Նկարենք երեխաների հետ. մանուկների օր` ՆԱՄ-ում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 4, 2012 20:24

“Ես նկարել եմ մայրամուտ ու մուլտիպլիկացիոն բնություն: Սիրով մասնակցեցի, եթե   էլի հնարավոր լինի, էլի սիրով կմասնակցեմ”,-հունիսի 3-ին  Նարեկացի արվեստի միությունում իրականացված “Նկարչություն  երեխաների հետ” միջոցառման ժամանակ ասաց մասնակից 12-ամյա Անին:

“Նկարչություն  երեխաների հետ” միջոցառմանը մասնակցեցին թիվ 12 հատուկ դպրոցի սաները, “Դրական մարդկանց հայկական ցանց”  Սոցիալական հասարակական կազմակերպությունը:

Նախաձեռնության նպատակը երեխաների հետ նկարելն էր: “Նկարիչների   նպատակը զուտ սովորեցնելը չէ,  այլ նրանց կողքին լինելը ու նաեւ նրանցից ինչ-որ բան սովորելը”,-ասաց գեղանկարիչ  Սեւան Նագգաշյանը: Նրա խոսքերով ինքը զգացված է, որ նկարիչներին տրվել է հնարավորություն` աշխատելու  երեխաների հետ. “Չէ որ յուրաքանչյուրիս մեջ ապրում է մանուկը, եւ հենց նա է իմի բերել մեզ այսօր”,-ասաց Սեւանը:

Միջոցառումը բացառիկ էր գույների առատությամբ, անսպառ երեւակայությամբ,  ուրախ տրամադրությամբ ու անմիջականությամբ:

11-ամյա Տաթեւիկը հասցրեց 4 նկար ավարտել, որոնցից մեկը` պաստելով. “Առաջին անգամ եմ պաստելով նկարում. մամայիս կասեմ, որ պաստել առնի, որ նկարեմ: Առաջին անգամ եմ տեսնում, թե ինչպես են դրանով նկարում… Գիտեք, մատներով էլ պետք է նկարես, ներկոտվում ես, շատ լավ ա… Թող էլի լինի, որ էլի մասնակցեմ, էլի նոր ընկերներ ձեռք բերեմ”,-պատմում է Տաթեւիկը, ու մինչ պատմում է, նրա սեւ, խոշոր աչքերում ոգեւորության արեւներ են վառվում:

Երբեմն մի քիչ վախվորած, երբեմն արտակարգ համարձակ գույներով վրձնահարվածներն աստիճանաբար կլանեցին ներկաներին` տանելով մանկան   պայծառ ներաշխարհ` միայն իրենց հատուկ պարզությամբ:

Միջոցառումն իր բովանդակությամբ  նաեւ արվեստագետներին ոգեւորեց:

“Երեխաների հետ աշխատելն ուղղակի հրաշք է, այսքան գույներ,այսքան տաղանդավոր երեխաներ… Անմիջականությունը, նրանց լույսը… Շատ հետաքրքիր էր ամեն ինչ”,-նշեց գեղանկարիչ Տիգրան Ասատրյանը: Երեխաների հետ նկարեցին նաև գեղանկարիչներ Հովնան Սարգսյանը և Լևոն Ասլանյանը:

Միջոցառման կայացմանն աջակցել է նաև Գայանե Սադոյանը: Նրա խոսքերով վաղուց կար նման նպատակ և երբ իմացել է Նարեկացիի այս նախաձեռնության մասին, ցանկություն է հայտնել սիրով օգնել. “Հավաքել բոլորին մի տեղ. հատուկ կարիքով երեխաները մնացած մյուս երեխաների, արվեստագետների ու մեծահասակների հետ: Սրանով նախ հատուկ կարիքով երեխաների ինտեգրմանը նպաստեցինք, մեծահասակները մանկացան…. Հույս ունեմ` սա նաեւ ավանդույթ կդառնա, եւ ամեն ամիս երեխաների հետ նման օր կունենանք”:

Նկարելուց հետո Նարեկացի  արվեստի միության ցուցասրահում ցուցադրվեցին  երեխաների աշխատանքները` լույսով ու մանկան պարզությամբ ողողելով Նարեկացի արվեստի միությունը:

Միջոցառման ավարտին Նարեկացի արվեստի միության հիմնադիր Նարեգ Հարթունյանն ասաց, որ նախաձեռնությունը շարունակական է լինելու. այսուհետ ամեն ամսվա 3-ին կհայտարարվի մանուկների օր, ու կանցկացվի նման մի միջոցառում: Բացի դա նա նաեւ հայտնեց, որ ՆԱՄ-ում այսուհետ գործելու է նաեւ գեղանկարչության մանկական խմբակ:

Մարիամ Մուղդուսյան

Նարեկացի արվեստի միություն

.

Դիտվել է 1838 անգամ:
Print Friendly

Leave a Reply