Բեռլինի համալսարանի դասախոս.«Եթե Արձանագրություններում ոչ մի կետ չպետք է փոխվեր, ուրեմն այդ ուղևորությունն անիմաստ էր»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 21, 2009 16:00

Բեռլինի համալսարանի դասախոս Ժիրայր Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրմանը դեմ է Գերմանիայի ողջ հայ համայնքը:

Ըստ հայազգի դասախոսի՝ գերմանացիներն անգամ հեգնանքով են մոտենում  այս ամենին՝ կարծելով, որ հայերն այդքան էլ հետաքրքրված չեն Ցեղասպանության հարցով:

«Գերմանացիներին զարմացնում է այն փաստը, որ հայերը համաձայնել են թուրք պատմաբանների հետ քննարկել այդ հարցը,-ասաց Քոչարյանը,-մինչդեռ 80 տարուց ավելի է, ինչ Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրվում է աշխարհի տարբեր երկրների պատմաբանների կողմից և հաստատվում»:

ՀՀ նախագահի համահայկական ուղևորությունը նա համարեց սփյուռքահայերին համոզելու անհաջող փորձ.

«Եթե Արձանագրություններում ոչ մի կետ չպետք է փոխվեր, ուրեմն այդ ուղևորությունն անիմաստ էր»,-նշեց նա:

Քոչարյանը հաստատեց Բեռլինի համալսարանի հայագիտության ամբիոնի փակման փաստը.

«Եթե հայկական կողմը համաձայնի տարեկան 48 000 եվրոյի հասնող բյուջեի կեսը վերցնել իր վրա, ապա նրանք կհամաձայնեն պահել մեր սենյակները,-ասաց նա,-հակառակ դեպքում, մենք կկորցնեն ամբիոնի հարուստ արխիվը, գրքերը կցրվեն, իսկ հայկական բուհերի հետ կապը կընդհանտվի»:

Հայազգի դասախոսին անհանգստացնում է այն, որ հայագիտության ամբիոնի լուծարումից կօգտվեն ադրբեջանցիները` իրենց տեղը «խցկվելու» համար:

«Ի տարբերություն հայերի, Գերմանիաի թուրք և ադրբեջանական համայնքները շատ լավ կազմակերպված են,-ասաց նա,- հակահայկական քարոզչություն են իրականացնում, հակահայկական գրքեր են հրատարակում ու տարածում, իսկ հայկական կողմը լուրջ հակազդեցություն չի կարողանում տալ»:

Ըստ Քոչարյանի՝ Գերմանիայում ապրում է շուրջ 40 000 հայ, 120 000 ադրբեջանցի, 3 միլիոն թուրք, որոնցից 300 000-ը` Բեռլինում:

Դիտվել է 1427 անգամ:
Print Friendly

Leave a Reply