Փոքր խանութները փակվում են. ճգնաժա՞մ, թե հարկայինի ճնշում

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | June 13, 2009 14:36

trvume-varzovԷջմիածինցի գործարարն այն հարյուրավոր հայաստանցիներից է, ով, չկարողանալով դիմանալ տնտեսական ճգնաժամին և հարկային բեռին, մեկ ամիս առաջ փակեց իր խանութը: Խանութի փակման պատճառներից մեկը ՀԴՄ-ների պարտադրումն է, որով իշխանությունը ստիպում է մանր ու միջին բիզնեսին կտրոն տալ մի ապրանքի դիմաց, որը նա մեծ բիզնեսից առանց փաստաթուղթ ստանալու է վաճառում:
«Բայց մեզ հաշիվ-ֆակտուրա չեն տալիս, ասում են` չեք ուզում, մի գնեք (նկատի ունի մեծածախ խոշոր բիզնեսը),-ասում է վրդովված խանութպանը, որ չցանկացավ իր անունը հրապարակել,- ստիպված պիտի առնես ապրանքը: Առաջ էլ էր այդպես, բայց ՀԴՄ քիչ էինք խփում: Հիմի կենսաթոշակային տուր, հաշիվ-ֆակտուրա չունես` 10 տոկոս տուր, լույս տուր, էս տուր, էն տուր, տակը բան չի մնում, ես ընտանիքիս ո՞նց կերակրեմ»:
Հարկային նոր փաթեթով 58 միլլիոն 35 հազար տարեկան շրջանառության շեմը չգերազանցող տնտեսվարող սուբյեկտը պետք է վճարի 2-10 տոկոս շահութահարկ:
Եթե խանութպանը, օրինակ, ձեթը գնում է 670 դրամով և վաճառում 700 դրամով, ստացված 30 դրամ շահույթի համար կվճարի 2 տոկոս շահութահարկ, եթե ձեթի համար ունի հաշիվ-ֆակտուրա: Իսկ եթե նա 670 դրամ գինը չի կարող հիմնավորել համապատասխան հաշիվ-ֆակտուրայով, ապա պետք է վճարի 10 տոկոս շահութահարկ` արդեն ամբողջ 700 դրամի համար:
«Դա էլ հանգեցնում է փոքր խանութների փակման,-ասում է տնտեսագետ Անդրանիկ Թևանյանը,- և դա մեծածախի դիրքորոշումը չի, որ ինքը կուլ է տալիս փոքրերին: Այդպես ստացվում է երկրում իրականացվող հարկային քաղաքականության արդյունքում»:
Փոքր խանութները փակվում են ինչպես Երևանում, այնպես էլ ամբողջ հանրապետությունում: Փակված խանութներ կարելի է տեսնել Երևանի գրեթե ամեն փողոցում:
Գյումրիում գործարարներն ասում են, որ իրենց քաղաքում 360 փոքր ու միջին խանութ է փակվել (հարկայինը դեռևս չի տվել): Էջմիածնի Վազգեն Վեհափառի փողոցում ևս կարելի է տեսնել փակված խանութներ, որոնք, անցորդների հավաստմամբ, փակվել են օրեր առաջ:
Հանրապետության տարբեր քաղաքներում շատացել են ,Տրվում է վարձովե ցուցանակը կրող փոքր խանութները: Մինչդեռ մեծ խանութներում հաճախորդների պակաս չի նկատվում, դեռ ավելին` Երևանում բացվում են նոր սուպերմարկետներ:
Այս տարվա առաջին երեք ամիսներին արձանագրված է համախառը ներքին արդյունքի (ՀՆԱ) 6 տոկոս նվազում. այսպիսի ցուցանիշ չէր եղել 1993-ից հետո: Իսկ նախորդ տարի միայն բանկային հաշիվներով Հայաստան է մուտք գործել 2 մլրդ 300 մլն դոլար տրանսֆերներ, որը գրեթե համարժեք էր Հայաստանի բյուջեին: Այս տարվա հունվար-ապրիլ ամիսների տվյալներով` այդ գումարը 30 տոկոսով նվազել է` կազմելով 350 մլն դոլար, որի հետևանքով նվազել է նաև բնակչության գնողունակությունը:
«Նոյան տապան» լրատվական գործակալության խմբագիր, տնտեսագետ Հարություն Խաչատրյանը խանութների փակվելը ոչ թե հարկային քաղաքականության հետ է կապում, այլ` ճգնաժամի.
