Մեկնարկել է Հայոց լեզվի և գրականության միասնական քննությունը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 5, 2012 10:17

Այսօր ՀՀ և ԼՂՀ 48 քննակենտրոններում 11795  դիմորդ-շրջանավարտների համար մեկնարկեց Հայոց լեզվի և գրականության քննությունը:

ԵՊՀ քննակենտրոնում 357 դիմորդներից քննությանը չի ներկայացել 16-ը:  Քննակենտրոնի ղեկավար Ռուզաննա Կոստանյանը դիմորդների համար կարդաց քննական կարգը, ինչից հետո բացվեցին թեստերը և քննությունը մեկնարկեց:

18-ամյա Հայկուհի Բեգլարյանը Տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի դիմորդ է: Հայոց լեզվի և գրականության միասնական քննության համար մեկ տարի պարապել է կրկնուսույցի մոտ: «Այս տարի որ շտեմարանները կան, հույս ունեմ, որ հեշտ ու կանխատեսելի կլինի քննությունը: Շտեմարանով անակնկալ հարցեր չեն լինում»,- ասում է Հայկուհին` հավելելով, որ բարդության առումով, սակայն, շտեմարանային առաջադրանքները նախորդ տարիներից չեն տարբերվում:

17-ամյա Նազելի Քոսյանն էլ Տնտեսագիտական համալսարանի դիմորդ է, ապագա հաշվապահ: Ասում է, որ շտեմարանի առաջադրանքները  մի քանի անգամ լուծել են և հույս ունի բարձր գնահատական ստանալ:

18-ամյա Գայանե Մելիքյանն  էլ ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետ է դիմել: Սովորել է ավագ դպրոցի հումանիտար հոսքում, դպրոցում շտեմարանն էլ են ուսումնասիրել, բայց կարծում է, որ դպրոցի գիտելիքները բավարար չեն բուհ ընդունվելու համար, ուստի մեկ տարի պարապել է կրկնուսույցի մոտ: «Լավ է, որ շտեմարաններով է: Գոնե գիտես, թե ինչ վարժություններ կլինեն, անակնկալներ չեն լինի»:

ԿԳ փոխնախարար մանուկ Մկրտչյանն ասում է, որ Հայոց լեզվու և գրականության և Մաթեմատիկայի քննություններն այս տարի շատ կարևոր են վերլուծության առումով: Այս երկու առարկաների քննություններն  առաջին անգամ շտեմարանների հիման վրա են անցկացվում: Մկրտչյանն ասում է, որ տվյալների վերլուծությունը ցույց կտա. Արժի արդյոք մյուս առարկաների դեպքում էլ շտեմարաններ հրատարակել: «Իրականացնում ենք վարչապետի և նաարարի քաղաքականությունը, որ ընդունվելը պետք է հեշտ լինի, սովորելը և ավարտելը` դժվար: Եվ թեստերի կազմելը շտեմարանի հիման վրա առաջին քայլն է»:

Քննությունների մեկնարկից երեք ժամ անց պարզ կդառնա, թե  արդյոք այս տարի նախորդ տարիների պես Հայոց լեզվի և գրականության քննությունը բուռն վեճերի,  քննարկումների և դժգոհությունների պատճառ կդառնա:

Դիտվել է 3553 անգամ:
Print Friendly

Leave a Reply