Հայկական զսպաշապիկ Թուրքիային` ԱՄՆ-ից

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 5, 2012 13:24

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի համոզմամբ` Հիլարի Քլինթոնի այցը տարածաշջան պետք է բաժանել երկու առանձին մասերի` ԱՄՆ-ի քաղաքական եւ աշխարհաքաղաքական շահեր, եւ երկրորդը` արդեն մեր տարածաշրջանին վերաբերող լոկալ խնդիրների անդրադարձը եւ աջակցության որոշակի մակարդակ տարածաշրջանի պետություններին: Նա այսօր ԱՄՆ պետքարտուղարի տարածաշրջանային այցի մասին իր տեսակետները հայտնեց լրագրողներին:

«Իմ կարծիքով` Հիլարի Քլինթոնի համար կոնկրետ նշանակություն ունեին ոչ թե մեր տարածաշրջանային խնդիրները, այլ այնուամենայնիվ, նրանց աշխարհաքաղաքական շահերը: Դրանք վերբերում են Իրանի շուրջ ստեղծված զարգացումներին, ըստ երեւույթին ԱՄՆ-ում սպասվող  նախագահական ընտրություններից առաջ պաշտոնական Վաշինգտոնը փորձում է կողմնորոշվել եւ հասկանալ, թե ինչ ակնկալիքներ եւ ինչ անակնկալներ կարելի է սպասել մեր տարածաշրջանից»,- նշեց քաղաքագետը:

Նա նշեց, որ որպես երկրորդ կարեւոր հանգամանք`  ԱՄՆ-ն շարունակում է հիմնական շեշտադրումները դնել հայ-թուրքական կարգավորման գործընթացի վրա: Ընդ որում ակնկալելով, որ այս գործընթացում Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում սահմանների բացմանը զուգահեռ, չի ակտիվանա, եւ նա կշարունակի տարածաշրջանում Միացյալ Նահանգների համար լինել հարմար դաշնակից: Եվ այս կոնտեքստում ԱՄՆ-ին անհրաժեշտ են Թուրքիայի տարածաշրջանային ակտիվության համար որոշակի զսպման մեխանիզմներ: Այսինքն`ինչպես նշեց բանախոսը,  լինի հարաբերությունների կարգավորում, սակայն չլինեն Թուրքիայի նախապայմանները, լինի հայ-թուրքական սահմանի բացում, սակայն դա չփոխի հավասարակաշռությունը տարածաշրջանում, մասնավորապես` արցախյան հարում ձեւավորված ստատուս քվոն:

«Իհարկե, արցախյան հակամարտությունը բավականին լուրջ մարտահրավեր է ԱՄՆ-ի համար. պաշտոնական Վաշինգտոնը ցանկանում է տեսնել անվտանգ եւ հնարավորինս կանխատեսելի տարածաշրջան: Դա բխում է թե’ նրանց էներգետիկ շահերից, թե’ այն բոլոր զարգացումներից, որոնք տեղի են ունենում Հարավային Կովկասին հարող տարածաշրջաններում»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Դիտվել է 1343 անգամ:
Print Friendly

Leave a Reply