«Փոքր խանութները, կորցնելով հաճախորդների մի մասին, տարբեր պատճառներով փակվում են` չկարողանալով դիմակայել տնտեսական ճգնաժամին. դա հարկային փաթեթի հետ ոչ մի կապ չունի»:
Իսկ Թևանյանը հակառակն է պնդում. «Միևնույն է` հարկային փաթեթի կիրառումը հանգեցնելու էր այս վիճակին, ուղղակի ճգնաժամի ֆոնին այն առավել ցայտուն դրսևորվեց»:
Գյումրիում միջին բիզնեսը ներկայացնող մի գործարար, ով չցանկացավ ներկայանալ, իրավիճակից դուրս է գալիս` հաշիվ-ապրանքագիր (շչոտ ֆակտուրա) ճարելով.
«Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ, օրինակ, Հայաստանի սննդի մոտ 30-40 տոկոսը մատակարարող «Մուլտի գրուպը» հաշիվ-ֆակտուրա չի տալիս: Առաջին եռամսյակի արդյունքներով` խանութիս 15 մլն 700 հազար շրջանառության 5 մլն 600 հազար դրամը հիմնավորված չէր հաշիվ-ֆակտուրայով: Ես ծանոթ գտա, ով ինձ տվեց պակասող հաշիվ-ֆակտուրան, ես էլ իրեն ուրիշ լավություն եմ արել: Ընդ որում, դա երկու անուն ապրանքի փաստաթուղթ էր: Բայց հարկայինին դա հետաքրքիր չէ: Մենք հարկի որոշակի գումար ենք ֆիքսել` ամսական 300 հազար դրամ: Փողն օրինական մուծում եմ, փաստաթղթերը կան, հարկային տեսուչին մնացածը չի հետաքրքրում»,- ասաց նա:
Մինչդեռ նրա խանութի կողքի խանութը 15 օր առաջ փակվել է. «Իմը փոքր խանութ ա, էն տեսականին չունեմ, առևտուր չկա, ամիսը հազիվ մի միլլիոնի աբարոտ ունեմ, պահանջում են չեկ խփել, մի անգամ բռնեցին, 75 հազար դրամ տուգանեցին: Ո՞նց աշխատեմ»,- վրդովվում է խանութպանը:
Երբ հունվարի 1-ից սկսեց կիրառվել հարկային նոր փաթեթը, փոքր ու միջին բիզնեսի շատ ներկայացուցիչներ դիմեցին Պետեկամուտների կոմիտե` ներկայացնելով իրենց պահանջները: «Ոչ մի բան էլ դուրս չեկավ,-վրդովվում է մի կրպակատեր, ով իր անունը չցանկացավ հրապարակել,- ասեցին` էս ա օրենքը, պիտի աշխատեք: Ես տոնավաճառում փոքր կրպակ ունեմ, հագուստ եմ վաճառում, էդ ու՞մ պարզ չի, որ ոչ մի հաշիվ-ֆակտուրա էլ չունեմ: Առաջ էլ չունեինք: Ինչի հարկայինը տեղյակ չի՞, շատ էլ լավ տեղյակ ա: Ես ումի՞ց հաշիվ-ֆակտուրա ուզեմ»:
Ըստ Թևանյանի` կառավարությունը ձգտում է ոչ ֆորմալ հարկերը (հարկային տեսուչին կամ հենց պետին տրվող կաշառքը) բերել հարկային դաշտ` պահանջելով ստվերից դուրս հանել մեծածախ բիզնեսը: ,Կառավարությունը շատ լավ գիտի, որ մեծածախը հաշիվ-ֆակտուրա չի ներկայացնում, ու քանի որ նրա վրա ուղղակիորեն չի կարող ազդել, օգտագործում է փոքր ու միջին բիզնեսը: Նախ պահանջում է ամբողջությամբ ցույց տալ իրական շրջանառությունը, հետո փաստաթղթերով հիմնավորել այն, այսինքն, օգտագործում է փոքր ու միջին բիզնեսը` անուղղակիորեն ազդելով մեծածախի վրա»,- ասաց Թևանյանը:
