Հայկական հարցը ԱՄՆ-ի համար Թուրքիային զսպող մեխանիզմ է. Հրանտ Մելիք-Շահնազարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 5, 2012 12:30


“ԱՄՆ պետքարտուղարի այցը տարածաշրջան երկու կարևոր նպատակ ուներ, առաջինը` ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերն են, հետաքրքրությունները մեր տարածաշրջանում, և երկրորդը արդեն տարածաշրջանային լոկալ խնդիրների անդրադարձը,- կարծում է քաղաքագետ Հրանտ Մելիք-շահնազարյանը:
Ըստ նրա` այնուամենայնիվ, Հիլարի Քլինթոնի համար առաջնային նշանակություն ունեին ոչ թե կոնկրետ ներտարածաշրջանային խնդիրները, այլ նրանց աշխարհաքաղաքական շահերը, և պաշտոնական Վաշինգտոնը փորձում է կողմնորոշվել և հասկանալ, թե ինչ ակնկալիքներ կարելի է սպասել այս տարածաշրջանից:
Մյուս կարևոր խնդիրը այս այցի շրջանակներում քաղաքագետը համարում է Թուրքիայի վարած քաղաքականությունն է: Միացյալ նահանգները շարունակում է շեշտը դնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդ որում` ակնկալելով, որ այդ գործընթացում Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում սահմանների բացմանը զուգահեռ չի ակտիվանա, և նա կշարունակի տարածաշրջանում լինել ԱՄՆ-ի համար հարմար դաշնակից: Սակայն, վերջին շրջանում Թուրքիան բավականին ակտիվացրել է իր քաղաքականությունը հարակից բոլոր տարածաշրջաններում, և հաճախ Անկարայի և Վաշինգտոնի հետաքրքրությունները չեն համընկնում:
«Այս կոնտեքստում Միացյալ Նահանգներին անհրաժեշտ են որոշակի լուծման մեխանիզմներ Թուրքայի ակտիվությունը տարածաշրջանում զսպելու համար, և, որպես այդպիսի զսպող մեխանիզմ, դիտարկվում է Հայկական հարցը”- կարծում է քաղաքագետը:
Իհարկե, արցախյան հակամարտությունը բավական լուրջ մարտահրավեր է Միացյալ Նահանգների համար: Պաշտոնական Վաշինգտոնը ցանկանում է տեսնել անվտանգ և հնարավորինս կանխատեսելի տարածաշրջան: Դա բխում է թե’ նրանց էներգետիկ շահերից, և թե’ այն բոլոր զարգացումներից, որ տեղի են ունենում Հարավային Կովկասին հարող տարածաշրջանում և, մասնավորապես, Մերձավոր Արևելքում ու Առաջավոր Ասիայում”,- հավելեց բանախոսը:
Նա նաև կարծում է, որ թեպետ կա մրցակցություն Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի միջև, բայց ադ մրցակցությունը վաղուց արդեն մեր տարածաշրջանում չի իրականացվում, քանզի սահմաններն առաջ են գնացել, և այսօր ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև հակասություն կամ շահերի տարբերություն այս տարածաշրջանում քաղաքագետը չի տեսնում:
Մելիք Շահնազարյանը նաև համամիտ չէ տարածված այն լուրերի հետ, թե Քլինթոնի կարճատև այցի ժամանակ լուրջ հարցեր չեն քննարկվել, և որ պատճառը նաև ժամանակի սղությունն է եղել: Ըստ բանախոսի` ժամանակը բավարար է եղել, և Քլինթոնի ու հայկական իշխանությունների միջև եղել են կարևոր քննարկումներ` կապված ղարաբաղյան խնդրի և հայ-թուրքական գործընթացների հետ:

Դիտվել է 831 անգամ:
Print Friendly

Leave a Reply