է, ինչպիսիք են Սարդարապատի հուշահամալիրը, Հաղթանակի մոնումենտ-թանգարանը, Մուսալեռան հերոսամարտի հուշահամալիրը և այլն, ապա պատկերացրեք, թե ինչպիսի՞ն կլիներ նրա արձագանքը Շուկայի ներկայիս ճակատագրի վերաբերյալ, եթե ընդամենը սխալ անվանումը նրան այդքան վրդովմունք էր պատճառել…

Դիտվել է 2602 անգամ:
Print Friendly

Leave a Reply