Տվյալներ սահմանին վիրավորված 6 զինծառայողների առողջական վիճակի մասին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 4, 2012 22:11

Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը նոր մանրամասներ է ներկայացրել այսօր, հունիսի 4-ին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմի ձեռնարկած դիվերսիոն գործողության հետեւանքով տարբեր աստիճանի հրազենային եւ բեկորային վնասվածքներ ստացած 6 հայ զինծառայողների առողջական վիճակի վերաբերյալ:

ՊՆ մամուլի ծառայության տվյալներով, ավագ լեյտենանտ Մուշեղ Հարությունի Նուրբեկյանը ազդրերի եւ նստաշրջանի հրազենային վիրավորումներով տեղափոխվել է Վանաձորի կայազորային հոսպիտալ: Առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Սերժանտ Իգիթ Կարենի Հովհաննիսյանը կրծքավանդակի շրջանում հրազենային միջանցիկ վիրավորումով տեղափոխվել է Տավուշի կայազորային հոսպիտալ, այնուհետեւ` ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալ: Առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Շարքային Սեդրակ Սամվելի Շահբազյանը ձախ արմնկահոդի եւ ձախ ազդրի շրջանում հրազենային վիրավորումներով տեղափոխվել է Տավուշի կայազորային հոսպիտալ, այնուհետեւ` ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալ: Առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Շարքային Մաքսիմ Մարտինի Մելքոնյանը ձախ ազդրի շրջանում հրազենային միջանցիկ վիրավորումով տեղափոխվել է Տավուշի կայազորային հոսպիտալ: Առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Շարքային Արթուր Արտակի Մնացականյանը ծնկի, սրունքի եւ բազկի շրջանում հրազենային միջանցիկ վիրավորումներով տեղափոխվել է Տավուշի կայազորային հոսպիտալ, այնուհետեւ` ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալ: Առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Շարքային Կորյուն Ռոբերտի Իրիցյանը ստորին վերջույթների բազմաթիվ բեկորային վնասվածքներով տեղափոխվել է Տավուշի կայազորային հոսպիտալ: Առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` հունիսի 4-ի գիշերը, Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի եւ Բերդավան գյուղերի ուղղությամբ, Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունների հետեւանքով զոհվել է 3 եւ վիրավորվել` 6 զինծառայող (նրանցից մեկն սպա է):

Զոհված զինվորներն են Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը եւ Կարեն Կամոյի Դավթյանը:

Ավելի վաղ Հայաստանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել միջադեպի կապակցությամբ, որտեղ նշվում է, որ հունիսի 4-ին, ըստ նախնական տվյալների, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր: Ձեռնարկված միջոցառումների եւ հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է եւ տալով կորուստներ` հակառակորդը հետ է մղվել:

Նշենք նաեւ, որ վիրավորներից երեքին տեղափոխել են Երեւան:

Դիտվել է 1067 անգամ:
Print Friendly

Leave a Reply