Թուրքիայի ԱԱԽ-ի նիստում անդրադարձ է եղել նաև հայ-թուրքական ստորագրված արձանագրություններին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 21, 2009 15:06
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Ադրբեջանի հետ բարեկամության խմբի պատգամավորները շուտով կայցելեն Բաքու` Հայաստան-Թուրքիա ստորագրված արձանագրությունների վերաբերյալ «պարզաբանումներ» տրամադրելու համար:
Թուրքիայի ընդդիմադիր ուժերն արդեն հայտնել են իրենց կարծիքը Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունների վերաբերյալ, որոնք այսօր կներկայացվեն խորհրդարանի քննարկմանը: Հանրապետա-ժողովրդական և Ազգայնական շարժում կուսակցությունները պատրաստվում են դեմ քվեարկել արձանագրությունների վավերացմանը` պատճառաբանելով, որ դրանք անտեսում են «եղբայրական Ադրբեջանի» շահերը:
Այդ մտահոգությունները նրանք հայտնել էին նաև երեկ կայացած Ազգային Աանվտանգության խորհրդի նիստում, որին հրավիրված էին նաև մի շարք կուսակցությունների ղեկավարներ: 8 ժամ տևած նիստի ընթացքում Քրդստանի բանվորական կուսակցության դեմ պայքարի ու Եվրամիությանն այդ երկրի անդամակցության հարցից բացի, անդրադարձ է եղել նաև Հայաստանի հետ ստորագրված արձանագրություններին, Կովկասում խաղաղության, կայունության ու համագործակցության ստեղծման համար Թուրքիայի ակտիվ աշխատանքների շարունակմանը: Հանրապետա-ժողովրդական կուսակցության առաջնորդը նշել է, որ իշխանությունն իրավունք չուներ հանուն Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման Ադրբեջանին դնել նեղ կացության մեջ:
«Բուրսայում արգելեցիք եղբայրական Ադրբեջանի դրոշների մուտքը, իսկ Հյուսիսային Իրաքից եկող ահաբեկիչներին չեք կարողանում սաստել, սա է՞ ձեր ուժը»- հարցրել է Դենիզ Բայքալը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Նա կոչ է արել չբացել Հայաստանի հետ սահմանը: Նույնաբովանդակ ելույթ է ունեցել նաեւ Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին:






Facebook
Tweet This
Email This Post