Մինչև նոր օրենքի կիրառումը, փոքր ու միջին բիզնեսը հարկվում էր պարզեցված և հաստատագրված հարկատեսակներով, պարզեցվածը` շրջանառության 3,5-5 տոկոս չափով, իսկ հաստատագրվածը` կախված զբաղեցրած մակերեսից: Հարկային նոր փաթեթի ընդունումը նպատակ ունի փոքր ու միջին բիզնեսից առանձնացնել այն խոշոր գործարարներին, ովքեր ցույց տալով փոքր շրջանառություն` հայտնվում էին ցածր հարկման դաշտում: Նոր օրենքն ընդունելիս կառավարությունն ասաց, որ արդյունքների սպասում են 1-1,5 տարի հետո: Սակայն Պետեկամուտների կոմիտեն օրերս հայտարարեց, որ արդեն նախորդ տարվա առաջին եռամսյակի արդյունքների համեմատ մանրածախ առևտրի շրջանառությունը 30մլրդ դրամով ավելացել է:
Մայիս 29-ին հանրապետության նախագահի հանձնարարականով կառավարությունը որոշել է, որ 2009թ. հունիսի 1-ից մինչև 2011թ. հունվարի 1-ը 22 տեսչական մարմիններ մինչև 70 մլն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկություններում տեսչական ստուգումներ չեն իրականացնելու:
Այդ տեսչական մարմիններից են Հրշեջ ծառայությունը, Բնապահպանության կոմիտեն, Վիճվարչությունը և այլն: Բացառություն է Պետական եկամուտների կոմիտեն, այսինքն, հարկային նու մաքսայինը, որոնք շարունակելու են իրենց ստուգումները:
«Սա արվում է` նպատակ ունենալով առավել բարենպաստ պայմաններ ստեղծել փոքր եւ միջին ձեռնարկությունների համար` ճգնաժամի բացասական ազդեցությունները հաղթահարելու նպատակով»,-ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Մի գործարար, ով չցանկացավ իր անունը հրապարակել, ասում է, որ եթե հարկայինը պիտի շարունակի ստուգումները, ուրեմն` որոշումը քիչ դրական բան է բերում. «Հարկայինը, միևնույն է, իր ստուգումներն անցկացնելու է` երբ ուզի, խոսքը միայն մանր-մունր տեսչական ստուգումների մասին է, որոնց այս փուլում կաշառք չենք տալու»:
Խաչատրյանի դիտարկմամբ` «ջանքերը ճիշտ ուղղությամբ են գործադրվում, այն է` ստվերից դուրս հանել բոլոր տնտեսվարող սուբյեկտներին ու մտցնել հարկային դաշտ»:
Սակայն Թևանյանը կարծում է, որ հարկային նոր քաղաքականությունը լուրջ հարված է հասցնելու տնտեսությանը և իրականում ուղղված է մեծածախի դիրքերի խարխլմանը` հետապնդելով սեփականության վերաբաշխման նպատակ: «Հարկային բարեփոխումներն իրականացվում են բոլշևիկյան ժամանակներից ժառանգված կեղտոտ մեթոդներով, իսկ ուրիշ ճանապարհ ընտրելու համար նրանք ո’չ ցանկություն ունեն, ո’չ մարդկային ներուժ, ո’չ էլ ուրիշ տեխնոլոգիա»:
Ըստ Թևանյանի` այլընտրանքային մեթոդ է հարկային բեռի համատարած թեթևացումը, այսինքն, դրույքաչափերի իջեցումը` ԱԱՀ-ի գծով, շահութահարկի գծով, եկամտահարկի գծով, նվազագույն աշխատավարձի հարկման շեմի բարձրացումը, ՀԴՄ-ներից ժամանակավորապես հրաժարումը, մինչև խոշոր բիզնեսը հաշիվ-ֆակտուրաների հարցը կլուծի: «Խոշոր հարկման դրույքաչափերն էլ պետք է իջեցվեն: Եթե խոշորն այժմ ամբողջությամբ հայտնվի հարկման դաշտում, նրան էլ ձեռք չի տա այս պայմաններով աշխատելը»,- ասում է Թևանյանը:

Դիտվել է 1999 անգամ:
Print Friendly

Leave a Reply